12 հոգի՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի մրցույթի նախավերջին օրը

12 հոգի՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի մրցույթի նախավերջին օրը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն իր թեկնածությունն է առաջադրել հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր պաշտոնի համար։ 

Ըստ որում, ՀՌԱՀ նախագահի ընտրության հանձնաժողովից չեն հայտնում նաև թեկնածուների անունները։ Խոստանում են հրապարակել վաղը երեկոյան, երբ կավարտվի մրցույթին փաստաթղթեր ներկայացնելու ժամկետը։ 

 «Չի կարելի ասել»,- «Հրապարակին» հայտնեց մրցույթի կազմակերպման հանձնաժողովից Վոլոդյա Դավթյանը։ 

Դիտարկմանն էլ, թե Ռադիոյի տնօրենի մրցութային հանձնաժողովն ասում է թեկնածուների անուն-ազգանունները, հեռախոսի գծի այն կողմում պատասխանեցին՝ էս մեկը չենք ասում։

 «Ո՞վ է որոշել այդ աշխատակարգը, ի՞նչ պահանջ է»․ մեր այս հարցին ի պատասխան ասացին՝ վերջում հրապարակվում է, թե ով է ներկայացրել։
Իսկ մրցույթի հաղթողն արդեն փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետից հետո՝ մինչև տասն օրվա ընթացքում, կորոշվի։

Վոլոդյա Դավթյանն ասաց, որ հնարավոր է՝ որոշ թեկնածուներ հրավիրվեն հարցազրույցի, որոշները՝ ոչ։

Մրցույթը լինելու է բաց, այսինքն՝ թեկնածուների ծրագրի ներկայացման, նրան հարցեր տալու ժամանակ կարող են ներկա լինել լրագրողներ։ Թեկնածուներին ընտրելու են փակ-գաղտնի քվեարկությամբ՝ ՀՌԱՀ-ին առընթեր Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի ընտրության 5 հոգանոց հանձնաժողովի անդամները․ ՀՀ նախագահի խորհրդական Համլետ Գասպարյան, մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյան, Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյան, «168 ժամ» օրաթերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյան, ԱԺ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյան։

Հիշեցնենք, որ երեկ «Հրապարակը» տեղեկացրել էր, որ առաջադրվածների թվում է նաև ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանը, ում՝ մրցույթին մասնակցելու մտադրության մասին վաղուց էր խոսվում, բայց ՀՌԱՀ նախագահը հերքում էր, թե պատրաստվում է մրցույթին մասնակցելու հայտ ներկայացնել։ 

Այս պահին հայտնի են մի քանի հայտատուների անուններ՝ ՀՌԱՀ նախկին նախագահ Գագիկ Բունիաթյան, «Լրաբեր» ծրագրի տնօրեն, հեռուստամեկնաբան Արայիկ Մանուկյան, հաղորդումների հեղինակ, սցենարիստ Արթուր Բախտամյան, հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյան, ՀՌԱՀ իրավաբան Արմեն Մկրտչյան, նախկին փոխքաղաքապետ, «Արարատ» մշակութային ալիքի նախկին պրոդյուսեր Արամ Սուքիասյան, «Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյան։