Եթե կառավարությունը 2 տարի չի կարողանում գնահատել Ամուլսարի ռիսկերը, ինչպե՞ս են գնահատում գործող հանքերի ռիսկերը

Եթե կառավարությունը 2 տարի չի կարողանում գնահատել Ամուլսարի ռիսկերը, ինչպե՞ս են գնահատում գործող հանքերի ռիսկերը

Վերջին շաբաթների աղմուկի մեջ աննկատ անցավ, որ վարչապետը Գերմանիա կատարած այցի ընթացքում դարձյալ անդրադարձավ Ամուլսարին՝ հերթական անգամ խոսքը «կտուրը գցելով»: Ամուլսարի շուրջ ստեղծվել է մի հետաքրքիր իրավիճակ, երբ թե՛ հանքի շահագործման կողմնակիցները, թե՛ ընդդիմախոսները կարծես համաձայն են մի հարցում՝ իշխանությունը պետք է խնդրին լուծում տա, եւ դա հենց այն միակ բանն է, ինչին արդեն մեկուկես տարի անընդունակ է իշխանությունը: Ընդ որում, այս մեկուկես տարվա ընթացքում իշխանությունն այնքան է խճճվել իր իսկ ասածների մեջ, որ եթե այսօր փորձենք համադրել բոլոր իրադարձություններն ու հայտարարությունները, կստանանք շատ տարօրինակ ու երկրի հեղինակության տեսանկյունից տխուր պատկեր:  

• Հանքի շուրջ ճանապարհները փակում են ցուցարարները, իշխանությունը սկսում է քրեական գործ՝ բնապահպանական խնդիր թաքցնելու կասկածով: Հետո իշխանությունը հայտարարում է․ քանի որ երկրի ներսում չկան մասնագետներ, պետք է հրավիրել դրսից, որ գնահատեն ռիսկերը: Այս ամբողջ գործընթացը տեւում է մեկ տարի: Ճանապարհներն այս ընթացքում փակ են պահում ցուցարարները:

• Մեկ տարի անց երկրի վարչապետը հայտարարում է, որ Քննչական կոմիտեն ավարտել է քննությունը, միջազգային փորձագետները տվել են եզրակացությունը, «Լիդիանը» մաքուր է, բնապահպանական ստանդարտներն ամենաբարձրն են, հանքն արգելելու ոչ մի իրավական հիմք չկա, եւ պետք է թույլ տալ, որ հանքն աշխատի: Այսինքն՝ որոշումը կայացված է:

• Դրան հետեւած ակտիվիստների ու տարբեր քաղաքական շրջանակների աղմուկից, ցույցերից հետո խնդիրն էլի առկախվում է, ճանապարհները մնում են փակ:

• Հետագայում վարչապետը վերադառնում է զրոյական կետին ու սկսում կրկնել այն, ինչ ասում էր մեկ տարի առաջ, այն է՝ պետք է պարզել՝ անկառավարելի ռիսկեր կա՞ն, թե՞ ոչ, որ որոշում կայացնելու համար պետությունը պետք է հետագա ուսումնասիրություններ անի (այսինքն՝ որոշումը դեռ կայացված չէ), եւ դրա համար ցուցարարները պետք է բացեն ճանապարհները:

• Հարց՝ եթե լրացուցիչ ուսումնասիրությունների կարիք կա, ու 400 հազար դոլար ծախսելուց հետո դեռեւս պարզ չէ՝ հանքում ռիսկեր կան, թե չէ, ու եթե Քննչական կոմիտեն սխալ տեղեկություն էր տվել վարչապետին, որն օգոսոտոսին հայտարարում էր, որ ռիսկեր չկան, ինչո՞ւ պատասխանատուները չեն պատժվում՝ թեկուզ պետական միջոցները վատնելու համար: Եթե Քննչական կոմիտեն ճիշտ էր, ու փորձաքննությունն իսկապես ցույց էր տվել, որ հանքի աշխատանքները խոչընդոտելու հիմքեր չկան, ինչո՞ւ «Լիդիանին» թույլ չեն տալիս մտնել Ամուլսարի տարածք՝ լրջագույն հարված հասցնելով պետության հեղինակությանը: Եթե, այնուամենայնիվ, ռիսկեր կան, ու դրանք չի հայտնաբերել 400 հազար դոլարանոց միջազգային փորձաքննությունը, ինչպե՞ս է պետությունը հայտնաբերելու հետագա ուսումնասիրություններում, երբ 2018-ին միջազգային փորձաքննություն հրավիրվեց հենց այն պատճառով, որ պետությունը չուներ նման ուսումնասիրության փորձ: Եվ եթե պետությունը կարող է նման ռիսկեր հայտնաբերել, ինչո՞ւ էին փող ծախսում լիբանանցիների վրա: Շատ խառն է, համաձայնեք:

