Քարոզաշավը հավանաբար կսկսվի մինչև օգոստոսի 25-ը

Քարոզաշավը հավանաբար կսկսվի մինչև օգոստոսի 25-ը

Երևանի ավագանու ընտրությունները կկայանան սեպտեմբերի 17-ին, կառավարությունն այսօր հաստատեց որոշման նախագիծը։

«Կառավարության խնդիրն է ապահովել ընտրությունների ազատությունը, արդարությունը, թափանցիկությունը և բացառել ընտրություններում քաղաքացիների կամքի ձևախեղման և ձևափոխման ցանկացած դրսևորում», - ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Երևանի ավագանու վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2018 թվականի սեպտեմբերի 23-ին, ավագանին իր լիազորությունները ստանձնել է 2018-ի հոկտեմբերի 10-ին, այդ լիազորությունների ժամկետը լրանում է այս տարվա հոկտեմբերի 10-ին: Օրենքի համաձայն՝ Երևանի ավագանու հերթական ընտրությունն անցկացվում է ավագանու լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 20 օր առաջ և որպես նշված միջակայում գտնվող միակ կիրակի օր ընտրությունները պետք է նշանակվեին սեպտեմբերի 17-ին: 

Մեզ հետաքրքրեց, թե ինչպես է կարգը՝ ե՞րբ են իրականացվելու առաջադրումները, ե՞րբ է ԿԸՀ-ն դրանք հաստատելու և վերջապես՝ ե՞րբ կմեկնարկի նախընտրական քարոզարշավը: Այս հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանից

- Պարոն Խաժակյան, ե՞րբ կմեկնարկի առաջադրումների պրոցեսը:

- Ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին: ԿԸՀ-ն պետք է ժամանակացույց սահմանի, թե որ օրն ինչ պետք է տեղի ունենա: Հասկանալի է, որ օգոստոսի առաջին կեսին կներկայացնեն ցուցակները: Այդ ընթացքում կլինեն առաջադրումները: Այսինքն` մինչև օգոստոսի 20-ը ԿԸՀ-ն պետք է ուսումնասիրի հայտերը և դրանք բավարարի: Դրանից հետո միայն կարելի է համարել առաջադրումների փուլն ավարտված: Դրան էլ կհաջորդի նախընտրական քարոզարշավը:

- Ե՞րբ կմեկնարկի քարոզարշավը:

- Ամենայն հավանակնությամբ՝ քարոզաշավը կսկսվի մինչև օգոստոսի 25-ը:

- Տեղյա՞կ եք՝ Երևանում քանի ընտրատեղամաս է նախատեսված:

- Հստակ թիվը չեմ հիշում, մոտավորապես` 800:

- Իսկ հանձնաժողովների կազմը ձևավորվե՞լ է:

- ԿԸՀ-ն երբ օրը նշանակի հստակ, կձավորվեն նաև հանձնաժողովները: Հանձնաժողովներում 2 թեկնածու լինելու է Քաղպայմանագրից, 2 թեկնածու «Հայաստան» դաշինքից, թեկնածու` «Պատիվ ունեմ»-ից, 2 թեկնածու էլ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից:

- Բազմիցս խոսվել է դերասան, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի մասնակցության մասին: Ի՞նչ կարծիք ունեք այդ մասով:

- Ես բոլորին ինձ մրցակից եմ համարում: Հայկ Մարությանը դեռևս չի հայտարարել ամեն դեպքում իր մասնակցության մասին:

- Մենք տեղեկացանք, որ ԲՀԿ-ից ինչ-որ անձինք ցանկանում են ընտրություններ գնալ հենց Ձեզ հետ:

- Որևէ տեղեկություն չունեմ: Իրենց որոշման մասին տեղյակ չեմ: Նրանց մասնակցությունն ինձ չվերաբերող հարց է: