Նարեկ Թոփուզյան. Էդ շատ դժվար գործը` հավատալ

Նարեկ Թոփուզյան. Էդ շատ դժվար գործը` հավատալ

Էրեխեքի ծնունդի պահով սովորաբար ո՞նց է լինում. քեռին ժամանակ չունի, հորքուրը հավես չունի, հատնել է տատ-պապի երեւակայությունը, ու մի քսան հազար հորքուրը, պապին, մի տասը-տասնհինգ, մի էդքան, ավել կամ պակաս հազար քեռին, մորքուրը, հոպարը, տարատեսակ ձյաձյա-ծյոծյաները, ուրիշ-ուրիշները, ու ծննդատոնի նրանց հանձնարարականը՝ ջանը՜մ, մենք զբաղված մարդիկ, էդքան զահլա-ժամանակ չկա՝ նվեր ընտրելու համար սարուձոր ընկնելու, առ ձեզ փող, էրեխին ռետուզ է պետք՝ ռետուզ առեք, խաղալիք է պետք՝ խաղալիք առեք, պետական սիմվոլների համար նախատեսված պատասխանատվությունը՝ ձեզ նախազգուշացում․ կուզե՞ք վառեք. վալլաա, էս փողն առեք, ի՜նչ ուզում եք, արեք: Էրեխեքի ծնունդի պահով, ահա, սովորաբար սենց է լինում, ու ապրիլի քսանչորսին էդ պուճուրի ծնունդի պահով հենց տենց էլ եղավ: Հորքուրը, տատը՝ պապի հետ, դասընկերոջ մերն ու սեփական մերը նույնիսկ հանել՝ իբր նվեր է, իբր էրեխու նվերն է, քթի առաջ թափ էին տվել գույնզգույն թղթադրամները, ու էդքանն ահա:

Էրեխա է, հաստատ նվերի ակնկալիք ունի, չի կարող չունենալ ու տեսավ՝ յանի նվեր է ստացել, բայց ակնհայտ էր, որ էդ էն նվերը չի, որ լեգոյի մասնիկների հետ կվերածվի կախարդական աշտարակի, պլաստմասսից գույնզգույն բահ կդառնա ու կքչփորի հլը նախորդ շինարարությունից մնացած կապույտ ավազի բուրգը, հրահանով հրացան դարձած, տը-տը-տը-տը՝ կկրակի երեւակայական թշնամիների վրա: Էրեխեն փողը տեսավ, մատուցելիս արված ձեւակերպումները լսեց ու հաստատ ընկալեց, որ նվեր է ստացել, բայցեւ զգացումն էնպիսին էր, որ ստացածը մի տեսակ նվեր չի էլ եղել, որովհետեւ նվերն էրեխու քթի տակ թափ տվեցին, թե չէ՝ հերն անմիջապես տարավ պահեց, բայց նախօրոք հայտարարեց, որ էդ փողն էրեխինն է, իրեն դրանից մի կոպեկ պետք չի, ու բավական է նրա մի ցանկություն, որ ջինը շշից դուրս գա:

Պապան ծնունդին գազարագույն «Շկոլնիկն» առավ, երբ նա դեռ էդ էրեխի թայն էր: Հույս կար, որ երբ ոտքերը պեդալներին հասնեն, «Շկոլնիկը» «Առլյոնոկ» կդառնա, ու աստված, եթե նա, իհարկե, կա, մեծ է՝ մի օր էլ «Խըվըզ» կդառնա, բայց մինչեւ օրհնված սհաթը կգար, խելքին փչեց հեծանիվը ռեսթայլ անել. Մտածեց՝ հեծանիվն ավելի արագ կգնա, եթե այն արգելակման համակարգ իսպառ չունենա, ու հեծանիվն անհետաձգելիորեն առանց տոռմուզների մնաց:  Քիչ անց հեծանիվը Բոշի դքից անկասելիորեն ցած սահեց եւ սահքի վերջում սպառնաց շուռ գալ ու ջարդուխուրդ անել գլուխը: Էդ օրը իրիկունը, երբ պապան գործից տուն եկավ, նրան կորցնելու վախից փրփուր կտրած, հեծանիվի կողը գետնովը տվեց ու հին կաշկից մնացած ակով գլխավերեւից նշան բռնեց այն: Տո, ակ չէր, մի կվալդ, կվալդ էլ չէր՝ ժանգառ զնդան, այ, ըտենց՝ ծանր անիվն իջավ հեծանիվի վրա, ու էդ օրվանից հեծանիվը նրա կյանքում սեւեռուն գաղափար դարձավ:

Էդ օրից հետաձգված երազանքի իրագործումը մի տեսակ համընկավ էրեխի հետծննդյան տոնական օրերի հետ: Մի օր առավոտ քնից արթնացավ ու էն օրվա պես, երբ անհայտ ծագման մրմուռը մինչ էդ անտեսված «Բաունտիի» հետեւից գցեց նրան Լաուրի խանութ, նույնկերպ անհայտ ծագման մի ազդակ շպրտեց նրան «Փեթակ»: Հեծանի՜վ, հեծանի՜վ, էսօ՛ր, էսօ՛ր: Խնայողություններից հիսուն հազար՝ հիմա, մնացածը՝ վարկային պայմանագրով, հետո՝ ամսական հինգ-հինգհազարական պարբերականությամբ: Մի քանի ժամ հետո հեծանիվն արդեն բակում էր, ու սկզբից էրեխու քեֆին հեծանիվի տեսքից քեֆ չէր հասնի, բայց իրիկունն ինչ քամի էր՝ չիմացվեց, ընթրիքի սեղանի վրա նրա դեմքին ծեփեց մխտառ սեւ թուխպերը:

- Պապա՜,- սկսեց նա վեհերոտ,- իմ ծնունդի փողերն ո՞ւր են:

- Համապատասխան տեղում,- պատասխանեց նրան հերը:

- Պա՜պ, խի՞ ես խաբում, դու էդ փողերով քեզ հեծանիվ ես առել, չէ՞:

Որտեղից էր էրեխեն վերցրել, որ հերն իր նվերներն ի սպաս սեփական երազանքի պիտի դնի, չիմացվեց, բայց նման մի բան էդ օրն ասեց հոպարը: Իսկ էդ օրվան նախորդած օրերին վերջապես իրականացավ հոպարի վաղեմի երազանքը: Սեփական հուղարկավորության համար նախատեսված խնայողությունները հատեցին բավարարության նրա պատկերացրած շեմը, ու հնարավոր եղավ շեմը գերազանցող եկամուտները դասակարգել որպես ցանկացված հեռուստացույցի հախ, ու հենց էդ օրը, երբ նա շրջանառության մեջ դրեց իրեն պատած կասկածները, հախն իր հերթին հատեց միջին կարգի հեռուստացույցի ձեռքբերման համար նախատեսված շեմը: Էդ օրվա ծեգին հոպարը 250 դոլար բերեց, մակնիշն անընտրել թողեց ու նշեց միայն տեսակը՝ պուլտով տելեվիզըր: 

Հոպարի նաստրոյկա արած ամենաբարդ տեխնիկան ժամանակին «Վեֆ-201» ռադիոն էր, իսկ ստեղ «Սփեյս Շատըլի» բորտ-կոմպյուտերի պես բարդ հեռուստացույցն էր, ու նորմալ էր, որ առաջին պատվերի հետ նա մի երկրորդն էլ տվեց. «Էն, որ պուլտի կարմիր կնոպկեն սեղմեմ ու ուրիշ բանի հետ գործ չունենամ»։ Ասեց հոպարը, եւ որ ասվել էր, պատվերը պիտի կատարվեր: Նա սեղմեց ավտոթյունինգը, ու մեկը մյուսի հետեւից բռնվեցին հայկական ալիքները, բռնվեցին ռուսականներն ու ձեռի հետ էլ՝ պարսկական «Իրիբ թիվին» եւ թուրքական «Հաբերթուրքը»: Երբ ամեն ինչ պատրաստ էր, մտածեց՝ հանել․ հանել էր, մեկ էլ՝ ի՜նչ մի հեռուստացույցը տուփի մեջ դնի, տանի, հետո նորից դուրս բերի, ու տկլոր հեռուստացույցը գիրկը՝ գնաց հոպարին աչքալուսանք տալու: Բայց սխալվեց:

Հին «Սոնին» իր ժամանակին ցույց էր տվել անհաշվելի քանակության «Հայլուրի» ու «Վրեմյայի» թողարկումներ, «Բարի լոտոյի» խաղարկությունները, «Էլենին ու նրա ընկերներին», աշխարհի չեմպիոնատը, երբ ֆրանսիացիներն առաջին անգամ չեմպիոն դարձան, եւ չեմպիոնատը, երբ նրանք նույնիսկ խմբից դուրս չեկան: Երեւի հոգնել էր: Չէ, հաստատ հոգնել էր: Էդ օրը իրիկունը «Սոնին» աչքերը փակեց ու առավոտյան այլեւս չբացեց. է՛լ էլեկտրաշոկ, է՛լ արհեստական շնչառություն, է՛լ ապտակ չանին: Սվոլիչը մեռավ ու պըրծ: Իրիկունը հոպարը եկավ նայեց՝ հին սեւ տելեվիզըրի փոխարեն արծաթագույն նորն է, ու հոգին պղտորվեց. ահա՜, եթե հեռուստացույցն իրեն է հասել առանց տուփի, ուրեմն էդ իր տուն բերվածը ոտքերը տնկած հին «Սոնին» է: Ու ոչ մի երդում-պատառ, ոչ մի փաստարկ, թե էն սեւ էր, իսկ իրենը՝ բաց մոխրագույն, թե էն 51 դյույմ էր, իսկ իրենը՝ 54, էն «Սոնի» էր, էս՝ «Սամսունգ», ոչինչ չօգնեց: «Խի՞ ես խաբում, էդ ձեր տան հին տելեվիզըրն ա»,- այ, էդ օրն ասաց հոպարն ու գնաց: Հետո հոպարը գնաց մեծ աշխարհից, գնաց խորը արմատավորված համոզմամբ, որ նոր հեռուստացույցի տեղը սղղցրել են հինը, ու ժամանակը չհերիքեց տարհամոզելու նրան, որ նա սխալվել է:

- Չէ, քո ծնունդի փողերով չեմ առել,- չոր պատասխանեց հերը,- ես էդ հեծանիվն իմ փողերով եմ առել,- ասաց նա ու սաստող հայացքով նայեց որդուն: Սաստիկ շամփրող հայացքը մի պահ խարխլեց էրեխու վստահությունը, վերջը՝ տղամարդ էր, վերջը՝ հերն էր, բայց որդերը, այնուամենայնիվ, հայացքի խորքում անորոշ կերպով խլրտացին: Նա հիշեց հոպարին ու նայեց սրան։ «Ոչինչ, կյանքը դեռ առջեւում է,- մտածեց նա,- ժամանակը գոնե սրա դեպքում կհերիքի»:

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