Ներկայացման տոմսերը վաճառվել են դեռ պրեմիերայից առաջ

Ներկայացման տոմսերը վաճառվել են դեռ պրեմիերայից առաջ

Օրերս Վանաձորի Ստեփան Զորյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ արձակագրի «Խնձորի այգին» ստեղծագործության մոտիվներով ներկայացման առաջնախաղը։ Բեմադրության հեղինակը Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանն է։ Մարտին ապոր դերում զբաղված է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը, իսկ Նունուֆարի դերում՝ թատրոնի առաջատար դերասանուհիներից Արմինե Վերմիշյանը։

Ներկայացման մտահղացումը ծնվել է շատ պատահականորեն, երբ Վահե Շահվերդյանն ու թատրոնի գրական մասի վարիչ Սամվել Խալաթյանը հարմար տեղ փնտրելիս են եղել նախորդ՝ «Մի ֆունտ սիրտ» ներկայացման համար, որի առաջնախաղը կայացավ բոլորովին վերջերս՝ «Արմմոնո» փառատոնի շրջանակում, օգոստոսի 8-ին։ Զորյանի այգին տեսնելով՝ ծնվում է գաղափարը՝ հանդիսատեսին մատուցել գրողի ստեղծագործությունն իր իսկ այգում։ Համապատասխան թույլտվություններ ստանալով համայնքապետարանից եւ թանգարանի տնօրինությունից՝ ստեղծագործական խումբն սկսում է աշխատանքները։ Արդյունքում ստեղծվել է հետաքրքիր լուծումներով ներկայացում, որն արժե դիտել։ Ի դեպ, պրեմիերայի բոլոր տոմսերը վաճառվել են դեռ օգոստոսից։