Կառավարությունը քեֆ անելու տրամադրություն ունի

Կառավարությունը քեֆ անելու տրամադրություն ունի

Հայաստանի կառավարությունը փոխանակ զբաղվի իր թեթև ձեռքով մեր երկրում ստեղծված ողբերգական ու աղետալի վիճակի հետևանքները մեղմելու հարցերով, նստած թիթեռ է նկարում և տոնական օրեր սահմանում։ Օրացույցը սևով ներկած ու կարմիր օրերը խամրեցրած Փաշինյանի կառավարությունը այսօրվա նիստին հերթական տոնական օրը որոշեց ավելացնել օրացույցում։

Նախագիծը զեկուցեց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը, քանզի տոնական օրը հարկային ոլորտին է վերաբերում։ Մասնավորապես՝ Էդվարդ Հովհաննիսյանի ներկայացրած նախագծով նախատեսվում է ունենալ հարկ վճարողի օր: 

«Հաշվի առնելով, որ 1992թ. ապրիլի 19-ին առաջին անգամ ընդունվել է «Հայաստանի Հանրապետությունում հարկերի մասին» ՀՀ օրենքը, որով, ըստ էության, Հայաստանի Հանրապետությունում ձեւավորվել են հարկային համակարգը եւ վերջինիս սկզբունքները, հարկային մարմին եւ հարկ վճարող հարաբերությունները՝ առաջարկվում է հարկ վճարողի օր սահմանել ապրիլի 19-ը»,-նոր տոնական օրվա հիմնավորումն այսպես ներկայացրեց պարոն Հովհաննիսյանը։

Սա, մեղմ ասած, ցինիզմ է՝ ուղղված շուրջ 5000 զոհ, դրա կրկնակիի չափով վիրավոր, հարյուրավոր գերիներ ու անհետ կորած քաղաքացիներ ունեցող երկրի և այդ երկրի՝ հարկ վճարող քաղաքացիների հանդեպ։ Այս մարդիկ պարզապես չեն գիտակցում՝ ինչ է տեղի ունեցել Հայաստանում կամ, ավելի ստույգ, ինչ են բերել իրենք մեր երկրի գլխին իրենց՝ եթե ոչ ուղիղ դավաճանական, ապա առնվազն անլուրջ ապիկար քաղաքականության արդյունքում։ Դրա համար էլ կառավարության նիստ են վարում այնպիսի թեթևությամբ և անհոգությամբ, ասես՝ ոչինչ էլ տեղի չի ունեցել, Արցախը՝ Շուշիով, Հադրութով և Քարվաճառով, ոչ ոք ոչ մեկի չի հանձնել, և հազարավոր զոհերն ու վիրավորներն էլ երևի այս երկրի քաղաքացիներ չեն։

Չի բացառվում, որ ապրիլի 19-ը հռչակելով հարկ վճարողի օր, Փաշինյանի կառավարությունը այդ օրը տոնախմբություններ կազմակերպի երկրում, Մաշտոցի պողոտան փակի և «խորոված-փարթիներ» անցկացնի, չէ՞ որ սա հարկ վճարողի օրն է, այսինքն՝ բոլորիս օրն է, և մեր վճարած հարկերով է, որ կառավարությունը կարողանում է այսօր սոցիալական աջակցություն ցուցաբերել հազարավոր զոհերի ու վիրավորների ընտանիքներին, որոնց հարցում կառավարությունը, չգիտես ինչու, իր մեղքի բաժինը չի տեսնում։ Եվ ցավալի է, որ այս «տոնական տրամադրությանն» ու ցինիզմով շաղախված խրախճանքին մասնակից են դառնում նաև ՊԵԿ նախագահն ու իր պես մարդիկ, որոնք թվում էր՝ ավելի լուրջ և խոհեմ պետք է գտնվեին նման հարցերում և իրենց չպահեին Փաշինյանի թիմակից իմքայլականների նման, որոնցից նման վարքագիծն ու վերաբերմունքը շատ ավելի սպասելի է։