Ալիեւը Ռուբեն Վարդանյանից իր դժգոհությունն է հայտնել Պուտինին, վերջինս պատասխանել է, թե տեղյակ չէ… 

Ալիեւը Ռուբեն Վարդանյանից իր դժգոհությունն է հայտնել Պուտինին, վերջինս պատասխանել է, թե տեղյակ չէ… 

 «Հրապարակն» արդեն գրել է, որ ադրբեջանական կողմը խիստ վրդովված է Ռուբեն Վարդանյանի՝ Արցախում «վայրէջք» կատարելու փաստից: Ադրբեջանական լրատվամիջոցները լծվել են նրան քրեական օլիգարխ, կեղտոտ ճանապարհով հարստացած նարկոբարոն ներկայացնելու գործին: Իսկ վերջերս Արցախի Հանրապետությունում բարձր եւ պատասխանատու պաշտոնում պետնախարար նշանակվելն ավելի է գրգռել ադրբեջանցիներին: Նրանք վստահ են, որ Վարդանյանը ռուսական պրոյեկտ է, ասպարեզ է իջեցվել «ռուսական հատուկ ծառայությունների» կողմից:

Ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցներից մեկը գրում է. ««Վարդանյան նախագիծը» մոդելավորել ու գործնականում իրականացրել են ռուսական հատուկ ծառայությունները։ Իսկ դա Բաքվի համար կրկնակի տագնապալի է, քանի որ Մոսկվան ուշադրությամբ հետեւել է ղարաբաղցի հայերի հետ ադրբեջանական կողմի առաջին շփումներին։ Կառուցվեցին կամուրջներ, զարգացավ երկխոսություն, կազմվեցին ապագայի երկնային պլաններ։ Ղարաբաղահայությունը լրջորեն քննարկել և խորհել է ադրբեջանական հասարակությանը լիարժեք քաղաքացիների իրավունքներով վերաինտեգրվելու այլընտրանքի մասին։ Բայց միանգամայն անսպասելիորեն` բանակցային գործընթացի արանքում ռուսական հատուկ ծառայությունները գործարկեցին «Ռուբեն Վարդանյան» նախագիծը։ Եվ, իհարկե, այս նախագիծը նպատակ ուներ կոտրել ադրբեջանական խաղը…. Ադրբեջանը վճռական է տրամադրված և ոչ մի դեպքում թույլ չի տա վերարտադրել 1990-ականների սկզբի սցենարը։ Վոլսկին, Քոչարյանը, Սարգսյանը և այլ քաղաքական շղարշներ մնացել են հրեշավոր պատմական քիմերայի փլատակների տակ»։

Իսկ Արայիկ Հարությունյանի մասին ադրբեջանական ԶԼՄ-ն գրում է. «Հարությունյանը կատարել է իր վերջին առաքելությունը. հայ մավրն իր գործն արել է, հիմա խաղից դուրս է: Ըստ հավաստի տեղեկությունների՝ մոտ ապագայում Արայիկ Հարությունյանը կլքի ռուսական ազդեցության գոտին ու կլքի ղարաբաղցի անջատողականների ղեկավարությունը։ Բայց դա նրան ամենևին չի ազատում Ադրբեջանի հանդեպ պատասխանատվությունից։ Պաշտոնական Բաքվի ցուցակներում Հարությունյանը շարունակելու է ներառվել որպես ռազմական հանցագործ»։ Զավեշտն այն է, որ «ռազմական հանցագործ» տերմինն օգտագործվում է Արցախի ու Հայաստանի նկատմամբ պատերազմական հանցագործությունների գերռեկորդ սահմանած երկրում, իսկ ռազմական հանցագործ են անվանում տուժած երկրի ղեկավարին, որի հանդեպ կատարվել են այդ պատերազմական հանցագործությունները:      

Սոչիում կայացած վերջին երկկողմ հանդիպմանն Ալիեւն առիթը բաց չի թողել եւ Պուտինին հայտնել է իր դժգոհությունը Ղարաբաղում Ռուբեն Վարդանյանի ակտիվացման կապակցությամբ։ Պուտինը պատասխանել է, որ ոչինչ չգիտի Ռուբեն Վարդանյանի` Արցախում հայտնվելու մասին։