Ինչքա՜ն պիտի չսիրես երկիրդ, որ ֆրանսիացի՛ն ասի՝ Արցախը հայկական տարածք է

Երբ եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավորը բարձրաձայնում է, որ Արցախը եղել է հայկական տարածք, մի տեսակ ցավ ես զգում։ Հայաստանի ղեկավարը ինչքա՜ն պիտի չսիրի իր երկիրը, ինչքա՜ն պիտի օտար լինի իր երկրին, որ ասի՝ Արցախի հարցը փակված է ու վերջ։ Լսենք Եվրախորհրդարանի պատգամավոր Նիկոլա Բեյին՝ «Արմենպրես»-ի հետ զրույցում։ «Արցախը դարեր շարունակ եղել է հայկական տարածք և հիմա այնտեղ եկեղեցիներն ու սրբատեղիները վերածվում են մզկիթների, ինչը հայկական ինքնության վերացում է»։ Չեմ անդրադառնում ֆրանսիացի պատգամավորի անդրադարձած մյուս հարցերին, բայց մի բան անհրաժեշտ է նշել։ Եվրախորհրդարանի պատգամավորը կարծում է, որ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո Թուրքիայի և Ադրբեջանի նկրտումները Հայաստանի նկատմամբ չեն փոխվել և այդ իրադարձությունից ավելի քան հարյուր տարի անց Հայաստանը կանգնած է նույնանման սպառնալիքների ու մարտահրավերների առջև։
Այսինքն նա 1915 թվականի ու այսօրվա ադրբեջանաթուրքական վարած քաղաքականության կապի մեջ է տեսնում այն փրկօղակը, որից Հայաստանը կարող է կառչել։ Ցեղասպանության ենթարկված Հայաստանը։ Եթե 1915-ը այս իշխանությունը փորձում է կոծկել, մոռացության տալ, ապա դրանով փակում է Արցախի հայաթափման, ցեղասպանության ծրագիրը։ Դիվանագիտության մեջ շատ նրբերանգներ կան, բայց Հայաստանի հարցով մտահոգ օտար երկրների դեսպաններին, պատգամավորներին, ղեկավարներին կուզեի զուտ մարդկայնորեն խնդրել՝ Նիկոլին ասեք։ Հայ ժողովուրդը այն, ինչ դուք ասում եք՝ գիտի իր պատմությունը։ Բայց Հայաստանի գլխին բերել են մեկին, ով մոռացության է ուզում տալ հայ ժողովրդի պատմությունը, Հայաստանին։ Եվ երբ Ֆրանսիացին ասում է, որ «Հայաստանն առաջին քրիստոնյա երկիրն է, որն էլ հենց կապ է ստեղծում ՀՀ-ի ու ԵՄ-ի ժողովուրդների միջև», ուզում ես ասել՝ դուք ճիշտ եք, բայց այսօրվա Հայաստանը ներկայացնում է մեկը, ով պատճառաբանում է, թե յոթ տարի մնացել է նույն դասարանում, դրա համար ոչինչ չգիտի։ Այնինչ արմատներն ավելի խորն են, բայց ինքը դա փորձում է բացատրել իր չիմացության, տգիտության հետ։
Կարծիքներ