Վազգեն Մանուկյանը ցույց էր տվել, որ ճգնաժամային կառավարման շրջանում բավականին հաջող է գործում․ Արմեն Բադալյան

Վազգեն Մանուկյանը ցույց էր տվել, որ ճգնաժամային կառավարման շրջանում բավականին հաջող է գործում․ Արմեն Բադալյան

Դեկտեմբերի 3-ին ընդդիմադիր ուժերը հայտարարեցին ժամանակավոր կառավարության ղեկավարի թեկնածուի անունը․ նա ՀՀ նախկին վարչապետ, ՊՆ նախկին նախարար Վազգեն Մանուկյանն է։ Նույն օրը «Լուսավոր Հայաստանը» հայտարարեց, որ կուսակցության ժամանակավոր վարչապետի թեկնածուն Էդմոն Մարուքյանն է։

Շաբաթը օրը՝ դեկտեմբերի 5-ին, տեղի ունեցավ ընդդիմադիր ուժերի նախաձեռնած հերթական հանրավաքը, որին հաջորդեց երթ դեպի կառավարական ամառանոց։ Հանրահավաքի ժամանակ ելույթով հանդես եկավ նաև Վազգեն Մանուկյանը։ Հանրահավաքի մասնակիցները կրկին պահանջեցին ներկայիս կառավարության ղեկավարի հրաժարականը։ 

Թեմայի շուրջ «Հրապարակը» զրուցել է քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ, որը ներկա է եղել շաբաթ օրվա հանրահավաքին։ 

-Պարո՛ն Բադալյան, ի՞նչ արդյունքի են հասել ընդդիմադիր ուժերը, ի՞նչ հաջողություն են գրանցել վերջին հանրահավաքում, եթե համեմատում եք դրան նախորդած հանրահավաքի հետ։

-Այս հանրահավաքը բնականաբար ավելի մարդաշատ էր, քան նախորդը, սա մեկ։ Բայց կան կազմակերպչական թերություններ։ Մասնավորապես թերություններից մեկը, ընդհանրապես Հայաստանում կազմակերպված հանրահավաքների թերությունն այն է, որ ելույթ ունեցողները բավականին երկար են խոսում։ Դա ուղղակի ոչ միայն չի լսվում, այլև սկսում է վանել հանրահավաքի մասնակիցներին։ Երկար չի կարելի ելույթ ունենալ, ընդհանրապես չի կարելի։ Երկու հոգի՝ ԲՀԿ պատգամավորը (Իվետա Տոնոյան - ՀՐԱՊԱՐԱԿ) և «Հայրենիք» կուսակցության առաջնորդը (Արթուր Վանեցյան – ՀՐԱՊԱՐԱԿ), բավականին երկար խոսեցին։ Այստեղ հանրահավաքի զուտ կազմակերպչական մասն եմ ասում։ Հանրահավաքի կազմակերպչական մասից լավ էր վարողի՝ ՀՅԴ գործիչ Գեղամ Մանուկյանի ոգևորված ելույթը, և ընդդիմության վարչապետի միասնական թեկնածուի շատ հակիրճ ելույթը։ Դրանք հանրահավաքի դրական կողմերն էին։ Սա հանրահավաքի կազմակերպչական մասը, զուտ տեխնոլոգիական մասն եմ ներկայացնում։ Հանրահավաքն ավելի մեծաթիվ էր, իհարկե, բայց չեմ կարող ասել՝ «ահա՛, սա հաջողություն էր», ոչ, որովհետև ընդդիմության միակ հաջողությունը կլինի այն, որ կարողանան վարչապետին փոխել։ Սա կարող է լինել իրենց հաջողության միակ ցուցանիշը՝ կարո՞ղ են, թե՞ չեն կարող։ Իսկ մնացած գործողությունները, դու կարող ես գերազանց անել ամեն ինչը, ամեն ինչ տեխնոլոգիապես ճիշտ իրականացնել, բայց արդյունք չունենալ։ Եվ ընդհակառակը, կարող ես շատ վատ հանրահավաք անել, տեխնոլոգիապես բազմաթիվ սխալներ թույլ տալ, բայց հասնես դրական արդյունքի, այսինքն՝ իշխանափոխության, այսինքն՝ միայն այդ հանրահավաքով չի կարելի դատել քաղաքական գործընթացի հաջողություն-անհաջողությունները։   

