Քանդել, ո՛չ կառուցել

Քանդել, ո՛չ կառուցել

Ժամանակին մենք անդրադարձել ենք ե՛ւ Կոնստանտին Օրբելյանի, ե՛ւ Ագնեսա Շահնազարյանի (Վանաձորի թատրոնի տնօրեն) նշանակումներին։ Քննադատել ենք այդ որոշումները, քանի որ թեկնածուները, նախ՝ հավատ չէին ներշնչում, որ կկարողանան գլուխ հանել իրենց վստահված գործից, իսկ Օրբելյանի դեպքում տարվա կեսն օվկիանոսից այն կողմում անցկացնելը կխանգարեր իր աշխատանքին։

Բայց անցավ ժամանակ, եւ այդ երկու օջախներից սկսեցին լուրեր հասնել մեզ՝ նոր ներկայացումների, աշխուժության, կոլեկտիվի գոհունակության մասին։ Հատկապես Օպերան, որն ավանդաբար բարդ օրգանիզմ է եղել, եւ մշտապես անհաշտ մթնոլորտ է տիրել տարիներ շարունակ, հանդարտվեց, մտավ աշխատանքային հուն։ Իսկ աշխատող օրգանիզմին խանգարելն ուղղակի անթույլատրելի է, քանի որ մեզանում հենց դրա պակասը կա՝ խաղաղ աշխատանքային առօրյայի, ապագայի ծրագրերի, առողջ մթնոլորտի, դրական հեռանկարի։

Ի՞նչ իմաստ ունի քանդել աշխատող օրգանիզմը՝ լինի դա օպերային թատրոն, թե թատրոնին մերձակա սրճարան։ Ինչպե՞ս կարելի է աշխատող կադրին փոխարինել փորձ չունեցող մեկով։ Ո՞վ կարող է բացատրել իմաստը։ Առհասարակ՝ ամեն ինչ քանդելու, ավիրելու, հին կադրերին նորերով՝ յուրայիններով փոխարինելու, հընթացս անկայունություն, իրարանցում առաջացնելու իմաստը ո՞րն է։

Արդյոք այս քայլերը չե՞ն պատճառը, որ մարդիկ իրենց զգում են՝ ինչպես հրաբխի վրա, չեն զգում դրական փոփոխությունների եւ ըստ այդմ՝ թունելի վերջում լույսի առկայությունը։ Մի օր Ուրցաձորում ու Արամուսում, մյուս օրը Ավշարում եւ Բագրատաշենում, հետո Երեւանի պետական համալսարանում ու Օպերայում, այս շարքը հենց այդ տուրբուլենտության վիճակն է ստեղծում՝ չթողնելով մարդկանց կենտրոնանալ իրենց աշխատանքի, ստեղծագործելու, հեռանկարային ծրագրեր կազմելու վրա։