Ժամանակի վրա ոչ ոք իշխանություն չունի եւ չի կարող ջնջել այն, ինչ եղել է մայիսի 9-ին

Ինչքան էլ որ ծանր է 2020, 2023թթ․ պատերազմներից ու Արցախի հայաթափումից հետո խոսել մեր երբեմնի հաղթական եռատոնի մասին, բայց, ինչպես Արցախի Հանրապետության սպորտի վաստակավոր մարզիչ, հասարակական գործիչ Արմեն Պետրոսյանն է նկատում, ժամանակի վրա ոչ մեկն իշխանություն չունի, եւ ոչ ոք չի կարող ջնջել այն, ինչ եղել է մայիսի 9-ին։ «Մենք 30 տարի 2 հայկական պետականություն ենք ունեցել, եւ 30 տարի շարունակ մայիսի 9-ը մեզ համար եռատոն էր` տոնում էինք Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի տոնը, Շուշիի ազատագրման տոնը եւ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման օրը: Մեզ համար դա եռատոն էր, ու ես՝ որպես պահեստազորի սպա, մշտապես նշում եւ նշելու եմ այն, անկախ ամեն ինչից, որովհետեւ դա մեր պատմությունն է, մեր տոնը, որը ոչ մեկը չի կարող մեզնից խլել, ոչ ոք ժամանակի վրա իշխանություն չունի, որպեսզի ժամանակը հետ տա եւ ջնջի այն ամենը, ինչ եղել է»,-նկատում է զրուցակիցս:
Ինչ վերաբերում է Արցախ վերադարձի հույսին, ապա. «Եթե նայենք այսօր Ադրբեջանին, 94-ին այդ նույն պետությունը հույս ունե՞ր, որ այսօր մտնելու է Ստեփանակերտ ու Շուշի: Թեկուզ մեր թշնամին է, բայց իրենք էլ այս ընթացքում աշխատեցին, չէ՞, զինվեցին թե՛ ներքին դաշտում, թե՛ արտաքին քաղաքականության մեջ, պայմաններ ստեղծեցին, որպեսզի Արցախը վերագրավեն։ Հիմա նույնն էլ մենք պիտի անենք, դա չի նշանակում, որ վերադարձի հույս չկա, բայց չի էլ նշանակում, որ հենց վաղը վերադառնալու ենք Արցախ, կարող է վաղը ես չվերադառնամ Արցախ, բայց տարիներ հետո իմ թոռը վերադառնա: Պետք է երկարաժամկետ պլաններ դրվեն, ու դրա ուղղությամբ աշխատանք տարվի»:
Իշխանությունը, սակայն, երկարաժամկետ պլաններ չի մշակում, օրակարգում խաղաղության խաչմերուկն է. «Թշնամու ախորժակը հաշվի առնելով՝ պետք է այն, ինչը մեզ արգելակում է, ազատվել դրանից, առաջին հերթին իրականացնել իշխանափոխություն, եւ վաղեմի փառքը վերականգնելու համար արտաքին քաղաքականությունն էլ պետք է փոխվի: Մենք, նայելով աշխարհի փորձին ու տեսնելով, թե ինչպես է կոլեկտիվ Արեւմուտքը, ժողովրդական լեզվով ասած, քցում Ուկրաինային, Վրաստանին, պետք է հասկանանք, որ դա մերը չէ: Մենք ունենք բնական դաշնակիցներ, որոնց հետ պետք է մեր գործընկերային կապն ամրապնդենք եւ դրանով իսկ ունենանք անվտանգության երաշխիքներ, որպեսզի կարողանանք մեր ներքին քաղաքականությամբ զբաղվենք, հզորացնենք մեր բանակը, մեր ուժերը, որպեսզի վերադարձի հույսը միայն հույս չմնա, այլ դառնա վերադարձի պլան, ու այդ պլանն էլ իրականություն դառնա»:
Մայիսի 9-ի նախօրեին Ադրբեջանը Վանք գյուղում ամբողջապես ոչնչացրել է թե՛ արցախյան, թե՛ Հայրենական մեծ պատերազմի հուշահամալիրները, ինչը, Ա. Պետրոսյանի խոսքով, բացառություն չէ, քանի որ նույնն արվել է մյուս գյուղերում, քաղաքներում, այդ թվում` Ստեփանակերտում, ոչնչացվել են Մարշալ Բաղրամյանի, Նելսոն Ստեփանյանի արձանները. «Ռուսաստանի Դաշնությունը, որը Խորհրդային Միության իրավահաջորդն է, կարծես ինքն էլ է այստեղ լռում, չնայած պետական մակարդակով հայտարարում է, որ Հայրենական մեծ պատերազմի հերոսների գերեզմանների, հուշարձանների պղծումն ապտակ է Ռուսաստանի Դաշնությանը, բայց ինչո՞ւ է լռում, որովհետեւ դա պատասխանն է Հայաստանի քաղաքականության: Լռում է նրա համար, որովհետեւ Հայաստանն իրեն ճիշտ չի պահում Ռուսաստանի նկատմամբ եւ այդ ամենի վրա էլ աչք է փակում»:
Մյուս կողմից էլ, Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն Ադրբեջանի նախագահի կնոջը՝ Մեհրիբան Ալիեւային, պարգեւատրում է Ռուս ուղղափառ եկեղեցու 1-ին աստիճանի շքանշանով։ «Կիրիլը պարգեւատրում է Ադրբեջանի 1-ին տիկնոջը, Բելառուսիայի նախագահը հաճոյախոսություններ է շռայլում Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ, այդ ամենը միշտ էլ լինելու է, եւ մենք ո՛չ իրավունք ունենք Կիրիլից նեղանանք, ո՛չ էլ՝ Բելառուսիայի նախագահից: Մենք պետք է հիշենք, որ այդ նույն Կիրիլը ղեկավարում էր Ռուս ուղղափառ եկեղեցին, երբ մեր նախագահն էր Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Բելառուսիան էլ այդ ընթացքում միշտ ղեկավարում էր Լուկաշենկոն, երբ մեր ղեկավարները վերոնշյալ մարդիկ էին, ինչո՞ւ նրանք այն ժամանակ նման վարքագիծ չէին դրսեւորում, հիմա են դրսեւորում: Ուրեմն մեղքը նաեւ մեր մեջ է, եւ մեր մեջ էլ պետք է մեղավորություն փնտրենք, թե ինչ քայլեր ենք արել, որ արժանանում ենք նման վերաբերմունքի»,- ասում է Պետրոսյանն ու ընդգծում` փոխանակ մեր մեջ մեղավորներ փնտրենք եւ վերակազմակերպվենք, անընդհատ մեղավորներ ենք փնտրում:
«Ռուսաստանը հո իր կայսրական շահը չի՞ թողնելու` պահի մի ազգի, որն իր դաշնակցական պարտականությունները չի կատարում: Եկեք չմոռանանք, որ 2013-ին ամենաբարձր մակարդակով Ռուսաստանը հայտարարեց, որ հետսովետական պետություններում ցանկացած գունավոր հեղափոխություն համարվելու է թիկունքից հարված Ռուսաստանին: Ու դրանից հետո մենք հեղափոխություն արեցինք, հիմա ի՞նչ պատասխան ենք սպասում` մեզնից շնորահակա՞լ լինեն: Առաջին հաղթանակի զորահանդեսը, որ տեղի ունեցավ Ստեփանակերտում, իրականացվեց ռուսաց լեզվով, եւ դա պատահական չէր, ինչպես որ պատահական չէր Ադրբեջանի դեպքում, երբ 2020-ի ռազմական հաջողությունից հետո հաղթական զորահանդես արեց Թուրքիայի դրոշով` իր զինծառայողների թեւնոցները զարդարած։ Նա դրանով ցույց տվեց, թե այդ հաղթանակի մասնաբաժինը նաեւ ում փայն է, եւ մենք էլ, երբ մեր զորահանդեսը ռուսերենով արեցինք, պատահական չէր, որը ժամանակի ընթացքում մոռացանք ու հիմա ունենք այն, ինչ ունենք»:
Կարծիքներ