Նիկոլիզմը ամենակործանարար սեկտան է

Նիկոլիզմը ամենակործանարար սեկտան է

«Հրապարակի» հարցերին պատասխանում է «Անվտանգության եւ ժողովրդավարության» ՀԿ նախագահ, նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:


- ԱԺ «Հայաստան» խմբակցությունից որոշ պատգամավորներ վայր դրեցին մանդատները: Ռուբեն Մելքոնյանն ու Ռոբերտ Հայրապետյանը հրաժարվեցին մանդատ վերցնելուց: Եթե 2021 թ․ ընտրություններից առաջ կամ հետո մեզ ասեին, որ կարող է նման իրավիճակ ստեղծվել, դժվար կլիներ հավատալը: Ի՞նչ պատկեր ունենք։

- Ամեն ինչ պարզ է: Ռուբեն Մելքոնյանի քայլը շատ արժանապատիվ քայլ եմ համարում, որովհետեւ դե յուրե այս խորհրդարանը գոյություն չունի, բայց դե ֆակտո գործում է եւ ոչ թե խորհրդարան, այլ կրկես է: Որեւէ արժանապատիվ գործիչ, ով մտածում է իր քաղաքական ապագայի եւ բարոյական կերպարի մասին, ուղղակի չի կարող լինել այս խորհրդարանում: Զավեշտ է լինել մի խորհրդարանում, որտեղ Փաշինյանին հեռացնելու որեւէ գործիքակազմ չկա: Վստահ լինելով, որ մենք ավելի քիչ արմատական ընդդիմություն ենք, մեր մանդատները վայր դրեցինք, մասնակցեցինք արտահերթ ընտրություններին, մեր վճռականությունը դրեցինք կասկածի տակ եւ կարծեցինք, թե այն ընդդիմությունը, որը հավակնում է, ավելի վճռական է: Ես հավատացել եմ, որ պատերազմից հետո Հայաստանին հենց այս ընդդիմությունն է պետք, որպեսզի լուծեն թիվ մեկ խնդիրը: Մենք իրենց մանդատ ենք տվել եւ վերջապես թույլ ենք տվել, որ իրենք մանդատ ունենան Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար: Չի ստացվել, չեն ցանկացել եւ չեն կարողացել դա անել: Ես կարող եմ ասածներիս բոլոր հիմնավորումներն առաջ քաշել, բայց դա արդեն այնքան անհետաքրքիր է, որ անգամ չեմ ցանկանում խոսել այդ մասին: Նրանք, ովքեր խորհրդարանում են, մնալու են մինչեւ իրենց լիազորությունների ավարտը: Նրանց քաղաքական ապագայի վրա մեծ ու յուղոտ խաչ է քաշված:

- Այսինքն` եթե վաղը ընտրություններ տեղի ունենան, օրվա ընդդիմությունն ԱԺ չի՞ մտնի, բավարար ձայներ չի՞ ստանա։

- Իհարկե, չեն կարող: Դա կախված կլինի մի քանի հանգամանքներից, բայց այն ձայները, որ իրենք հավաքել են, դրա կեսի կեսն էլ չեն կարող այսօր հավաքել, գուցե կարողանան մի կերպ գլորվելով հաղթահարել 5 տոկոսի շեմը: Դա իրենք էլ են լավ հասկանում: «Հայաստան» դաշինքի մանդատը պատկանում է մեկ հոգու, նրա անունը Ռոբերտ Քոչարյան է: Նրանցից որեւէ մեկը եթե գործեր առանձին, անգամ 0 տոկոս ձայն չէր հավաքելու: Մենք հիմա կոնկրետ մեկ խմբակցության մասին ենք խոսում, որովհետեւ փլուզվում է հենց այդ մեկ խմբակցությունը, ինչն ինձ համար շատ ցավալի է, որովհետեւ մենք իրենց ենք համարել Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ամենաարդյունավետ գործիքը: Նրանց շարքերում կան արժանապատիվ մարդիկ, որոնք իրենց մանդատները վայր դրեցին: Ռուբեն Մելքոնյանն էլ իր հայտարարության մեջ գրել էր, որ ընդդիմության գործիքակազմն իր համար անհասկանալի է: Ցավում եմ, որ այսպես եղավ, որովհետեւ այս ընդդիմությունն ի սկզբանե շատ մեծ պոտենցիալ ուներ: Պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը տարբեր պատճառաբանություններով չհեռացվեց վարչապետի աթոռից, սա շատ երկար թեմա է եւ անգամ հետաքրքիր չէ: «Հայաստան» դաշինքում կա քաղաքական միավոր` ՀՅԴ-ն, որին ընդունենք, թե ոչ, սիրենք, թե ոչ, միեւնույն է` կայացած կառույց է, սփյուռքում լուրջ գործեր է անում: Կա նաեւ Հանրապետական կուսակցություն, որն իշխանությունից ընդդիմություն անցման տրանսֆորմացիայով կարողացավ դիմակայել եւ զտվել՝ դառնալով «Պատիվ ունեմ» խմբակցություն: Այս երկու բեւեռների վրա հենվելով՝ մենք դեռ ունենք նոր ընդդիմադիր կոնֆիգուրացիա ստանալու հնարավորություն: Մենք պարզապես ժամանակ չունենք, պետք է նոր բանակցող, որովհետեւ զոհասեղանին, խաղասեղանին, կարող ենք նաեւ ասել` աշխարհաքաղաքական ճաշասեղանին դրված է Հայաստանի ինքնիշխանությունը, Արցախի մասին արդեն չեմ խոսում: Այս ընդդիմությանը պետք է հանգիստ թողնել: Պետք չէ կեղեքել եւ անգամ քննադատել, որովհետեւ իրենք գործել են իրենց հնարավորությունների չափով: Պետք է հանգիստ թողնել նրանց եւ փորձել այլ ֆորմատներ գտնել: Պետք է նոր քաղաքական դեմքեր ասպարեզ գան, նոր կոնֆիգուրացիաներ, ոչ խորհրդարանական անհատ գործիչներ: Ցանկության դեպքում կարելի է նոր ձեւաչափ ստեղծել, որը ճշգրիտ ռազմավարությամբ եւ ճշգրիտ մարտավարությամբ կարճ ժամանակահատվածում կհասնի իշխանափոխության: Հավատացեք, ես այն քիչ գործիչներից եմ, ով ողջ օրը ժողովրդի հետ է շփվում, եւ պետք է ասեմ, որ չափազանց մեծ է հականիկոլական էլեկտորատը եւ օր-օրի ավելի է մեծանում: Նիկոլիզմը Հայաստանի ամենակործանարար սեկտան է, եւ ամենաբարձրն այդ սեկտանտների ձայնն է լսվում, քանի որ սեկտանտները միշտ են աղմկոտ: Երբ ժողովուրդը տեսնի իրապես կազմավորված ու գրագետ օրակարգ ներկայացնողների, հավատացեք, որ շատ կարճ ժամանակահատվածում փողոց դուրս կգան մեծ թվով մարդիկ: