Տարեցներին թունավորե՞լն է կազմակերպչական փորձի հիմքում 

Տարեցներին թունավորե՞լն է կազմակերպչական փորձի հիմքում 

Օգոստոսի 21-ին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի արդեն նախկին քարտուղար Ստեփան Մաչյանը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով նշանակվել է «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Ստեփան Մաչյանը, հիշեցնենք, Զարուհի Բաթոյանի քրոջ տեգրն է, որը սոցապում միանգամից 2 պաշտոն էր զբաղեցնում՝ ե՛ւ աշխատակազմի քարտուղարն էր, ե՛ւ ֆինանսատնտեսագիտական եւ հաշվապահական հաշվառման վարչության պետը։ Մաչյանին «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի աշխատակազմին ներկայացնելու ժամանակ Պապիկյանի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ասել է, թե «Ստեփան Մաչյանը կառավարման ոլորտում մեծ փորձ ունի»‚ եւ համոզմունք է հայտնել‚ որ «այդ փորձն արդյունավետորեն կներդրվի Ճանապարհային դեպարտամենտում պաշտոնավարման ընթացքում»։ 

Բանն այն է, որ սոցապնախարարության Աղավնաձորի պանսիոնատում տարեցների թունավորման պատճառ դարձած սնունդը Երեւանից Աղավնաձոր առաքող կազմակերպությունը սոցապի հայտարարած մրցույթում հաղթել է հենց Մաչյանի՝ աշխատակազմի քարտուղար եղած ժամանակ։ Հենց նա է համակարգել մրցույթի անցկացումը։ Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին մեծ աղմուկ բարձրացավ, որ թունավորվել են սոցապնախարարության ծերանոցի՝ Աղավնաձորում ապրող տարեցներն ու նրանց սպասարկող անձնակազմը։ Պատճառը, ըստ ամենայնի, պատվիրված սնունդն էր։ Ըստ «Երեւան Թըդեյ»-ի տեղեկությունների՝ պանսիոնատի սնունդը պատրաստվում էր ոչ թե տեղում, որը մատչելի կլիներ նախարարության համար, այլ Բաթոյանը նախընտրել էր Երեւանի ռեստորաններից մեկից պատվիրել։ Ընդ որում՝ օրական երեք մենյուով ընտրված սնունդը երեք անգամ առաքվել է Աղավնաձոր։ 

Փաստորեն, ականատես ենք հերթական դեպքին, երբ անձին ազատում են մի պաշտոնից եւ նշանակում մեկ այլ պաշտոնի՝ այդպես փորձելով մարել բարձրացված աղմուկը, ապա հայտարարում են, թե կառավարման հմուտ փորձ ունի։ Հարց է առաջանում՝ այդ փորձը ե՞րբ է ձեւավորվել՝ տարեցներին թունավորելի՞ս։