Կոդավորված նամակ` Զարուհի Բաթոյանին

Կոդավորված նամակ` Զարուհի Բաթոյանին

Փոքրիկ նախաբան` մինչ նամակի բուն բովանդակությանը հասնելը
Լինում է չի լինում մի ՀՀ քաղաքացի է լինում: Այդ ՀՀ քաղաքացին միայնակ ծեր կին է լինում, տեղաշարժման լուրջ դժվարություններով: Նա ունենում է մի փոքրիկ տուն Երևանի Նոր Արեշի 7-րդ փողոց 54 հասցեում:

Օրերից մի օր այդ տունը սկսում է փլվել: Դա տեղի է ունենում 2018թ. ապրիլյան հեղափոխության օրերին, իսկ արդեն նույն թվականի օգոստոսին տան պատերն այնպես են ուռչում, որ անհնար է դառնում այդ տանն ապրելը: Այդ ժամանակ միայնակ և ծեր կնոջը նրա բարեկամները տարհանում են փլատակների տակից և սկսում են հերթով ապաստան տալ նրան, մինչև տսնեն` ինչ է լինում վերջը: Առաջին պետական կառույցը, որ արձագանքում է տեղի ունեցածին, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է լինում, որտեղից, ինչպես արագ արձագանքման ծառայությունից, գալիս ու… կտրում են միայնակ ծեր կնոջ նպաստը, այն է` «Փարոսը»:

Ամալյա Մելքոնյանը, այդպես է այդ կնոջ անունը, մնալով առանց գոյության միջոցների, սկսում է նամակներ գրել էլ թաղային իշխանություններին, էլ Երևանի քաղաքապետին, էլ ՀՀ վարչապետին` ում ասես, որոնք կարող էին ու պարտավոր էին հռալ կամ բռալ այս կապակցությամբ: Բայց բոլորը ձեռքները լվանում են ու մի կողմ քաշվում: Ամալյա Մելքոնյանն, ստիպված, զանգահարում է 911:

Սրանք սիրենաները միացրած գալիս են, տունը տեսնում և Ամալյա Մելքոնյանին «ժելեզնի» արգելում տուն մտնել: Ի պատիվ ԱԻՆ-ականների, պետք է ասել, որ նրանք պատվով են կատարում իրենց գործը և իրենց հերթին բզում Երևանի քաղաքապետարանին ու սոցապնախարարությանը, թե միայնակ քաղաքացին մնացել է դրսում, ո՞նց անենք: Քաղաքապետարանն ու սոցապը, սակայն, շարունակում են լռել: Ամալյա Մելքոնյանը, պետությունից հույսը կորցրած, սկսում է դիմել զանազան հիմնադրամների, որոնց բանուգործը մարդկանց օգնելն է: Ըստերևույթին, փողից նեղված` հիմնադրամներն էլ են անտեսում Ամալյա Մելքոնյանի դիմումը: Բանը հասնում է քաղաքական կուսակցություններին դիմելուն:

Վերջիվերջո արձագանքում է «Լուսավոր Հայաստանը», որի ղեկավար Էդմոն Մարուքյանը վերցնում ու Ամալյա Մելքոնյանի նամակը հասցեագրում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին, թե «Հարգարժան տիկին Բաթոյան, Ձեր քննությանն է ուղարկվում քաղաքացի Ամալյա Մելքոնյանի դիմումը` սոցիալական նպաստից զրկելու վերաբերյալ: Խնդրում եմ Ձեր հանձնարարությունը` տիկին Ամալյա Մելքոնյանի ներկայացրած տեղեկություններն ուսումնասիրելու և նրան` ընտանիքի անապահովության գնահատման համակարգում վերականգնելու համար»:
Ի՞նչ է անում Զարուհի Բաթոյանը

Զարուհի Բաթոյանս մի էջուկեսանոց նամակ է գրում Էդմոն Մարուքյանին, թե Էդմոն ջան, Ամալյա Մելքոնյանը պետք է ՀՀ տտտտտտտը… օրենքների համաձայն մի ավտո թուղթ բերի առ այն, որ այս ընթացքում նրա ընտանիքի անդամների թվակազմը մնացել է նույնը, իսկ ամենակարևորը` Ամալյա Մելքոնյանը պետք է հաշվառման կանգնի իր փաստացի բնակության վայրի հասցեով և դիմի տվյալ հասցեն սպասարկող սոցիալական աջակցության տարածքային գործակալությանը, որից հետո միայն «նրա կողմից ներկայացված տվյալներով ձևավորված ընտանիքի անապահովության միավորի մեծությամբ կորոշվի ընտանեկան նպաստ կամ եռամսյակային հրատապ օգնություն ստանալու նրա իրավունքի հարցը»:

Ակնյայտ է, որ Էդմոն Մարուքյանին հղած այս պատասխանի հեղինակը Զարուհի Բաթոյանը չէ: Սա նախկիններից մնացած մի շաբլոն է, որ նորերն են օգտագործում` քաղաքացիների անուն-ազգանունները փոխելով: Կարճ ասած` այսպիսի պատասխան գրելը նորերի խելքի բանը չէ, և դա «զռռում է» առաջին հայացքից անգամ: Բայց այս պահին դա չէ խնդիրը:
Կոդեր` Բաթոյանի համար

1.Տիկին Բաթոյան, Ամալյա Մելքոնյանը 80-նն անց կին է, միայնակ թոշակառու, տեղաշարժման լուրջ դժվարություններով: Նրա տարիքի կանայք, սովորաբար, սեփական նախաձեռնությամբ ընտանիքի կազմը չեն ավելացնում:

2.Դուք հրաշալի հասկանում եք, որ հաշմանդամ կնոջ համար հեշտ չէ Ձեր կողմից թվարկված փաստաթղթերի փաթեթը հավաքելը:

3.ՀՀ քաղաքացի Ամալյա Մելքոնյանը մինչև տան փլուզումը ունեցել է մշտական հաշվառման հասցե և այդ հասցեով էլ ստացել է «Փարոս» կոչված ողորմությունը: Վերջին շրջանում նա տարբեր հաճախությամբ պատսպարվում է տարբեր բարեկամների տներում և չի կարող ամեն անգամ Ձեզ մշտական հաշվառման և ընտանիքի կազմի մասին նորանոր փաստաթղթեր բերել:

4.Տունը փլվել է քաղաքացու գլխին և նա հայտնվել է փողոցում: Այդ իրավիճակում Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է լուծել այդ քաղաքացու ժամանակավոր բնակության և հաշվառման հարցը և շարունակել վճարել նրա նպաստը: Հակառակ պարագայում ստացվում է, որ քաղաքացուն նպաստից զրկում եք, որովհետև նրա տունը փլվել է:

5. Եվ վերջին կոդը: Այս ամենի մասին բազմիցս գրել ու ահազանգել ենք: Այսպիսի մի քանի ահազանգից հետո ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հրաժարական տվեց: Իսկ ի՞նչ եք մտածում անել դուք, տիկին Բաթոյան` հրաժարակա՞ն տալ, թե հասկանալ խնդիրն ու ձեռք մեկնել քաղաքացուն:

Հարգանքներով`
Էդիկ Անդրեասյան