Բրյուսելում չեն հաշտվում այն մտքի հետ, որ հաղթել է այն ուժը, որի վրա իրենք խաղադրույք չեն կատարել

Բրյուսելում չեն հաշտվում այն մտքի հետ, որ հաղթել է այն ուժը, որի վրա իրենք խաղադրույք չեն կատարել

Հարցազրույց քաղաքագետ, Վրաստանի նախագահի եւ կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Պետրե Մամրաձեի հետ:

- Ընտրությունները կայացան, սակայն ընդդիմությունը պայքարի է դուրս եկել։ Ի՞նչ է տեղի ունենում Վրաստանում:

- Ինչ որ եղավ, նախապես պլանավորված էր։ Եղել են զեկույցներ, ինչպես, օրինակ, գերմանական Ջորջ Մարշալի ֆոնդի, Մաքքեյնի ինստիտուտի, երկուսն էլ ստորագրվել են տիկին Լորա Թորընթընի կողմից․ նա եղել է Թբիլիսիում NDA-ի ղեկավարը՝ ԱՄՆ ազգային դեմոկրատական ինստիտուտի: Նա շատ մտերիմ էր, ռուսերեն են ասում՝ водой не разольешь, Սահակաշվիլու «Ազգային շարժման» հետ: Եվ դեռ այն ժամանակ անոնսավորվում էր, որ եթե «Վրացական երազանքը» հաղթի ընտրություններում, հաղթանակի փաստը պետք է դիտարկել որպես ընտրությունների կեղծում, իշխանության զավթում: Տրամաբանությունը հետեւյալն է․ մենք՝ բոլորս, գիտենք, որ սոցհարցումների արդյունքներով Վրաստանի բնակչության ոչ պակաս, քան 75-80 տոկոսն աջակցում է եվրաինտեգրման քաղաքականությանը, Վրաստանի եվրոպական ուղուն: Իսկ «Վրացական երազանքը» վերջին շրջանում իր քայլերով, թափանցիկության մասին օրենքով, ԼԳԲՏ-ի պրոպագանդայի արգելքով, այսինքն՝ ընտանեկան արժեքների պաշտպանությամբ, այդ ուղուց բացահայտ շեղում են համարել։ «Վրացական երազանք» կուսակցությունն իրեն թույլ է տալիս քննադատել եվրոպական իշխանությունների քաղաքականությունը, բնակչությունը դա տեսնում է, եւ 75-80 տոկոսը չէր քվեարկի «Վրացական երազանքի» օգտին: Այսինքն, իրենց տրամաբանությամբ, արդար ընտրությունների պարագայում այն չէր կարող ստանալ 25 տոկոսից ավելին: Եվ դա լավագույն ապացույցն է, որ ընտրությունները կեղծվել են: Այնուհետեւ գնում են առաջարկությունները՝ բոլոր եվրոպացի լիդերները նույն օրը պետք է հայտարարեն, որ ընտրությունները կեղծված են, բնակչությունից գողացված են, որ խորհրդարանը լեգիտիմ չէ եւ այլն, մինչեւ իշխանությունը չհեռանա: Եվ, իսկապես, երբ ԿԸՀ-ն հայտարարեց արդյունքները` առաջին անգամ ընտրություններն էլեկտրոնային ձեւով անցկացվեցին, ու զարմանալի չէ, որ ընտրությունների ավարտից հետո շատ արագ արդյունքը պարզ էր: «Վրացական երազանքը» ստացավ 54 տոկոս ձայն, այսինքն՝ 4 անգամ ավելի, քան իրեն հաջորդող կուսակցությունը: Իսկ 4 ընդդիմադիր կուսակցությունները բաղկացած են հիմնականում ազգայնականներից՝ նացիստներն են, Սահակաշվիլու նացիստները, ընդհանուր առմամբ, նրանք հավաքեցին մնացած՝ 45 տոկոսից էլ քիչ, ու մի շարք կուսակցություններ չկարողացան անցնել 5 տոկոսանոց բարիերը:

- Ընտրություններից անմիջապես հետո չսկսվեցին բախումները, այլ՝ ավելի ուշ, ինչո՞ւ:

- Այո, նույն օրը չէ, ոչ էլ հաջորդ օրը բախումներ չսկսվեցին, երեւում էր, որ հասարակությունն այն նախատրամադրվածությունը չունի, որ իրենց ձայնը գողացել են, եթե նման բան լիներ, Վրաստանի բնակչությունը երբեք չէր սպասի ինչ-որ հրահանգների կամ ուղերձների, իրենք իրենցով դուրս կգային փողոց` ոչ ոք չշարժվեց: Անցան օրեր, մինչեւ Սահակաշվիլու նացիստները կարողացան կազմակերպել առաջին ելույթները՝ իրենց ոչ պետական կազմակերպություններով, եւ սկսվեց բողոքի ակցիան, որն առավել կուրիոզ ու ծիծաղելի էր, որովհետեւ ԵԱՀԿ դիտորդներն ընտրությունների մասով դրական կարծիք հայտնեցին, որ դրանք օրինական են, եւ, ի դեպ, վերջերս նաեւ պաշտոնական նամակով հաստատեցին իրենց գնահատականը, սակայն ընդդիմությունը եւ Արեւմուտքի շատ ներկայացուցիչներ հստակ հետեւում են Մաքքեյնի ինստիտուտի եւ մյուսների գրած ծրագրին: Ամեն օր հայտարարվում էր, որ ընտրությունները չեն կայացել, որ պետք է նորից ընտրություն անցկացնել, սակայն թե ինչու՝ դա բացատրել չէին կարողանում: Իսկ լարվածությունը եղավ այն ժամանակ, երբ Վրաստանի վարչապետ Կոբախիձեն, որն արդեն նոր ընտրված խորհրդարանի կողմից հաստատված է, հայտարարեց, որ այս տարիներին ականատես եղանք, որ ԵՄ լիդերները մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ օգտագործում են Վրաստանին շանտաժի ենթարկելու համար, ինչը ես էլ եմ հաստատում: Ուզում եմ շեշտել, որ «Վրացական երազանքի» հետ ես ոչ մի առնչություն չունեմ, անկախ անալիտիկ-փորձագետ եմ, 2 անգամ պատգամավոր եմ եղել, սակայն ոչ «Վրացական երազանքից», ու շատ հաճախ անողոքաբար իրենց քննադատել եմ՝ բազմաթիվ սխալների համար: Վարչապետն ասաց, որ որոշել են իրենց կողմից օրակարգային հարց չդարձնել ԵՄ-ի հետ Վրաստանի անդամության հարցի բանակցությունները, սակայն նաեւ ասաց, որ չեն հրաժարվում այդ բանակցություններից, ավելին, թեկուզ վաղը, ցանկացած օր, եթե ԵՄ-ն առաջարկի Վրաստանին նման բանակցություններ, իրենք պատրաստ են, կստորագրեն դա: Բացի այդ, հայտարարեց, որ հրաժարվում են ընդունել որեւէ բյուջետային գրանտներ Եվրամիությունից, եւ շեշտեց, որ ցանկացած այլ օգնություն՝ ֆինանսական եւ այլ տեսակի, ողջունվում է, եւ ոչ ոք դրան չի խանգարելու: Եվ բացատրեց, որ այս քայլերով իրենք չեզոքացնում են ԵՄ-ից ոմանց` Վրաստանին շանտաժի ենթարկելու հնարավորությունը, ինչպես դա եղավ 2020 թ. ընտրություններից հետո, երբ սպասում էին անդամության թեկնածուի ստատուսին, եւ երբ եվրոպացի փորձագետները գրում էին, որ Վրաստանն ավելի շատ է արժանի այդ ստատուսին, քան Մոլդովան կամ Ուկրաինան` բոլոր կետերով, նրանց տվեցին այդ ստատուսը, իսկ Վրաստանին` ոչ: Իսկ հետո վերջապես Վրաստանին տրվեց այդ ստատուսը, ու սկսվեց այդ շանտաժը՝ այդ երկու օրենքը հետաձգեք, ու մենք ձեզ կընդունենք ԵՄ եւ այլն:

