Գրիգորյանի պաշտպաններին երկու շաբաթը բավարար է՝ գործի նյութերին ծանոթանալու համար

Գրիգորյանի պաշտպաններին երկու շաբաթը բավարար է՝ գործի նյութերին ծանոթանալու համար
Մանվել Գրիգորյան

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանին հարցրինք՝ ի՞նչ փուլում է Մանվել Գրիգորյանին պատկանող Ակնալճի տարածքը նվիրաբերելու գործընթացը։

Նա պատասխանեց․ «Տեղեկություններ չունեմ, որովհետեւ դատախազությունը ինֆորմացիա չի տրամադրել մեզ։ Ինչ վերաբերում է Գրիգորյանի գործին, ապա նախաքննության ավարտ է հայտարարված եւ կարծում եմ,որ մամուլի ասուլիսով հանդես կգանք»։

Նա նաեւ նշեց՝ գործի նյութերը դեռ չեն ստացել․ «Նյութերը դեռ չենք վերցրել։ Մաքսիմում երկու շաբաթը մեզ բավական է»։

Նշենք, որ դեկտեմբերին Մանվել Գրիգորյանին 25 միլիոն դրամ գրավով ազատ արձակելու որոշում էր կայացրել առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Բալայանը, այնուհետեւ Վերաքննիչը վերացրել էր այդ որոշումը, բավարարել էր դատախազության բողոքն ու Գրիգորյանին կրկին կալանավորելու որոշում կայացրել։

Հիշեցնենք, որ Գրիգորյանի մեղադրանքը լրացվել է․ Ըստ ՀՔԾ-ի՝ դատավարական գործողությունների արդյունքում նախկինում բացահայտված հանցագործություններից բացի հայտնաբերվել են նաև Մ. Գրիգորյանի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերի վճարումից խուսափելու, առանձնապես խոշոր չափերով հարկերի չվճարումը կազմակերպելու, պետական միջոցները վատնելու և առանձնապես խոշոր չափերով գույքի շորթումը կազմակերպելու դեպքեր։

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով, 205-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։