Վազգեն Մանուկյանը՝ զո՞հ

Վազգեն Մանուկյանը՝ զո՞հ

Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից Վազգեն Մանուկյանը պետք է հրաժարական տար անցյալ տարի: Իսկ եթե ավելի համարձակ գտնվենք, պիտի ասենք, որ նա առհասարակ չպետք է համագործակցեր  մարտիմեկյան ողբերգությամբ իշխանության եկած Սերժ Սարգսյանի հետ, եթե իր համար բյուրեղյա արժեք են օրինկանությունը եւ արդարությունը: Ցավոք, անկախ Հայաստանի առաջին վարչապետի քաղաքական ընթացքի նույնիսկ թռուցիկ վերլուծությունը բերում է համոզման, որ նրա համար գերագույն հաճույք է լինել բացառապես Լեւոն Տեր-Պետրոսյանի հակառակորդը, գործել այն դաշտում, որտեղ Տեր-Պետրոսյանի դեմ են, որտեղ խեղաթյուրվում, նենգափոխվում է Շարժման, պետականակերտման եւ ղարաբաղյան պատերազմի պատմությունը: 1996-ի նախագահական ընտրապայքարի փուլում ՊԲ թերթի խմբագիրն էի: Եւ ահա մի օր հանձնարարություն ստացա որպես առաջին եւ գլխավոր լուր տպագրել «Արմենպրեսի»  հարցազրույցը ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանի հետ:

Երեւանում Վազգեն Մանուկյանը զանգվածային հանրահավաքներ էր անցկացնում, որպես նրա կենսագրության փառավոր էջ մատուցվում էր պաշտպանության նախարարի պաշտոնում գործունեությունը, քարոզվում էր, որ հենց նա է կարողացել կասեցնել բանակի խուճապը, կազմակերպել հակահարձակողական ռազմագործողություններ, որոնց թագուպսակը Քելբաջարի գրավումն էր: Ահա այդ մասին էր «Արմենպրեսը» հարցրել Սամվել Բաբայանին եւ ստացել լակոնիկ պատասխան. «Քելբաջարի ազատագրման գործում Վազգեն Մանուկյանի ներդրումը չնչին է»: Ինչ խոսք, դա կազմակերպված հակաքարոզչություն էր: Հետագա իրադարձությունները հայտնի են: Ինձ այլ բան է հուզում՝ Վազգեն Մանուկյանն ինչպե՞ս կամ հանուն ինչի՞ հետագայում ներեց իր վաստակը նսեմացնողներին, դարձավ գործընկեր եւ լծվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանը հանրայնորեն արժեզրկելու անշնորհակալ գործին:

Ինչպե՞ս եւ ինչու՞ ներեց իրեն «իդիոտ» անվանողին, դարձավ նրա լծակիցը, կարգվեց Հանրային խորհրդի նախագահ, որպեսզի, ինչպես ասում են, հորով-մորով արվի մարտիմեկյան պետական ահաբեկչությունը սեփական ժողովրդի դեմ: Մի՞թե՝ միայն նրա համար, որ այդ ամենը Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ էր: Ինչու՞ անդրադարձա հարցին: Ժամանակ առաջ ես Վազգեն Մանուկյանին թոշակի անցնելու հրապարակային հորդոր էի արել: Նրա մերձավորներն այդ օրերին ֆեյսբուքում իմ դեմ խաչակրաց արշավանք սկսեցին: Ի դեպ, նրանք անխտիր Նիկոլ Փաշինյանի քննադատներն են առաջին իսկ օրվանից: Իսկ քիչ առաջ մի տեղ կարդացի, որ Վազգեն Մանուկյանը պետության դեմ կազմակերպված հանցագործության առաջին զոհն է: Անշուշտ նկատի է առնված 1996թ.-ի նախագահական ընտրությունը: Եւ ո՞վ է կարծրատիպի հեղինակը, որ այն ժամանակ Վազգեն Մանուկյանից «հաղթանակը խլվել է»:

Վազգեն Մանուկյանի կազմակերպած ներխուժումն Ազգային ժողով, Բաբկեն Արարքցյանի առեւանգումը եւ Արա Սահակյանի դեմ ֆիզիկական հաշվեհարդարը բավական են, որպեսզի իրավիճակը բոլորովին այլ տեսանկյունից դիտվի եւ գնահատվի: Մասնավորապես, թե ու՞մ էր ձեռնտու ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթաժողովից երկու ամիս առաջ Հայաստանում քաղաքական ճգնաժամ սադրել եւ թուլացնել նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիրքերը: Որեւէ մեկն այս հարցի պատասխանն ունի՞: Իսկ գուցե հենց այստե՞ղ տեսնենք Վազգեն Մանուկյանի եւ Տեր-Պետրոսյանից հետո իշխանության եկածների ջերմ համագործակցության բուն շարժառիթը: Ամեն դեպքում Վազգեն Մանուկյանը ոչ թե զոհ, այլ անկախ Հայաստանի քաղաքական դաշտի «տրոյական ձին» էր: Եւ շարունակում է մնալ իր ամպլուայի մեջ, եթե Հանրային խորհրդի նախագահի պաշտոնը թողնելով՝ մտադիր է «Վերնատուն» ակումբ հիմնել եւ փորել Նիկոլ Փաշինյանի իշխանության ոտնատակը: