Սևին սապոնն ի՞նչ անի, խևին խրատն ի՞նչ անի

Սևին սապոնն ի՞նչ անի, խևին խրատն ի՞նչ անի

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը անկեղծություն դրսևորելու խաղ էր։ Նման հայտարարություն կաներ դատարանում  վերջին խոսքի իրավունքով ամբաստանյալը․ «Ինձ այնքան են ասել դավաճան, որ էլ չեմ վախենում, որ ինձ կասեն դավաճան»։ Եթե նման բան ասեր «քուչի մի տղա»՝ ինձ բոլորն ասում են մարդասպան, որ ես եմ սպանել այսինչին, ոստիկանությունն անմիջապես կձերբակալեր նրան՝ հիմք ընդունելով նրա խոստովանությունը։ Բայց այս անձը, որ երկրի ղեկավար է կոչվում, նման հայտարարություն է անում ԱԺ բարձր ամբիոնից՝ ժպտալով, ու  ներկա պատգամավորներից ոչ մեկը չի զարմանում, որ երկրի ղեկավարին այնքա՜ն շատ են ասում դավաճան, որովհետև իրենց մեծ մասն էլ այդպես է մտածում։ Դահլիճից միայն արձագանքում են՝  լավ չի էլի․․․ «Լավ ա, լավ չի, էդ ա»,- ասում է Փաշինյանը։

Դատարանում վերջին խոսք ասողն է նման անկեղծություն  ցուցաբերում, որ դատարանը նրան մեղմ վերաբերվի։ Փաշինյանը չպատկերացրեց, որ իր «անկեղծ» խոստովանությունը կուղղվի իր դեմ։ Նա փորձեց իր ժպիտով,  ծիծաղով դավաճան բառը կասկածի տակ դնել՝ դե մարդիկ են էլի՜, թող ասեն, ես էլ «բարի ձյաձյա եմ»։  Փորձեց հանդես գալ իբր թե զոհի կարգավիճակում, բայց խաղը թու՜յլ էր։ Շատ թու՜յլ խաղաց։ 

Դավաճան ասող  մարդիկ այնքա՜ն շատ են, ինքը խոստովանեց, այնքա՜ն շատ են դավաճան ասում, որ դա խոստովանության նման մի բան էր՝  ժողովուրդը իր մասին այդ կարծիքին է։  Ժողովուրդը այդ կարծիքին է,  բայց նա քափ ու քրտինք մտած իր երկրորդ կեսի հետ դավաճաններ, դասալիքներ է փնտրում։ Սա նաև վկայություն է, որ դատական ողջ համակարգը պարալիզացված է, գործում է մեկ մարդու ուղղորդմամբ։ Որ մարդը խոստովանում է, որ իրեն են դավաճան համարում, բայց ընթացք չկա։  Եթե հարցին վերաբերվենք ժողովրդի տեսանկյունից՝ ընդհանրացնելով նրա հայտարարության վերաբերյալ գրառումները, մեղմ ասած մարդիկ այսպես են մտածում․ «Սևին սապոնն ի՞նչ անի, խևին խրատն ի՞նչ անի»։