«Ռոսիա» կինոթատրոնը փչացրին եւ շարունակում են փչացնել

«Ռոսիա» կինոթատրոնը փչացրին եւ շարունակում են փչացնել

«Ռոսիա», իսկ հետագայում՝ «Այրարատ» կինոթատրոնը, որը շահագործման է հանձնվել 1974 թվականին, 2006-ին դարձավ «Ռոսիա» առեւտրամշակութային կենտրոն, իսկ հետո արդեն՝ «Ռոսիա մոլ»։ Տարածքը սեփականաշնորհվեց 2004 թվականին՝ 500 հազար ԱՄՆ դոլարով: Գնորդն էր՝ «Նարեկ» ընկերությունը («Սիլ կոնցեռն»): Թեպետ սեփականաշնորհումից հետո խոստումներ եղան, որ այն համալրելու է մայրաքաղաքի մշակութաառեւտրային կառույցների շարքը, բայց «Ռոսիան» դեռ միայն առեւտրային գործառույթ է իրականացնում եւ ոչ՝ մշակութային։

Կառույցի ճարտարապետներն են Արթուր Թարխանյանը, Սպարտակ Խաչիկյանը, Հրաչ Պողոսյանը: Կինոթատրոնը բազմաֆունկցիոնալ համալիր էր` բաղկացած երեք հիմնական մասերից. չափերով տարբեր, բայց միեւնույն կաղապարով երկու դահլիճներ` 1600, 1000 նստատեղերով, դահլիճների տակ՝ բաց տարածք, որտեղ տեղակայված են ցուցասրահներ, սրճարան, բար, տոմսարկղեր։ Այս տարածքով կարելի էր անցնել նաեւ փողոցով` առանց կինոթատրոն մտնելու։ Հենց այս` դրսի ու ներսի կապն էլ համարվում է հետաքրքիր լուծումներից մեկը։

«Ռոսիա» կինոթատրոնը կամ «Ռոսիա մոլը» նոր ծավալապաշտական տարածքներ է ընդգրկում, արդեն ուրվագծվում է «Տաշիր» առեւտրի կենտրոնի կողմից վեր խոյացող շենքի նոր պատկերը՝ բարձրացող բարձրահարկով։ Մոլի ֆեյսբուքյան էջում տեղադրված են լուսանկարներ եւ տեղեկություն այն մասին, որ «Ռոսիա մոլի» բազմաֆունկցիոնալ A դասի բիզնես-կենտրոնի աշխատանքների առաջին փուլի ավարտով արդեն իսկ վարձակալության է հանձնվում 2.000 քմ գրասենյակային տարածք․ «2023թ. շենքն ամբողջությամբ պատրաստ կլինի, եւ եւս 12.000 քմ հասանելի կլինի վարձակալության համար»։  

5 հարկանի շենքերի կողքին կառուցված հսկա նորակառույցը ոչ միայն ստվերում է ամենամոդեռնիստական կառույցներից մեկը, այլեւ ճարտարապետական առումով դիսոնանս է ստեղծում շրջակա միջավայրի ցածրահարկ շենքերի հետ։

Կառույցի հեղինակ ճարտարապետներից Հրաչ Պողոսյանն այս առումով շատ ասելիք չունի, միայն արձանագրում է իրավիճակը։ ««Ռոսիա» կինոթատրոնը փչացրին եւ շարունակում են փչացնել․․․։ Քաղաքի տեսքի հետ կապված՝ խայտառակ վիճակ է, «Ռոսիա» կինոթատրոնն էլ չկա, ու չեմ էլ հասկանում՝ ինչ պետք է լինի դրա հետ։ Բայց այնտեղ 2 հզոր, մեծ դահլիճներ կային՝  1600, 1000 նստատեղերով, եւ եթե մի օր այնտեղ կինոթատրոնը սկսի գործել, եւ մարդիկ մտնեն-դուրս գան, բազմաթիվ արգելքների են հանդիպելու, եւ խայտառակ վիճակ է ստացվելու։ Բուն կառույցը մնացել է ստվերում եւ կորցրել է իր հմայքն ու նշանակությունը։ Ես հիմա չգիտեմ՝ ինչ կարելի է այնտեղ անել․․․»,- տարակուսում է կառույցի հեղինակ ճարտարապետը։

Մասնագիտական դաշտում ինչո՞ւ չկա դիմադրություն, կոշտ արձագանք, ի վերջո, սրանով թե՛ քաղաքի, թե՛ հուշարձանի դիմագիծն է աղավաղվում։ «Նախ՝ դիմադրություն չկա, եւ հետո՝ խոսացող էլ չկա ընդհանրապես։ Երբ Սուքիասյանների ընտանիքը տիրացավ այդ շենքին, ես փորձեցի օգնել իրենց, նրանց հետ աշխատեցի մոտավորապես մեկ տարի եւ տարբեր առաջարկ-տարբերակներ արեցի՝ փորձելով փրկել կինոթատրոնը։ Ավելացրի առեւտրի տարածքներ, որովհետեւ հիմնական շեղումը, ոնց հասկանում էի այն ժամանակ ու ճիշտ էլ հասկանում էի, այն էր, որ այնտեղ առեւտուր կազմակերպեն, եւ այդ առեւտրի համար ես նրանց տվեցի տարածքներ, ստորգետնյա հսկայական տարածքներ ավելացրինք, ու դա՝ այն հաշվով, որ նրանք վերեւ չբարձրանան, եւ կինոթատրոնը փրկվի։ Բայց հետո տեսա, որ չի օգնում այդ պատմությունը, եւ ես ուղղակի հրաժարվեցի նրանց հետ գործակցել, որովհետեւ տեսա, որ ուժերս ուղղակի չեն բավականացնում, եւ հրաժարվեցի այդ պատմությունից»,- հավելում է Հ․ Պողոսյանը։   

Ճարտարապետ Կարեն Բալյանն ասում է՝ ստեղծված իրավիճակում կարելի է եւ պետք է այլ լուծում գտնել․ «Քանի որ քաղաքապետարանը թույլ է տվել այս բարձրահարկ շինությունը կառուցել, որը, անխոս, համահունչ չէ կինոթատրոնի հետ, բայց, այնուամենայնիվ, քանի որ արդեն թույլատրել է, դրա փոխարեն պետք է պահանջեր ու հիմա էլ կարող է պահանջել՝ վերականգնել կինոթատրոնի արտաքին եւ ներքին կառուցվածքը, քանի որ այդ կառույցը մեր ճարտարապետական նվաճումներից մեկն է եւ հայտնի է աշխարհով մեկ՝ որպես մոդեռնիզմի ժամանակաշրջանի լավագույն ճարտարապետական օրինակներից մեկը, ու դա՝ համաշխարհային կոնտեքստում»։

Կ․ Բալյանը նկատում է՝ կառույցը ժամանակին դուրս բերվեց պահպանման ենթակա շինությունների ցուցակներից, մինչդեռ այն հանրապետական նշանակության հուշարձան էր համարվում եւ դրանով արդեն անձեռնմխելի էր, բայց․ «Դա ժամանակին դուրս է բերվել, ինչպեսեւ շատ ուրիշ կառույցներ, որոնք հետո ենթարկվել են քանդման կամ աղավաղման, եւ դա եղել է միտումնավոր։ Մենք գիտենք նաեւ այն ժամանակվա շինարարաճարտարապետական համակարգի ողջ գործունեությունը, որը հանգեցրել է ճարտարապետական մեծ կորուստների՝ թե՛ միջավայրային, թե՛ կոնկրետ կառույցների դեպքում»։