Շնորհակալություն պետք է հայտնել Գեւորգ եպիսկոպոսին եւ ՔՊ-ին՝ «Քրիստոնեա Հայաստան» կուսակցության PR-ը ապահովելու համար

Շնորհակալություն պետք է հայտնել Գեւորգ եպիսկոպոսին եւ ՔՊ-ին՝ «Քրիստոնեա Հայաստան» կուսակցության PR-ը ապահովելու համար

«Հրապարակն» այսօր արդեն անդրադարձել էր Տեր Ղազար քահանա Պետրոսյանի կարգալուծության թեմային, հրապարակել այդ առնչությամբ՝ Տեր Ղազար քահանա Պետրոսյանին ուղղված ՀԱԵ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գեւորգ եպիսկոպոս Սարոյանի գրությունը։ Թեման արդեն հայտնի է բոլորին եւ կրկին անգամ անդրադառնալու կարիք չկա։ Ուշագրավը այս ամենում, թերեւս՝ Մայր Աթոռի խոսնակ Տեր Եսայի քահանա Արթենյանի հայտարարությունն է, ըստ որի՝ Տեր Ղազարի կարգալուծության հարց չի ներկայացվել եւ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, թեեւ «Հրապարակը» հրապարակել էր նաեւ նամակը, որում հստակ ասվում է, որ Գեւորգ եպիսկոպոսը կարգալուծության միջնորդություն է ներկայացնելու որպես թեմի առաջնորդ՝ Տեր Ղազարի կարգալուծության համար։

Թե ինչու է Գեւորգ եպիսկոպոսը որոշել, որ ընդամենը քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող հասարակ քահանան պետք է կարգալույծ արվի այն դեպքում, երբ նույնիսկ Գարեգին Բ-ն է պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը եւ թե ինչու է թիրախում հայտնվել Տեր Ղազար քահանան, երբ Նիկոլ Փաշինյանին քննադատել է ՀԱԵ եպիսկոպոսներին պաշտպանող խոսք ասելով, որոնց մեջ մտնում է նաեւ Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը, դժվար է ասել։ Եթե հարցը ունի զուտ ներեկեղեցական շերտեր, դա պետք է առնվազն ՀԱԵ-ն իր ներսում լուծի։ Մենք կխոսենք միայն հարցի քաղաքական բաղադրիչի մասին։ Ամենայն հավանականությամբ Տեր Ղազարին կարգալույծ անելու մտադրություն եղել է ու Մայր Աթոռը որոշել է նահանջել, հասկանալով, որ հայկական ազգային-քրիստոնեական, ավանդական-պահպանողական արժեքների ջատագով քահանային քաղաքացիական ակտիվ կեցվածքի համար կարգալույծ հռչակելը՝ «քաղաքական գործունեություն ծավալելու համար», կարող է աղմուկ առաջացնել հասարակության մեջ, գրգռել հասարակության զայրույթը, առաջացնել հավատացյալների ընդվզումը, ի վերջո, Մայր Աթոռի հասցեին քննադատությունների ալիք բարձրացնել, քանի որ դա այլ կերպ չէր ընկալվի, քան Գարեգին Բ-ի ռեւերանսն ուղղված Նիկոլ Փաշինյանին։ Ամեն դեպքում այսպես էլ կարող է եղած լինել։

Սակայն, ՏԻՄ ընտրությունների նախաշեմին Գեւորգ եպսիոկոպսին այս «աղմուկը» «նախաձեռնելու» համար առնվազն պետք է երախտագիտություն հայտնել, քանի որ ողջ Հայաստանի Հանրապետությունն իմացավ որ Արտաշատում ՏԻՄ ընտրություններում ընտրապայքարում ներգրավված է լինելու նաեւ «Քրիստոնեա Հայաստան» կուսակցությունը, որի հոգեւոր խորհրդատուն Տեր Ղազար քահանա Պետրոսյանն է։ Ու ավելի լավ քաղաքական PR «Քրիստնեա Հայաստան» կուսակցության համար, այն էլ բացարձակապես անվճար հիմունքներով, պատկերացնել անհնարին է, քանի որ այսօր գրեթե բոլոր լրատվամիջոցներն են անդրադարձել Տեր Ղազարի հետ կապված այս խնդրին՝ իրենց մամուլի տեսություններում դնելով «Հրապարակի» նյութը։

Ու եթե իշխող քաղաքական մեծամասնություն ՔՊ-ն որոշել էր Գեւորգ եպիսկոպոսի միջոցով ճնշումներ բանեցնել Արտաշատի ՏԻՄ ընտրությունների նախօրեին՝ Տեր Ղազարին կարգալույծ անել տալով, ապա հիմա, ինչպես ասում են «վարունգը թարս բուսնեց», քանի որ իրենք իրենց ձեռքով ընդդիմադիր տեղական կուսակցությանը թե քանի հավելյալ քվե ապահովեցին այս ամենով, կերեւա ընտրություններին։ Ի վերջո, ականատեսն եղանք իշխող քաղաքական մեծամասնության փնթի, անգրագետ ու ապաշնորհ գործելաոճի հերթական օրինակին։