- Ինչպե՞ս փոխվեց ցուցարարների տակտիկան:

- Սկզբում նրանք ուղղակի կանգնում էին ոստիկանների դիմաց ու լռում, հետո պետք էր ինչ-որ ակտիվություն մտցնել, եւ որոշ ժամանակ հետո սկսում են կրակել ոստիկանների վրա պիրոտեխնիկայից՝ հրավառ նյութերով, ընդ որում՝ այնքան ուժեղ, որ երբ ընկնում են խորհրդարանի շենքի վրա, կոտրում են ապակիները, սկսվում է հրդեհ, կոտրված պատուհաններից ներս հատուկ հեղուկով տարաներ են գցում: Հետո սկսվում է քարերի տարափը, իսկ ոստիկանները պաշտպանվում են վահաններով: Ու դա երկար է տեւում. ես նման բան առաջին անգամ եմ տեսնում, որովհետեւ գիտեմ, թե Արեւմուտքում ինչպես է` թող գոնե մի մարդ փորձի կրակել պիտարդայով: Երբ հասնում է կուլմինացիան, խորհրդարանն է արդեն վառվում, ոստիկանությունը խնդրում է մարդկանց՝ հեռանալ, անօրինական քայլեր չանել, զգուշացնում է, որ շուտով սկսելու են Ռուսթավելիի պողոտայի ազատման աշխատանքները, եւ արցունքաբեր գազից բացի ոչինչ չեն օգտագործում, իսկ հետո փորձում են ձերբակալել նրանց, ովքեր քարեր են շպրտել ու պիրոտեխնիկայից կրակել: Առավել վտանգավորն այն է, որ ցուցարարների մոտ վերջերս հայտնվել են ֆիրմային որսորդական ճեղապարսատիկներ: Դա հիմա շատ մոդայիկ է Եվրոպայում, ԱՄՆ-ում, դրանք կրակում են հատուկ երկաթյա սուր ծայրով գնդիկներով, ու դրանով ցանկացած որս կարելի է անել՝ նապաստակ, եղնիկ։ Դա արդեն լուրջ զենք է, որը մահացու ուժ ունի, եթե դիպչի թիրախին: Եվ ոստիկանները փորձում են նմաններին բռնել. արդեն 100 ոստիկան է տուժել: Եվ եթե շարունակեն ոստիկաններին այդ տարափի տակ կանգնեցնել, ի վերջո, այն կդադարի գործել, որովհետեւ ոստիկանությունը դրա համար չի ստեղծվել:

- Իսկ ցուցարարներին ովքե՞ր են նման միտք հուշել:

- Խուզարկություններ իրականացվեցին, այսպես կոչված, քաղաքական կուսակցությունների կենտրոնական գրասենյակներում, առգրավեցին հրավառության նյութերի հսկայական քանակ, Մոլոտովի կոկտեյլներ, որոնք այնքան գեղեցիկ վառվում էին Ռուսթավելիի պողոտայում։ Բավական քանակի հրազեն են առգրավել հատկապես Կեզարիշվիլու տնից, որը նախկինում Վրաստանի պաշտպանության նախարարն էր եւ որը հետո մեկ օրում դարձավ միլիարդատեր՝ պաշտոնապես մեկուկես միլիարդ է հաշվեհամարի վրա: Ապրում է Լոնդոնում՝ շքեղ տանը: Երբ նրան ձերբակալեցին Ֆրանսիայի իշխանությունները` 1 տարի առաջ, Սահակաշվիլին դիմեց Օլանդին՝ խնդրելով բաց թողնել Կեզարիշվիլուն, քանի որ վերջինս իր քաղաքական ուժի գլխավոր ֆինանսիստն է: Նա պահում էր, այսպես ասած, общаг-ը, ինչպես Սահակաշվիլին անվանում է իրենց թալանած ընդհանուր կապիտալը: Հիմա էլ հետաքննում են տարբեր վայրերում թոշակառուներին ինչ-որ ծրագրով թալանելու նրա նախաձեռնությունը: Ահա՝ այսպիսի իրավիճակ: Նրանք, ովքեր քարերով ու պիտարդաներով հարձակվում են ոստիկանների վրա, նրանց մեջ քիչ չեն մարդիկ, ովքեր դատվածություններ ունեն՝ գողություն, կողոպուտ, եղել են բանտում:

- Արեւմտյան երկրներից արձագանքների մասով ի՞նչ կասեք:

- Կարեւոր է ասել, որ արեւմտյան լիդերներից շատերը՝ Լեհաստանը, բալթյան երկրները, մյուսները, ամեն օր հայտարարում են, որ խաղաղ դեմոնստրացիան դաժան ձեւով ցրել է Վրաստանի ոստիկանությունը, որը ծառայում է ընտրությունը կեղծած Վրաստանի իշխանություններին: Շատ հետաքրքիր է, գիտեք` ձեր դատարանը Ստրասբուրգում քանի անգամ հաստատեց, որ ամեն ինչ ճիշտ է արվել, ԵԱՀԿ միսիան էլ է հաստատել, որ արդար ընտրություններ են եղել, իսկ, ահա, Եվրախորհրդարանում հայտարարեցին, որ իրենք չեն վստահում ԵԱՀԿ դիտորդներին, չեն հավատում ստրասբուրգյան դատարանին: Դրանք խորքային գործընթացներ են, որ գնում են Եվրոպայում, եւ ինչի մասին գրում էին արդեն շատ տարիներ եվրոպացի քաղաքագետներն ու վերլուծաբանները:

- Կուլմինացիան ինչպիսի՞ն է լինելու:

- Կուլմինացիան կարող է լինել նույնպիսին, ինչպես 2020 թվականին, երբ Սահակաշվիլու նացիստները եւ մյուսները 7 ամիս բոյկոտում էին խորհրդարանը, պահանջում էին վերահաշվարկ անել, ի վերջո, միջամտեց դիպկորպուսը, որը մշտապես իրենց պաշտպանում էր, վերահաշվարկ արեցին, ու պարզվեց, որ մի փոքր տարբերություն կար, իսկապես, բայց՝ «Վրացական երազանքի» օգտին: Սկանդալ տեղի ունեցավ, իսկ այդ կինը՝ վրացուհին, որը ղեկավարում էր «Ազատ եւ արդար ընտրություններ» ՀԿ-ն, ստիպված էր հեռանալ զբաղեցրած դիրքից: Արեւմտյան կողմը միանգամից հայտարարեց, որ վերահաշվարկն արված է, պարզվեց, որ ընտրությունների կեղծումը սուտ պատճառաբանությունների վրա է դրված եղել, եւ արդեն հուլիսին նրանք գնացին խորհրդարան՝ 2021 թվականին: Դա՝ այն ժամանակ, հիմա ամեն ինչ ավելի բարդ է, որովհետեւ արեւմտյան ստրուկտուրան փոխանակ ասի` վերահաշվարկ արեք ու հանգստացեք, անընդհատ բզբզում է: Չեն ասում, որովհետեւ վերահաշվարկն արված է, ամեն ինչ հաստատված է, ու ոչ ոք չի կարող ասել՝ սխալ թվեր են, որովհետեւ նույնիսկ Արեւմուտքի մի շարք ներկայացուցիչներ են դա փաստում: Նրանցից ոմանք ասում են, որ Սալոմե Զուրաբիշվիլին խնդրում է մեզ ասել, որ այս ընտրությունները կեղծված են, մենք, իհարկե, պատրաստ ենք, բայց ո՞ւր են ապացույցները, նույնիսկ հայտնվեցին Եվրախորհրդարանի առանձին պատգամավորներ, օրինակ, ֆրանսիացի պատգամավորը, որն ասաց, որ Թբիլիսիում դեմոկրատիայի հետ խնդիր չկա, դեմոկրատիայի հետ խնդիր կա Բրյուսելում, որտեղ ոչ մի կերպ չեն կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ Վրաստանում ժողովուրդն ընտրեց այն ուժին, որի վրա Բրյուսելում խաղադրույք չէին կատարել։