«Սննդից և թեթև արդյունաբերությունից տեղափոխվում ենք բարձր տեխնոլոգիաների դաշտ». Վարդան Տողանյանը՝ «Թումոյի» շնորհանդեսին

«Սննդից և թեթև արդյունաբերությունից տեղափոխվում ենք բարձր տեխնոլոգիաների դաշտ». Վարդան Տողանյանը՝ «Թումոյի» շնորհանդեսին

Այսօր Մոսկվայում տեղի ունեցավ «Թումո» ստեղծարարական տեխնոլոգիաների կենտրոնի շնորհանդեսը: ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը  այս կապակցությամբ ընդունելություն էր կազմակերպել կենտրոնի շենքում, որը նոր է վերանորոգվել: Հրավիրվել էին Մոսկվայի քաղաքային իշխանության, հայ համայնքի ներկայացուցիչները, գործարարներ, IT ոլորտի ռուսաստանյան մասնագետներ, 11-17 տարեկան պատանիներ, որոնք արդեն նորաբաց «Թումոյի» սաներն են:

ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանն իր խոսքում նշել է, որ նոր կենտրոնը առաջինն է Ռուսաստանում, բայց նախատեսվում է ևս մի քանի նմանատիպ կենտրոններ բացել այլ քաղաքներում ևս: «Հայաստանը սկսում է նորովի ներկայացվել Ռուսաստանում, ավանդական ապրանքներից՝ սննդի և թեթև արդյունաբերության, տեղափոխվում ենք բարձր տեխնոլոգիաների դաշտ, որտեղ մեր լավագույն նորամուծությունները հասանելի են ռուսասատանցի օգտատերերի համար», - ասել է դեսպանը իր ելույթի ժամանակ: Տողանյանը նաև նշել է, որ առաջարկում է հայկական դեսպանատանը կից կառուցվող նորագույն մշակութային կենտրոնի շենքում նույնպես «Թումո» կենտրոն բացել: