Ստորագրահավաք՝ ընդդեմ ՌԴ-ում ոստիկանության լիազորությունների ավելացման

Ստորագրահավաք՝ ընդդեմ ՌԴ-ում ոստիկանության լիազորությունների ավելացման

ՌԴ իշխանությունները «Ոստիկանության մասին» օրենքում լրացումների ու փոփոխությունների փաթեթ են պատրաստել, որոնց համաձայն՝ ոստիկանը կարող է զենք կիրառել ոչ միայն այն դեպքում, երբ բերման ենթակա անձը փորձում է այն խլել,  այլև այլ իրավիճակներում, երբ օրինակ՝ վերջինիս գործողությունները գնահատվում են որպես հարձակման վտանգ։

Ոստիկանությանը կթույլատրվի  տարածքների արգելափակման ժամանակ կատարել այդ տեղերով անցնող անձանց զննություն, նրանց թույլ չտալ տեղաշարժվել, եթե նրանք հրաժարվում են զննությունից։

Ոստիկանները կկարողանան նաև հանցագործությունները կանխելու, մարդկանց անվտանգությունն ապահովելու նպատակով ու զանգվածային անկարգությունների ժամանակ բացել մարդկանց մեքենաները։ Տերերը այդ մասին կարող են ծանուցվել 24 ժամվա ընթացքում։ Ըստ որում,հասցված վնասի համար ոստիկանը պատասխանատվություն չի կրելու, չէ՞ որ ոստիկանության աշխատակիցը պատասխանատվություն չի կրում ծառայության մեջ գտնված ժամանակ իր գործողությունների համար։

Եվ գլխավորը՝ ոստիկանության աշխատակիցները կարող են կրակել կասկածի,  այլ ոչ թե փաստի դեպքում, որ անձը պատրաստվում է կիրառել զենք։

Միջնորդադրում նշված է, որ սա ռուսաստանյան մենթալիտետի պայմաններում բերելու է պաշտոնական լիազորությունների բազում չարաշահումների։

Միջնորդության տակ ստորագրել է 23 հազար մարդ։ Կողմնակիցները գրում են՝«Դեմ եմ, որ երկիրը դառնա ոստիկանապետություն»։ «Դեմ եմ , որ իմ երկրում հաստատվեն  «1984» -ի անտիուտոպիայի ժամանակները»։