Ես կրակի մեջ եմ, որ մարզպետի հետ սովորել եմ մի կուրսում. Վարդենիսում լարված իրավիճակ է

Ես կրակի մեջ եմ, որ մարզպետի հետ սովորել եմ մի կուրսում. Վարդենիսում լարված իրավիճակ է

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում քաղաքապետի ընտրությունները շարունակում են լարված մթնոլորտում անցնել։ Այսօր առավոտյան թեկնածուներից Գեւորգ Սիմոնյանը իր համակիրների հետ փակել է Վարդենիս-Երեւան մայրուղին։ Նրանց խոսքով՝ անհավասար մրցակցություն է ստեծվել, Սիմոնյանը փորձել է հանդիպել Վարդենիսի հիվանդանոցի աշխատակիցներին, սակայն չի կարողացել, մինչդեռ մյուս թեկնածուները նման արգելքի չեն հանդիպել։

Վարդենիսցիները նաեւ նշում են, որ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Մելքոնյանին սատարում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը. նրանք համակուրսեցիներ են եւ մտերմիկ հարաբերություններ ունեն։

«Հրապարակ»-ի հետ զրույցում Արամ Մելքոնյանն ասաց՝ որեւէ խոչընդոտ չի ստեղծվել․ «Ես չեմ էլ խառնվում, ես չգիտեմ՝ խի պիտի թույլատրվի հիվանդոցների աշխատակիցներին չհանդիպել կամ խի պիտի չթույլատրվի։ Ես էդ մասով չեմ զբաղվել»։ Անդրադառնալով մարզպետի ազդեցությանն ընտրական պրոցեսին՝ Արամ Մելքոնյանը նշեց․ «Ես ընդհանրապես կրակի մեջ եմ, որ մարզպետի հետ սովորել եմ մի կուրսում, մարզպետին տեսել եմ վերջին անգամ մի ամիս առաջ, չեմ էլ հարցրել ոչինչ, տեսել եմ մարզպետին մեկ ամիս առաջ, չեմ էլ հասցրել հետ խոսեմ։ Չեմ հասկանում խի՞ են կապում մարզպետի հետ։ Խուճապ ա մարդկանց մեջ, որ վերջապես տեսել են մի մարդ, որ արդար աշխատում ա»։

Ըստ ԺՊ-ի՝ քարոզարշավը շատ լավ է անցել, լարված մթնոլորտ չի եղել։ Նշենք, որ Վարդենիսի քաղաքապետի ընտրություններին մասնակցում է 9 թեկնածու։