Դիմա՞կն է սպեղանին

Դիմա՞կն է սպեղանին

Ինչքան շատ է հասարակությունը պահանջում, որ իշխանությունն ուշքի գա եւ գործ անի, այնքան շատ են մեր իշխանավորները թաղվում ֆեյսբուքներում, մատնվում պարապուրդի եւ ժամավաճառությամբ զբաղվում։ Մարդիկ ակնկալում են, որ երկրի վարչապետը պետք է 24 ժամ տքնաջան աշխատի, իսկ նա աշխատելու փոխարեն ֆլեշմոբ է անում, քաղաքացիներին ամոթանք տալիս, անիմաստ կադրային փոփոխություններ անում եւ գեղարվեստական ելույթներ ունենում հեռակապով։

Ու այդ ամենը՝ ծայրահեղական մոտեցումներով, անզուսպ էմոցիաներով եւ անբացատրելի որոշումներով ուղեկցված։ Մինչ պանդեմիայի դեմ պայքարի համաշխարհային կենտրոնները գիտական վերլուծություններ են անում վարակի վարքագծի հետ կապված, մերոնք, ուշացումով միանալով համաշխարհային պայքարին, չգիտես ինչու, վստահ են, որ դիմակն է այն սպեղանին, որը պետք է փրկի աշխարհը։ Եվ դիմակի պաշտամունքն ուղղակի աղետի է վերածվում՝ ֆլեշմոբեր, որի ժամանակ մարդու իրավունքներն են կոխկրտվում, ոստիկանական բռնություններ, որոնք երկրի ղեկավարի կողմից արդարացվում են, եւ պարալիզացված իշխանություն, որը ոչինչ չի ձեռնարկում վարակի տարածումը կանխելու համար։ Եվ աջուձախից հնչող կոչերը՝ երկիրը փակելու, տնտեսական գործունեությունը դադարեցնելու մասին, վարչապետի կողմից անուշադրության են մատնվում։

Նա կարծում է, որ տնտեսությունն ավելի կարեւոր է, եւ վարակի տարածումը կարելի է կանխել դիմակ դնելով ու ձեռքերը հաճախ լվանալով։ Ինչ արած՝ սա ուղղակի վկայում է այն մասին, որ կառավարչական հմտություններն ու օպերատիվ՝ հակաճգնաժամային կառավարման ունակություններն ավելի կարեւոր են, քան ցանկացած այլ որակ, անգամ՝ ազնվությունն ու հայրենիքի հանդեպ մեծ սերը, կոռուպցիայի դեմ պայքարելու ուժեղ կամքն ու ժողովրդի հետ շփվելու կարողությունը։