• Վարչապետը հայտարարում է, որ Ամուլսարի շուրջ աղմուկի ու փակ ճանապարհների հետեւում որոշակի բիզնես շահեր կան, որ այլ հանքատերեր ուզում են տեր կանգնել Ամուլսարին կամ տապալել, որ ստիպված չլինեն իրենք էլ բարձր բնապահպանական ստանդարտներ կիրառել: Հետո «ճանապարհները փակող հարգելի հայրենակիցներին» կոչ է անում՝ բացել ճանապարհները: Եթե երկրի խոշորագույն ներդրողի հանդեպ իրականացվում է ֆինանսավորված արշավ, ինչո՞ւ այն չի բացահայտվում, չէ որ դա երկրի հեղինակության խնդիր է: Եթե ճանապարհը փակողները ֆինանսավորում են ստանում, ապա ինչո՞ւ են նրանք «հարգելի հայրենակիցներ»: Եթե նման ապացույց չկա, եւ նրանք «հարգելի հայրենակիցներ» են, ինչո՞ւ են նրանց մեղադրում այլ բիզնես շահեր սպասարկելու մեջ: Եթե նրանք սպասարկում են այլ բիզնես շահեր, ինչո՞ւ պետք է բացեն ճանապարհները: Շատ խառն է, համաձայնեք:

• Այս տարվա հունվարին վարչապետը Կապանում նորից հայտարարեց, որ Ամուլսարի դեմ գործընթացների հետեւում այլ ուժեր կան: Միաժամանակ նորից ասաց, որ իշխանությունը դեռ չգիտի՝ անկառավարելի ռիսկեր կա՞ն, թե՞ ոչ, ու դրա համար պետք է ճանապարհները բացվեն, որ լրացուցիչ ուսումնասիրություններ անեն: Հետեւաբար, կոչ արեց բացել ճանապարհները, որ տեսնեն՝ անկառավարելի ռիսկեր կա՞ն, թե՞ չէ: Հիշեցնեմ․ կոչ արեց մարդկանց, ում, ըստ էության, մեղադրում է այլ բիզնես շահեր սպասարկելու մեջ, ինքնակամ բացել ճանապարհները, որպեսզի պետությունը, որը չունի ուսումնասիրություն անելու հնարավորություն եւ դրա համար 400 հազար ծախսեց արտասահմանյան փորձաքննության վրա, որն այդպես էլ բան չպարզեց, ուսումնասիրություն անի: Շատ խառն է, համաձայնեք:

• Անցյալ շաբաթ Գերմանիայում վարչապետն ասաց, որ իրենք պետք է հասկանան՝ անկառավարելի ռիսկեր կա՞ն, թե՞ ոչ, դա էլ ձգձգվում է Ամուլսարի հանդեպ «հանրային անվստահության պատճառով», ենթադրաբար՝ խոսքը փակ ճանապարհների մասին է: Այսինքն՝ Կապանում վարչապետն ասում էր, որ չեն կարողանում խնդիրը լուծել, քանի որ ճանապարհները փակ են, ու դրա հետեւում որոշակի բիզնես շահեր կան, 3 շաբաթ անց Գերմանիայում փակ ճանապարհները վերագրում է հանրային անվստահությանը: Շատ խառն է, համաձայնեք:

• Ու նորից հարցեր՝ այդ ի՞նչ պետք է պարզի կառավարությունն Ամուլսարի շինհրապարակում, որ չի բացահայտվել անցյալ տարի Քննչական կոմիտեի ու լիբանանյան փորձագետների, ինչպես նաեւ դրանից առաջ բնապահպանական տեսչության այցելության ընթացքում, որը, ինչպես հայտնի է, միայն թիթեռ հայտնաբերեց: Ամուլսարում ճանապարհները փակվելուց առաջ ընդամենը շինարարություն է իրականացվել, որն արդեն մեկուկես տարի կանգնած է: Ի՞նչ դարակազմիկ ռիսկեր են հայտնաբերվելու կամ հերքվելու շինհրապարակում, որոնք արդեն երկու տարի կառավարությունը չի կարողանում հերքել կամ հայտնաբերել:

• Եվ վերջապես․ եթե կառավարությունն արդեն 2 տարի միջազգային ու տեղական փորձաքննություններով չի կարողանում գնահատել Ամուլսարի ռիսկերը, ինչպե՞ս են գնահատում արդեն գործող տասնյակ հանքերի ռիսկերը: Ինչ է, Հայաստանում գործող մյուս հանքերի ռիսկերի կառավարելիության վրա պարոն Փաշինյանն այդքան վստա՞հ է: Թե՞ նման անհերքելի ապացույցներ միայն Ամուլսարի դեպքում են պետք: Հայաստանի մյուս բնակավայրերը պաշտպանության կարիք չունե՞ն, այնտեղ կարելի՞ է աղտոտել: Թե՞ խնդիրն ընդամենը այն է, որ այլ հանքերում ցուցարարներ չկան: Շատ խառն է, համաձայնեք: 

Մնում է հանգել մի եզրակացության, որ միակ տեսանելի ռիսկը, որից Փաշինյանը փորձում է խուսափել, աղմուկն է ու որոշում կայացնելու պատասխանատվությունը:
Եվ մի վերջին հարց․ եթե դուք պոտենցիալ ներդրող լինեիք, տեսնելով կառավարության նման գործելաոճը, որ ձգվում է երկու տարի, Հայաստանում ներդրում կանեի՞ք: Կամ ընդհանրապես՝ նման երկրին լուրջ կվերաբերվեի՞ք: