«Հրապարակ»․ Ես քաղաքական մարդ չեմ, բայց ունեմ քաղաքացիական դիրքորոշում

«Հրապարակ»․ Ես քաղաքական մարդ չեմ, բայց ունեմ քաղաքացիական դիրքորոշում

Արամի 23 հասցեի հուշարձան-շենքի քանդման հարցով տարվող քրեական վարույթի հիմնական մասի քննությունն ավելի քան 5 տարի ձգձգվում է։ Նոր ահազանգ է հնչեցնում «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը՝ տեղեկացնելով, որ այս թեմայով դատական գործը շարունակվում է, եւ այժմ Հակակոռուպցիոն դատարանում քննվում է այս՝ հերթական անհիմն որոշման դեմ իրենց բողոքը, իսկ դատավորի որոշումը հրապարակվելու է օրերս։

«Մեր դատական պրոցեսներն այնքան շատ են, որ երբ առավոտյան արթնանում եմ ու զանգահարում եմ հիմնարկ, նախ հարցնում եմ՝ այսօր որտե՞ղ ենք գնում դատի,- կես լուրջ-կես կատակ ասում է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանն ու նկատում, որ թե՛ երգչախմբի շենքի, թե՛ հաստիքների կրճատման հետ կապված՝ մի քանի դատական հայց ունեն։- Մենք 8-9 հայց ունենք։ Բայց ասեմ, որ մենք լավ դատավորներ էլ ունենք, որոնց համար միեւնույն է՝ Տիգրան Հեքեքյանն է, վարչապետն է, թե հավաքարար, իրենք արդար ճանապարհով գնացող դատավորներ են եւ այդ առումով հույս ներշնչում են, որ արդար դատական գործընթացով կարելի է արդարության հասնել։ Համենայնդեպս, մենք 5-6 դատական հայցեր արդեն հաղթել ենք, Արամի 23-ի հետ կապված պարբերաբար դրական ազդակներ ենք ստանում, ուղղակի վատն այն է, որ դատախազությունը բռնել է հակառակ կողմը, փոխարենը դրանից վեր կանգնի։ Սա է ցավ պատճառում»։  

Ամիսներ առաջ, քաղաքապետի որոշմամբ, իրեն ազատեցին Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնից, ի վերջո, ո՞րն էր պատճառը՝ իր հանրային ու քաղաքացիական կեցվա՞ծքը՝ մի շարք հարցերի վերաբերյալ։ «Ես քաղաքական մարդ չեմ, բայց ունեմ քաղաքացիական դիրքորոշում եւ այդ քաղաքացիական դիրքորոշման պատճառով միշտ տուժել եմ, որովհետեւ չեմ թողել ու թողնում, որ իմ քաղաքը, երկիրը փչացնեն, եթե ինչ-որ բան դուրս չի գալիս։ Ես պատրաստ եմ վատամարդ լինել ու բարձրաձայնում եմ ցանկացած խնդիր, որովհետեւ, երբ բարձրաձայնում ես, ինչ-որ տեղ զգոն են դառնում, քաղաքացիական հասարակություն է ձեւավորվում, ես այդպես եմ մեծացնում իմ երեխաներին։ Երբ դեռ տնօրեն էի, իսկ այդ ժամանակ գրեթե բոլոր տնօրենները Հանրապետական կուսակցության անդամ էին, այդ ժամանակ էլ ունեի խնդիրներ, օրինակ՝ մեր դպրոցը չէր վերանորոգվում, որովհետեւ ես հանրապետական չէի, բայց անձնապես խնդիր չեմ ունեցել քաղաքապետերի հետ, իմ անկախության մեջ եմ միշտ եղել, բայց մեր երկրում չեն սիրում անկախ մարդկանց, ու սա էլ է մշակույթի պակաս։ Մենք ունեցել ենք փոխվարչապետ Գրիգոր Արեշյան, այ, նա վարչապետ էր, մշակութահեն մարդ էր, նրա հետ շփվելն էլ էր հաճելի, բայց ոչ հեշտ, իսկ երբ մարդիկ չունեն այդ հենքը, դառնում են ամենապարզ չինովնիկի բիրտ, ինքնահավան տեսակը։ Այդպիսի խնդիրներ տարբեր ժամանակներում եղել են, բայց կարմիր գծեր ոչ ոք չէր հատում, որովհետեւ սովետի դպրոցում կրթություն էին ստացել։ Հետո, ես վաղուց էի ուզում դուրս գալ, բայց սկզբունքի հարց կար, ի վերջո, ուղղակի դիմում գրեցի, դուրս եկա»,- ասում է Տ․ Հեքեքյանն ու անդրադառնում Պատանի հանդիսատեսի թատրոնի շուրջ ստեղծված իրավիճակին։

«Հիմա նույն բանը տեղի է ունենում Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի հետ, որին անարդար ձեւով ազատեցին աշխատանքից։ Սա ինքնիրավչություն է, եւ կարծում եմ՝ Պետական վերահսկողական ծառայությունը պետք է դրանով զբաղվի, այդ ի՞նչ վարչություն է, որ ինչ ուզում, անում է, եւ դա կուլ են տալիս։ Սա պետության թույլ տեղն է, եթե այս բաները կուլ են գնում, ժողովուրդն էլ ասում է՝ ո՛չ այս իշխանությունն է բանի պետք, ո՛չ պետությունը, բայց պետությունը կապ չունի, իշխանավորները պետք է մաքրեն իրենց շարքերը, հսկեն, հասկանան՝ ինչ է տեղի ունեցել․․․։ Թատրոնից բացի, հիմա նույնը Պուշկինի դպրոցի տնօրենի հետ են անում, այսինքն՝ սիրված տնօրեններին ազատո՞ւմ եք, սա ո՞ւմ պատվերն է, չէ՞ որ կա պետություն, ու նման հարցերը 1 կամ 5 հոգով չեն լուծում, պետք է ուշադիր լինել, թե ինչ է կատարվում Երեւանի քաղաքապետարանի մշակույթի վարչության հետ, կարող է հիվանդացել է եւ պետք է բուժել, որովհետեւ դա Երեւանի մասշտաբով մշակույթի նախարարություն է, եւ այստեղ ամենաթողություն չի կարող լինել»։

Մոտ մեկ ամիս առաջ հանրային դաշտում նոր շարժում ձեւավորվեց` «Հայոց տուն» հայկական էլիտայի նախաձեռնությունը՝ գլխավորությամբ բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանի: Այդ նախաձեռնությանը միացել է նաեւ ինքը։ Ի՞նչ նպատակներ ունի այս շարժումը, եւ, մեծ հաշվով, ինչո՞ւ մտավորականների շարժումները չեն կայանում մեր իրականությունում։         

«Ես վստահ չեմ կարող ասել՝ մտավորականների շարժումները կայանում են, թե ոչ, բայց կարող եմ ասել, որ արվեստի, մշակույթի գործիչներին արժեզրկում են արդեն տասնամյակներ շարունակ։ Խորհրդային Միությունն ամեն ձեւով փորձում էր նրանց արժեւորել, որպեսզի հետո նրանց միջոցով ներազդեր ժողովրդի վրա։ Հիմա դրա կարիքը չունեն, որովհետեւ ժողովրդի վրա իրենք են ազդում։ Հետո՝ այսօր համացանցում տեղի ունեցող այս խառնաշփոթը, երբ ով ուզի, ինչ ուզի, խոսում է, անկախ նրանից՝ միտք ունի, թե ոչ, վաստակ ունի, թե ոչ, այն բանի հետեւանքն է, որ ամեն ինչ հեղինակազրկվեց։ Ինչ վերաբերում է շարժմանը, ապա ես մի քանի նախաձեռնության անդամ եմ, որովհետեւ ինձ ամեն ինչ հուզում է այս երկրում։ Շատ հավանում եմ իրենց, շատ հարգում եմ պարոն Չարչյանին եւ միանգամից ասացի, որ պատրաստ եմ եւ ինչով կարող եմ, օգտակար կլինեմ, բայց թե ինչ են անելու հետագայում, դեռ չեմ կարող ասել։ Միանշանակ է, որ մեծ ուշադրություն են դարձնում կրթությանն ու մշակույթին, որովհետեւ լուրջ ծրագրեր ունեն, հետո՝ ինչ ուզում ես արա, եթե հասարակությունդ անկիրթ է, չունի քաղաքացիական պարտավորություններ, դիրքորոշում, դու դրա հետ չես կարող ոչինչ անել։ Առայժմ դանդաղ է գնում ընթացքը, գուցե դա նաեւ լավ է, որովհետեւ, եթե մի բան արագ է արվում, սխալներն էլ շատ են լինում։ Իսկ նպատակը՝ բացահայտել խնդիրները, պետք է փորձենք ճանապարհ ցույց տալ մասնագետների միջոցով, նաեւ դա ներկայացնենք իշխանությանը, որովհետեւ ամեն ինչ արվում է պետության հզորացման համար»,- ընդգծում է Տ․ Հեքեքյանը։