Սահմանադրությունը փոխելուց հետո պահանջելու են հրաժարվել Հայաստանի անկախությունից
Վերջին անգամ Փաշինյան-Ալիեւ հանդիպում տեղի է ունեցել այս տարվա փետրվարի 17-ին՝ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում, որի կազմակերպիչն ու մասնակիցը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն էր: Հաջորդ հանդիպումը կարող էր կայանալ հուլիսին Լոնդոնում կայացած եվրոպական համայնքի առաջնորդների համաժողովի ժամանակ, որին ներկա էր ե՛ւ Փաշինյանը, ե՛ւ Ալիեւը, բայց Ալիեւը մերժեց Փաշինյանի հետ հանդիպելու առաջարկը՝ համարելով, որ քանի դեռ Փաշինյանն իր նախորդ պահանջները չի կատարել, հանդիպման իմաստ չկա. Փաշինյանն իր համաձայնությունը տվել էր: Չնայած արդեն 6 ամսից ավելի կողմերի միջեւ ուղիղ շփում չկա, բայց Փաշինյան-Ալիեւ երկխոսությունը կամ բանակցությունները շարունակվում են` հրապարակային ձեւաչափով: Փաշինյանն Ալիեւին խնդրում է ստորագրել «խաղաղության պայմանագիր» անունով փաստաթուղթ, Ալիեւը պատասխանում է, որ կստորագրի, երբ փաստաթուղթն ամբողջությամբ պատրաստ լինի` բավարարվեն իր բոլոր պահանջները, այդ թվում՝ եւ Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջը: Փաշինյանն ասում է՝ արի, հիմա ստորագրենք այն բոլոր կետերը, որոնց շուրջ կա համաձայնություն, իսկ մնացածը ես պարտավորվում եմ կատարել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո:
Փաստացի Փաշինյանն Ալիեւին առաջարկում է գործարք. հիմա կնքել խաղաղության պայմանագիր, խորհրդարանական ընտրություններին ինքը կներկայանա Հայաստանին խաղաղություն բերած ղեկավարի կերպարով, իսկ ընդդիմադիրներին կներկայացնի որպես ռեւանշիստներ, որոնց հաղթանակի դեպքում պատերազմի վերսկսման վտանգն էապես կմեծանա, օգտագործելով խաղաղարարի իմիջը՝ կհաղթի ընտրություններում, իսկ Սահմանադրության փոփոխությունը եւ Ալիեւի մյուս պահանջների կատարումը կիրականացնի 2027-ին, երբ ընդդիմությունը պարտված կլինի եւ չի կարողանա իրեն դիմադրություն ցույց տալ: Ալիեւը չի համաձայնում Փաշինյանի հետ գործարքի գնալ՝ պահանջելով, որ նա սկզբում փոխի Սահմանադրությունը, կատարի իր մյուս բոլոր պահանջները, հետո միայն ինքը կստորագրի խաղաղության պայմանագիրը: Ընդ որում, Ալիեւը հասկացնում է, որ չի կարող անվերջ սպասել, թե երբ Փաշինյանը կբարեհաճի կատարել իր պայմանները. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն անընդհատ տեղեկություններ է տարածում հայկական կողմից ադրբեջանական տարածքի գնդակոծության մասին, ինչն արդեն դարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հերթական հարձակման նախապատրաստության անոնս:
Փաշինյանը հայտնվել է փակուղային վիճակում. չգիտի ինչպես վարվել եւ ինչպես միաժամանակ բավարարել Ալիեւի պահանջը, որը, այսպես կոչված, միջազգային գործընկերների կողմից դիտարկվում է լեգիտիմ, եւ միեւնույն ժամանակ պահել սեփական իշխանությունը: Փաշինյանը հասկանում է նաեւ, որ նույնիսկ Ալիեւի ներկա պահանջները բավարարելուց հետո խաղաղության պայմանագիր չի լինելու, լինելու են նոր զիջման պահանջներ`ավելի մեծ ու ավելի նվաստացուցիչ: Գործնականում Հայաստանի Սահմանադրությունը կամ նրա որեւէ դրույթ չի կարող հիմք հանդիսանալ Ադրբեջանին տարածքային պահանջներ ներկայացնելու համար, քանի որ Սահմանադրության մեջ ընդամենը հղում կա Անկախության հռչակագրի նախաբանին, որտեղ գրված է, որ Հայաստանի Հանրապետությունն իր անկախությունը հռչակում է՝ նաեւ «կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թ․ դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ ԼՂ ազգային խորհրդի համատեղ որոշման վրա»: Ինչպե՞ս կարող է այս ձեւակերպումը հիմք հանդիսանալ տարածքային պահանջների եւ հավակնությունների համար, երբ փաստացի Ադրբեջանը վերացրել է Լեռնային Ղարաբաղը՝ հայաթափելով այն եւ բնակեցնելով ադրբեջանցիներով: Դեռեւս որեւէ պատմական փաստաթղթով որեւէ երկիր տարածք հետ չի բերել, եւ Հայաստանն էլ եթե երբեւէ վերադարձնի Արցախը, ապա դա կարող է անել ոչ թե հիշյալ հղման, այլ բացառապես ուժի միջոցով՝ Ադրբեջանից վերագրավելով կորսված տարածքը: Ալիեւն ինքն է ասում, որ Ադրբեջանն էլ 25 տարի պահանջում էր վերականգնել իր տարածքային ամբողջականությունը, բայց ոչ մեկն ականջալուր չեղավ այդ պահանջին, եւ միայն պատերազմի միջոցով ինքը գրավեց այն, ինչ կորցրել էր պատերազմի արդյունքում:
Այդ դեպքում ինչո՞ւ է Ադրբեջանը պնդում եւ պահանջում, որ Հայաստանը փոխի իր Սահմանադրությունը եւ սահմանադրական մակարդակով հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից: Ադրբեջանին պետք չէ խաղաղության պայմանագիր Հայաստանի հետ, դա նրան ոչինչ չի տալիս: Ընդհակառակը՝ չկարգավորված հարաբերությունները հիմք են տալիս Ադրբեջանին շարունակել Հայաստանի շրջափակումը՝ նույնը պահանջելով Թուրքիայից եւ Վրաստանից: Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո Թուրքիան այլեւս հիմք չի ունենա փակ պահել Հայաստանի հետ սահմանը: Վրաստանն էլ արդեն 30 տարուց ավելի առանձնապես մեծ շահագրգռվածություն չի ցուցաբերում Ռուսաստանի հետ ուղիղ երկաթուղային հաղորդակցությունն ապաշրջափակելու հարցում, որը Հայաստանին երկաթուղային հասանելիություն կապահովեր Ռուսաստանի հետ՝ դրա դիմաց Ադրբեջանից ստանալով առեւտրային զեղչեր եւ արտոնություններ: Ադրբեջանի եւ Թուրքիայի քաղաքականությունը շարունակում է մնալ նույնը` հնարավորինս թուլացնել եւ ի վերջո ոչնչացնել Հայաստանի Հանրապետությունը` խաղաղության պայմանագրի ստորագրումն այդ նպատակին ամենեւին չի ծառայելու:
Հետեւաբար, եթե անգամ Հայաստանի Հանրապետությունը համաձայնի փոխել Սահմանադրությունը եւ հանի հղումն Անկախության հռչակագրին, միեւնույն է՝ դա չի կարող ավտոմատ հանգեցնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը: Հաջորդ քայլով Ադրբեջանը կարող է պահանջել, որ Հայաստանի խորհրդարանն անվավեր ճանաչի Հայաստանի Անկախության հռչակագիրը՝ հայտարարելով, որ հռչակագիրը նույնպես Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ է պարունակում: Իսկ ինչպե՞ս կարող է Հայաստանն անվավեր ճանաչել կամ փոխել պատմական փաստաթղթի որեւէ դրույթ: Հայաստանի անկախության հռչակագիրն ընդունվել է Խորհրդային Հայաստանի ԳԽ-ի կողմից, ՀԽՍՀ-ն այլեւս գոյություն չունի, եւ որքան էլ Հայաստանի Հանրապետությունը Խորհրդային Հայաստանի իրավահաջորդն է, միեւնույն է՝ Հայաստանի խորհրդարանը չի կարող փոփոխություն կատարել այլեւս գոյություն չունեցող երկրի խորհրդարանի ընդունած փաստաթղթի մեջ:
Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետությունը ոչնչացնելուն եւ լուծարելուն ուղղված գործողությունների այլընտրանքը Հայաստանը 2018-ի վիճակին բերելն է, երբ Հայաստանը հաղթած երկիր էր եւ ինքն էր Ադրբեջանին պայմաններ ու պահանջներ թելադրում, եւ ոչ թե հակառակը: Իսկ մինչ այդ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է ուղղված լինի իր դաշնակից երկրների միջոցով գործող ստատուս քվոյի պահպանմանը՝ թույլ չտալու Հայաստանի դեմ նոր պատերազմ սկսել եւ անվերապահ կապիտուլյացիա պարտադրել: 2020 թ․ փաստաթուղթը կապիտուլյացիա էր, բայց ո՛չ անվերապահ: Մյուս բոլոր դեպքերում Ադրբեջանը եւ Թուրքիան ամեն ինչ անելու են՝ Հայաստանի Հանրապետությունը դե ֆակտո եւ դե յուրե ոչնչացնելու համար:
Ավետիս Բաբաջանյան
Կարծիքներ