-Ինչպես հասկացա, նկատի ունեք՝ ժողովրդի տրամադրություննե՞րն էլ են պետք։

-Ոչ միայն ժողովրդի տրամադրությունը։ Ժողովրդի տրամադրությունն էլ է պետք, իհարկե։ Ի վերջո, հանրահավաքն ինչ-որ նպատակի է ծառայում, այսինքն՝ այն էներգետիկա է հաղորդում հասարակության այն հատվածին, որը քո կողմնակիցն է, էներգետիկա է փոխանցում ու դրդում ոորշակի գործողություններ իրականացնել։ Գործողությունները հաջողված կարող ենք համարել միայն այն դեպքում, եթե իրենց հաջողվի իրականացնել վարչապետի փոփոխություն։ Մնացած միջոցառումներն առանձին վերցնել-գնահատելը ճիշտ չէ։

-Վարչապետի թեկնածու Վագեն Մանուկյանի մասով ի՞նչ կասեք, ինչպե՞ս է Մանուկյանն ընկալվում որպես գործիչ, ո՞ւմ էիք տեսնում նրան այլընտրանք։

-Նախ ենթադրում եմ, թե ինչու առաջադրվեց տվյալ թեկնածուն։ Որովհետև տվյալ գործիչը նախկինում՝ 1990-ական թվականների սկզբներին և կեսերին, ցույց էր տվել, որ ճգնաժամային կառավարման շրջանում բավականին հաջող է գործում։ Մասնավորապես, լինելով նախարարների խորհրդի նախագահ, և ոչ թե վարչապետ 1990 թվականի մայիսից մինչև 1991 թվականի սեպտեմբերը, ղեկավարելով գործադիր իշխանությունը՝ կարողացավ Հայաստանում թույլ չտալ սովի առաջացում, կարողացավ անցումային շրջանում մինուսային արդյունք չտալ։ Ծանր վիճակ էր, Խորհրդային Միությունը փլուզվում էր, սկսվում էր տնտեսական շրջափակումը, ձեռնարկությունների կապերը, տնտեսական կապերը Խորհրդային Միության այլ հանրապետությունների հետ խզվում էին, ահավոր մեծ գործազրկություն էր առաջանում, արտագաղթ էր առաջանում, Արցախյան շարժումը սկսում էր արդեն զինված բնույթ ստանալ, Խորհրդային Միությունն ահավոր ճնշում էր գործադրում Խորհրդային Հայաստանի վրա, նաև աղետի գոտին կար։ Մի խոսքով, բավականին ծանր իրավիճակում նա գոնե կարողացավ սով թույլ չտալ և վիճակը նորմալ հասցնել մինչև սեպտեմբեր ամիս, երբ որ նա ազատվեց աշխատանքից, և այլ գործընթացներ տեղի ունեցան։      

-Ի՞նչ նմանություն եք տեսնում ներկա իրավիճակի և 1990-ականների միջև։ Ձեր գնահատմամբ՝ ինչպե՞ս Վազգեն Մանուկյանին հաջողվեց։ 

-Նախ, համեմատել չենք կարող, քանի որ հիմա ավելի վատ վիճակ է, քան 1990-91 թվականներին էր։ Ես այն ժամանակ էլ էի վերլուծությամբ զբաղվում, տեսնում էի իրավիճակը։ Համեմատել չենք  կարող, հիմա շատ ավելի վատ վիճակում է, քան այն ժամանակ։ Այն ժամանակը փառք էր հիմիկվա հետ համեմատած՝ իր բոլոր բարդություններով հանդերձ, որովհետև այն ժամանակ Հայաստանը կապիտուլյացիայի չէր ենթարկվել, իսկ հիմա Հայաստանը կապիտուլյացիայի է ենթարկվում։ Այն ժամանակ Հայաստանը նոր-նոր զինված ուժերի հիմքն էր դնում, և հարևան Ադրբեջանը զինված ուժեր չուներ, իսկ հիմա Ադրբեջանն ունի լավ զինված ուժեր, իսկ Հայաստանի զինված ուժերը ջախջախված են ամբողջությամբ։ Շրջափակումը հիմա տոտալ է, Հայաստանում ներդրումներ չկան, տնտեսական ահավոր վատ վիճակում է։ Այն ժամանակ էլ, ճիշտ է, կապերը խզում էին, բայց գոնե աշխատանք, մարդկային մեծ պոտենցիալ կար։ Հասարակությունը, որպես այդպիսին, բավականին մրցունակ էր և մեծ պոտենցիալ ուներ։ Իսկ հիմա հասարակությունը բավականին թուլացած է, և պոտենցիալը ձգտում է, համարյա թե, արդեն զրոյի։ Հիմա շատ ավելի վատ է, քան 1990-91 թվականները, սա մեկ։ Երկրորդն էլ, չմոռանանք նշել, թե Վազգեն Մանուկյանն ինչո՞ւ ընտրվեց․ որովհետև 1992 թվականի ղարաբաղյան հաջողություններից հետո սկսվեց անհաջողությունների փուլ, երբ որ ադրբեջանական զորքերն Արցախի մեծ մասը գրավեցին, այն ժամանակ Վազգեն Մանուկյանը դարձավ պաշտպանության նախարար և կարողացավ այդ մեկ տարվա ընթացքում կառուցել և Հայաստանի բանակի ձևավորման հիմքը դնել որպես ինստիտուցիոնալ կառույցի։ Որովհետև մինչ այդ, բանակը երկրապահական կառույց էր հիշեցնում, իսկ նա կանոնավոր բանակի ձևավորման հիմքը դրեց։ Ինքն էր, կարելի է ասել, որ բանակը ստեղծեց, չնայած շատերը դա վերագրում են Վազգեն Սարգսյանին, բայց իրականում Վազգեն Մանուկյանն է բանակը զրոյից կառուցել, որը պատերազմի շրջանում շատ դժվար էր։ Ահա այս երկու հիմնական ժամանակահատվածները ցույց տվեցին, որ իրավիճակը «մինուսով» ստանալով՝ Մանուկյանը կարողացել է իրավիճակը «պլյուսով» հանձնել։ Գումարած դրան, Վազգեն Մանուկյանի գլխավորած ԱԺՄ կուսակցությունը 1998 թվականից հետո փաստացի գոյություն չունի, և եթե նա ընտրվի վարչապետ, ուզի թե չուզի, հենվելու է իրենց աջակցող 17 կուսակցության կադրային բազայի վրա, ինչպես նաև՝ այդ բազայից դուրս գտնվող պրոֆեսիոնալ կադրերի վրա։ Այսինքն՝ նա չի հանդիսանում որևէ կուսակցության կամ ազդեցիկ կուսակցության ղեկավար, որպեսզի դառնալով վարչապետ՝ հետագայում ինքն իր կուսակցությունով կարողանա, ուրեմն, վարչական ռեսուրսն օգատգործելով՝ ապագա խորհրդարանում իր կուսակցության համար մեծամասնություն ձևավորել։ Նա այս պահի դրությամբ այն թեկնածուն է, որ ուրիշի չէին կարող գտնել։ Ինչ վերաբերում է «այլ թեկնածու կա՞ր, թե՞ չէ», կարող ենք ասել, որ այլ թեկնածու ուղղակի չկար։ Իհարկե, այնտեղ կարող եք մեկ-երկու թեկնածու գտնել, բայց ընտրված թեկնածուին զիջում էին որոշակի գծերով։ Կան այլ թեկնածուներ, բայց զիջում էին։ Հիմա նրանց անունները չենք տա, բայց նրանք զիջում էին։ Այսինքն՝ համարժեք թեկնածու, պատկերացրեք, չկա։ Եվ սա ցույց է տալիս հասարակության թույլ լինելը։ Որովհետև, եթե դու անկախությունից 30 տարի հետո ստեղծում ես ճգնաժամային իրավիճակ, երբ ստիպված գնում ես 30 տարի առաջվա քաղաքական գործչին ես բերում, թեկուզ ժամանակավոր վարչապետ, դա ցույց է տալիս, որ դու քաղաքական համակարգ, որպես այդպիսին, չես ձևավորել, որը չի կարողացել ծնել այսօրվա իշխանություններին այլընտրանք նոր քաղաքական գործիչ։ Սա ցույց է տալիս, որ հասարակությունն այդպես էլ քաղաքական համակարգ չկարողացավ ձևավորել անկախ պետության պայմաններում։ Եվ ստիպված է վերցնել այն թեկնածուին, որը ձևավորվել է Խորհրդային Հայաստանում, ի վերջո։                     

-Նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն Էդմոն Մարուքյանի թեկնածությունն էր առաջարկում։ Այս մասով ի՞նչ կասեք։ 

-Այստեղ մի քանի տեսակետներ կան։ Շատ հավանական է, որ դա քաղաքական առևտրի ինչ-որ կուլիսային առաջարկություն է։

-Նկատի ունեք՝ «Իմ քայլի՞» հետ առևտուր։

-Ենթադրում եմ, ով որ առևտրի պահանջ կառաջարկի։ Ավելի շուտ, առևտուրը հավանական է ընդդիմադիր խմբերի հետ։ Մասնավորապես, առաջարկել վարչապետի թեկնածու, այնուհետև հետ կանգնել այդ առաջարկությունից, եթե մեկ այլ պաշտոն առաջարկվի։ Որովհետև չմոռանանք, եթե 17 ուժին հաջողվի փոխել վարչապետին, դա նշանակում է, որ, ամենայն հավականությամբ, պետք է փոխվի նաև Ազգային ժողովի ղեկավարությունը, որովհետև եթե վարչապետ է փոխվում Ազգային ժողովի միջոցով, նշանակում է, որ ԱԺ-ում քաղաքական ուժերի հարաբերակցություն է փոխվում։ Իսկ դա նշանակում է, որ պետք է փոխվի ԱԺ ղեկավարությունը։ Եվ ահա, բացվում է պաշտոնը, և այդտեղ քաղաքական առևտրի մեծ հնարավորություններ են բացվում։ Սա տարբերակներից մեկն է։ Որովհետև չեմ կարծում, թե լուրջ մտածող է կարող լինել, որ մտածի, թե «Լուսավոր Հայաստանի» ղեկավարը կարող է դառնալ վարչապետ։ Ուղղակի լուրջ չէ այդ կերպ մտածելը կամ այդ կերպ մոտենալը։ Որովհետև, հենա, մեկն արդեն կա էլի, նույնը նույնով փոխարինելը ոչ մի արդյունք չի տալու։ Իսկ եթե հանկարծ սկսվի խանգարելու գործընթացը, նույն ճնշումներին են ենթարկվելու «Լուսավոր Հայաստանի» պատգամավորները, ինչպես «Իմ քայլի» պատգամավորներն են այսօր ենթարկվում բարոյա-քաղաքական ճնշումների։ Եվ հիմա ընդդիմությունը պետք է հանձնի իր քննությունը՝ կարողանո՞ւմ է վարչապետ փոխել, թե՞ չի կարողանում։ Եթե կարողանում է, ուրեմն հասարակությունն ուժեղ է, եթե չի կարողանում, ուրեմն հասարակությունը թույլ է։ Իսկ եթե հասարակությունը թույլ է, հավատացե՛ք, դա տեսնելու են և՛ Ադրբեջանում, և՛ Թուրքիայում, և՛ Իրանում, և՛ Ռուսաստանում, և՛ Վրաստանում։ Ու արդեն ամեն մեկը սկսելու է թուլացած հասարակությունից մասեր պոկել, ինչպես այսօր ադրբեջանցի զինվորներն են գալիս և պահանջում սահմանի՝ իրենց համար ընդունելի գծման գործընթաց։ Իսկ Հայաստանի իշխանությունները, տեսնում ենք, որ լրիվ մի կողմ են քաշված և այդ գործընթացին չեն մասնակցում, ինչը նորմալ չէ, մեղմ ասած։