Պատերազմը մոտ է

Պատերազմը մոտ է

Վերջին շրջանում Հայաստանի պատմության մեջ բացառիկ տրամադրություններ են նկատվում։ Լուրջ հիմքեր կան կարծելու, թե Հայաստանը պատերազմ է ուզում, ամեն ինչ անում է դրա բռնկման համար և ինտենսիվորեն պատրաստվում է դրան։ Բանը հասել է նրան, որ կանոնավոր բանակն այլևս մեզ հերիք չէ, հիմա էլ աշխարհազոր է անհրաժեշտ։ Ես բավականին երկար ժամանակ մանրամասն հետևում եմ Ղարաբաղյան հակամարտության պատմությանն ու ընթացքին և երբևէ նման իրավիճակ չեմ հիշում, որ հայկական կողմն այսքան բացեիբաց գնա առճակատման ու իրավիճակի սրման։ 

Ի դեպ Նիկոլ Փաշինյանի հիմնական ընդդիմախոսները նրան մեղադրում են հող հանձնելու, պարտվողական կեցվածքի, Արցախը Ադրբեջանին հանձնելու և այլ մահացու մեղքերի մեջ։ Էս ամենն իհարկե հերյուրանք է, հեքիաթ, քանի որ նկատվում է ամբողջությամբ հակառակ իրավիճակը․ Իմ տպավորությամբ Նիկոլ Փաշինյանը միտումնավոր կերպով տապալել է բանակցային գործընթացը, առնվազն այնպիսի անթույլատրելի հայտարարություններ է արել, որոնց հետևանքով փակուղային իրավիճակ է ստեղծվել և հիմա պատրաստվում է պատերազմի։ Քանի որ բանակցությունների այլընտրանքը պատերազմն է։ 

Պնդել եմ ու շարունակում եմ պնդել, որ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի հետ ոչ այնքան բարիդրացիական, սառը հարաբերությունները պայմանավորված են նաև հենց այս հանգամանքով, հատկապես Վաշինգտոնի համար անընդունելի է Երևանի այս ապակառուցողական վարքագիծը, քանի որ դա վտանգում է տարածաշրջանի կայունությունն ու անվտանգության համակարգը։ Եթե պատկերավոր ասենք, ապա Փաշինյանը շարժվում է ոչմիթիզականության ճանապարհով և հետևողականորեն խուսափում է բանակցություններից, փախչում է, մանևրում է և դրա հետ զուգընթաց բանակցությունը վտանգող հայտարարություններ անում։ 

Բայց սա դեռ ամենը չէ, Հայաստանը նաև Թուրքիային է սկսել սադրել և Սևրի պայմանագրի վերաբերյալ վարչապետի և մյուս պաշտոնատար անձանց ուղերձները ասվածի լավագույն վկայությունն են։ Ենթադրում եմ սա էլ պատահական չի արվել, քանի որ դրանով Երևանը փորձում է Ադրբեջանի հետ բախման ժամանակ նպաստավոր պայմաններ ստեղծել Թուրքիայի առավելագույն ակտիվության համար։ Իսկ ակտիվացնել Թուրքիային նշանակում է խաղի մեջ մտցնել Ռուսաստանին։ Եվ մինչ Ռուսաստանը զբաղված է լինելու Թուրքիան սանձելով և նրա ազդեցությունը Ադրբեջանում նվազեցնելով, Հայաստանը Մոսկվայի օգնությամբ կարող է որոշակի հաջողություններ արձանագրել Ադրբեջանի հետ շփման գծում։ Էս պարագայում արդեն ռուսներին էլ է ձեռք տալու, որ Հայկական բանակը ճնշումներ գործադրի Ադրբեջանի վրա, որ Բաքուն հասկանա, որ առանց Ռուսաստանի միջամտության հայկական մահակը կարող է ցավոտ լինել։ 

Նիկոլ Փաշինյանին օդ ու ջրի պես փոքրիկ և նույնիսկ սիմվոլիկ հաղթանակ է պետք Ադրբեջանի նկատմամբ կամ նույնիսկ հաղթանակի պատրանք, միֆ, ներքին լսարանին կերակրելու համար։ Հեղափոխական հռետորաբանությունը սպառվել է, սոցիալական պոպուլիզմը նույնպես, իսկ Տավուշյան մարտերը քիչ են այդ բացը լրացնելու համար։ Պետք է այնպիսի բախում, որի քարոզչությունը կծածկի տնտեսական բարեփոխումների բացակայությունը, կոռուպցիայի դեմ պայքարի ձախողումն ու հավերժ կլեգիտիմացնի փաշինյանական վարչակազմի գոյությունը Հայաստանում։ Այս մոտեցմամբ Փաշինյանը նաև փորձում է չեզոքացնել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ազդեցությունը՝ հիմնավորելով նրա թեզերի սխալականությունն ու խոցելիությունը։ Ինչպես նաև երկրորդ և երրորդ նախագահներին, որոնց հիմնական հաղթաթուղթը պատերազմի դիսկուրսն է։ Վերջին երկուսին Նիկոլ Փաշինյանը անընդհատ կհիշեցնի, որ իրենք Մեղրին փոխանակող և դիրք ու հող հանձնող ղեկավարներ են եղել, իսկ ինքը՝ հաղթանակած գերագույն հրամանատար է, որը ծնկի է բերել Ադրբեջանին։ 

Սա մի մեծ ու քայքայիչ արկածախնդրություն է, որի հաջողման դեպքում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ հարաբերությունները էլ ավելի են սառեցվելու, և դրան զուգահեռ մեծանալու է Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից, այսինքն, մենք զիջելու ենք մեր ինքնիշխանության ինչ-որ բաղադրիչներ հանուն Նիկոլ Փաշինյանի լեգիտիմության և փառքի հասնելու բնազդի։ Հայաստանն էլ ավելի է աղքատանալու, սոցիալական վիճակը ծանրանալու է, իսկ ի հակադրություն դրան, Փաշինյանի անվերահսկելի մենիշխանությունը էլ ավելի է ամրապնդվելու և զարգանալու։ 

Իսկ եթե էս ծրագիրը ձախողվի, ապա մեզ շատ ավելի մեծ աղետ է սպասվում, այն նույն աղետից, որից մենք մի կերպ խուսափեցինք Ապրիլյան պատերազմի ժամանակ։ Հույս ունեմ, որ սխալվում եմ, նաև հույս ունեմ, որ բանակցությունները կվերսկվեն և մենք մեկ քայլ առաջ կգնանք հակամարտության կարգավորման գործում։ Ամեն դեպքում շատ փոքր, բայց հույս ունեմ։