Պարզվեց՝ քաղաքապետարանն ավազակների կողմից է, փոխանակ` ճշմարտության կողմից լինի (տեսանյութ)

Պարզվեց՝ քաղաքապետարանն ավազակների կողմից է, փոխանակ` ճշմարտության կողմից լինի (տեսանյութ)

Հայաստանի կինոգործիչների միությունն ահազանգում է` Երեւանի քաղաքապետն ու քաղաքապետարանն անտեսում են Վարչական դատարանի որոշումը, որով դեռեւս մայիս ամսին կասեցվել է Կինոյի տան ներքին բակում կառուցվող գարեջրատան շինարարությունը: Ավելին` շինարարությունը շարունակվում է բուռն կերպով. բետոնապատվում է ծառերից ու թփերից կտրված բակը, իսկ կինոգործիչների դիմումները քաղաքապետարանի «թեժ գծին» արդյունք չեն տալիս: 

Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանն ընդգծում է` նախօրեին, խնդրի մասին անձնապես բարձրաձայնել է քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին, ով եկել էր Կինոյի տուն ֆիլմ դիտելու. «Քաղաքապետին ասացի, որ դա հանցագործություն է, եւ դուք իրավունք չունեք նման վատ հետք թողնել պատմության մեջ, երբ Մալյան թատրոնի, կինոմիության, կինոթանգարանի, ֆիլմադարանի կողքին կառուցում եք մի աղտոտ գարեջրատուն: Քաղաքապետարանը պետք է երջանիկ լիներ, որ քաղաքում կա նման հնարավորություն, բայց շատ տգեղ միջոցներ է ձեռնարկել, որովհետեւ պաշտպանում է մեր բակում գարեջրատուն կառուցող հանցագործներին` կեղծված փաստաթղթերով»: 

Միության իրավական ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Մեժլումյանն էլ լրագրողներին իրավական տեսանկյունից ներկայացրեց ստեղծված իրավիճակն ու խնդրի նախապատմությունը. «Բացի այն, որ ինչ-որ մեկի մտքով կարող էր անցնել այս այգու տարածքում, որտեղ ծառեր են տնկած՝ որպես միհարկանի շինություն օրինականացնել, բայցի այն, որ ինչ-որ մեկի մտքով կանցներ այդ այգում գարեջրատուն կառուցել, կա նաեւ մեկը` Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, որը քաղաքապետի տեղակալ եղած ժամանակ այդ այգում գարեջրատուն կառուցելու համար շինթույլտվություն է տվել: Այգին, որպես մի հարկանի շինություն օրինականացնելու հետ կապված, դիմել ենք դատարան, վիճարկում ենք, Կենտրոնի քննչականում քրեական գործ է հարուցվել, որը կարծես թե «քնեցվում» է, պատշաճ ջանասիրություն չենք տեսնում, զուգահեռ նաեւ դատարանում վիճարկեցինք շինարարության թույլտվությունը: Վիճարկելով միջնորդեցինք, որպեսզի կասեցնեն շինարարությունը, մինչեւ գործի ավարտը: Դատարանը սկզբից մերժեց մեր միջնորդությունը, հետո մի 10 ամիս գործը քննելուց հետո, եկան ու սկսեցին ծառերը կտրել: Երբ ծառերը կտրեցին, կրկին դիմեցինք դատարանին, ասացինք` հարգելի դատարան, ծառերը կտրել են, հաջորդ քայլը լինելու է հողի շերտը բետոնապատելը, այսինքն` անիմաստ է դառնում մեր դատական պաշտպանությունը»:

,

Կարեն Մեժլումյանը հավելեց, որ դատարանը 2022թ մայիսի 25-ին որոշել է շինարարության թույլտվության կատարումը կասեցնել, որոշումն էլ ուղարկվել է կողմերին, ինչը նշանակում է, որ այդ շինարարությունը չի կարող իրականացվել. «սակայն դրանից որոշ ժամանակ անց նորից ինձ ահազանգում են, որ շինարարություն է իրականացնում, հողը փորել են, ջրահեռացման խողովակներ են տեղադրում»,- նշեց փաստաբանն ու ընդգծեց, որ չնայած դատարանի որոշմանը՝ կառուցապատողը այգու 115 քմ ծառապատ տարածքը բետոնապատել է: Ավելին` Կենտրոնի վարչական շրջանի ղեկավարն էլ իրենց պատասխանել է, որ շինարարություն իրականացվում է քաղաքապետի շինթույլտվության հիման վրա:

Կ. Մեջլումյանն այս գործում տեսնում է քաղաքապետարանի եւ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի անձնական շահագրգռությունը. «Քանի որ տեսնում ենք անձնական շահագրգռվածություն, հաղորդում ենք պատրաստել հանցագործության մասին` Հակակոռուպցիոն կոմիտե ներկայացնելու համար, որովհետեւ այն, ինչ-որ մենք տեսնում ենք, կոռուպցիոն բնույթի հանցագործությունների ցանկի մեջ է մտնում»,-ընդգծեց նա:

«Այսքանից հետո ոչինչ չի կասեցվում, ի՞նչ անենք, վեր կենանք գնանք ինքնահրկիզում անե՞նք, ծայրահեղ միջոցների դիմենք: Մարդկանց ուշադրությունը գրավելու համար ամիսը մեկ ասուլիս ենք հրավիրում, աղմուկ ենք բարձրացնում, ինչքա՞ն կարելի է այսպես շարունակել»,-իր խոսքում նկատեց ռեժիսոր Արամ Շահբազյանը: 

Ի դեպ, ասուլիսից հետո, երբ լրագրողները` կինոգործիչների ու փաստաբանի ուղեկցությամբ շրջում եւ լուսանկարում էին բետոնապատված տարածքը, հայտնվեց տարածքը սեփականաշնորհած Հրաչյա Ատոմյանը եւ սկսեց բղավել ու պահանջել ներկաներից լքել տարածքը, քանի որ այդ տարածքի սեփականատերը ինքն է եւ ոչ ոք իրավունք չունի այդ տարածքում կանգնել: Վեճն ավելի թեժացավ, երբ լուսանկարներով սեփականատիրոջը ցույց տվեցին, որ ինքն այս տարածքում նաեւ ծառեր է հատել, ինչին ի պատասխան Հ. Ատոմյանը նկատեց, որ սա իր տարածքն է, որի վրա ինչ գործ կուզի` կանի. «Դուք ներխուժել եք իմ սեփականության տարածք, դուրս եկեք, արագ»,-շարունակում էր բղավել նա:    

Փաստաբանը հակադարձեց սեփականատիրոջը, որ շինթույլտվության կասեցման պայմաններում իրենք տարածքի ծառերը հատել են, բակն էլ բետոնապատել: Այստեղ, սակայն, Հ. Ատոմյանը ներկայացրեց մի փատթաթուղթ, ըստ որի կասեցման մասին դատարանի որոշումը մի քանի օր առաջ վերացվել է, ինչը անկանկալի բերեց թե փաստաբանին, թե միության անդամներին: 

«Սեփականատերը ներկայացրեց դատարանի` հուլիսի 22-ի մեկ այլ որոշում, որով նախորդ դատավորի շինթույլտվությունը կասեցնելու որոշումը վերացվել էր: Մենք այդ որոշումը չէինք ստացել եւ դրա մասին չգիտեինք, բայց ինչ պարզվեց, դատավորը, որը կասեցրել էր շինթույլտվությունը արձակուրդում է գտնվել եւ մեկ այլ դատավոր է կասեցման որոշումը վերացնելու մասին կայացրել»,-հաջորդիվ իրավիճակը լրագրողներին ներկայացրեց փաստաբանը:

«Զավեշտալի մի փաստ, որ խոսում է առերեւույթ շղթայի մասին, դեռեւս քաղաքապետ Հայկ Մարությանի արձակուրդի ժամանակ, Հրաչյա Սարգսյան քաղաքապետի տեղակալը ստորագրում է շին թույլտվության մասին որոշումը, ու նույն ձեռագրով, հիմա էլ նույն ատյանի դատավորի արձակուրդի ժամանակ նույն ատյանի մեկ այլ դատավոր կասեցնում է իր գործընկեր դատավորի որոշումը: Սա խոսում է նույն ձեռագրի եւ նույն շղթայի մասին. ընտրում են արձակուրդային փուլերը եւ լուծում են խնդիրներ»,-իր խոսքում նկատեց Կինոգործիչների միության նախագահի խորհրդական Արայիկ Մանուկյանը: 

«Կարծում եմ՝ համոզվեցիք, որ սա հանցագործ խմբավորում է, որի մեջ մտնում է նաեւ քաղաքապետարանը,- միջադեպից հետո լրագրողներին ասաց Հարություն Խաչատրյանը,-Այս ավազակությունը եւ ագրեսիան, որ կա մշակույթի մարդկանց հանդեպ` պետք է վերացնել: Իսկ քաղաքապետարանը փոխանակ ճշմարտության կողմից լինի, պարզվեց ամբողջությամբ ավազակների կողմից է»:  

Մանրամասն՝ տեսանյութում։