ՀԱՊԿ զորավարժությունների արդյունքում Արցախը կազատվեր շրջափակումից

ՀԱՊԿ զորավարժությունների արդյունքում Արցախը կազատվեր շրջափակումից

«Հրապարակի» հարցերին պատասխանում է «Դեմոկրատական» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

- Պարոն Սարգսյան, կիրակի օրն Արցախում տեղի ունեցած դիվերսիայից հետո Հայաստանում հակառուսական տրամադրություններն առավել ցայտուն են դարձել: Ռուս խաղաղապահներին շատերը մեղադրում են անկարողության, ասել է թե՝ ագրեսոր Ադրբեջանին չզսպելու մեջ:

- Եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանն էլ իր հերթին է Ռուսաստանին մեղադրում փարիսեցիություն անելու մեջ, թե իբրև ՌԴ-ն է ամեն ինչում մեղավոր, ապա այժմ ո՞նց հասկանանք, թե ում է Ռուսաստանը պաշտպանել և ում՝ ոչ: Որքանով ես եմ տեղյակ, դիվերսիոն խմբին ռուսական կողմը հակազդել է: Ռուս խաղաղապահների միջամտությունն է կանխել, որ ավելի շատ զոհեր չենք ունեցել: Այնպես որ, ոմանք ամեն մի հարմար առիթ օգտագործելու են հակառուսական տրամադրություններ ստեղծելու համար, սակայն եվրոպական կառույցների լռության մասին նույն այդ շրջանակները չեն խոսում, չեն ասում, թե ինչու հենց նույն այդ կառույցները կոնկրետ խնդիրներ չեն լուծում, ինչու Ադրբեջանին չեն դատապարտում, ինչու որևէ պատժամիջոց չեն ներկայացնում: Եկեք հասկանանք, որ մեր առաջին պաշտպանը մենք ենք, մենք պետք է ուժերը կենտրոնացնենք անվտանգության ուղղությամբ: Հայաստանի Հանրապետությունը պետք է իր քաղաքացիների անվտանգության հարցը կարողանա լուծել, այնպես որ գրանտների դիմաց հայտարարություններ անողների ասածը միանշանակ ընդունել պետք չէ: Մենք առաջին հերթին մեզ պետք է ուղղենք բոլոր տեսակ հորդորները: Մեր պետությունն ու իշխանությունը պետք է մտահոգվեն հայ ժողովրդի անվտանգության համար:

-  Հայաստանում մեղադրում են Ռուսաստանին, փաստորեն ռուսներից դժգոհ են նաև Ադրբեջանում: Կարո՞ղ ենք ասել, որ տարածաշրջանում Ռուսաստանն իր ուժն ու ազդեցությունը համեմատության մեջ կորցրել է, որ այլևս առաջվանը չէ:

- Ռուսաստանն այս պահին շատ լուրջ խնդիրներ ունի, դա հասկանում են բոլորը: Ուկրաինական ճակատը միայն ուկրաինական ճակատ չէ, դա ռուս-արևմտյան ճակատ է: Հիմա թուլացել է Ռուսաստանը, թե՞ չի թուլացել, կկարողանա հաղթել, թե՞ չի կարողանա հաղթել, ցույց կտա ժամանակը: Հարցն այն է, որ մեծ պետությունն իր շահերից ելնելով կարող է անել այն, ինչ իրեն է ձեռնտու, պետք է այստեղ հասկանալ, թե համընկնո՞ւմ են արդյոք մեծ պետության շահերն այլ պետության հետ, թե՞ ոչ: Այս պահին մի բան հստակ է. Ռուսաստանն ամեն կերպ փորձում է զերծ մնալ երկրորդ ճակատ ունենալուց, դա կլինի Կովկասում, թե Միջին Ասիայում, էական չէ: Այս պահին Ռուսաստանին հավելյալ խնդիրներ պետք չեն: Դրանից է կախված իր հաջողությունն Արևմուտքի հետ կոնֆլիկտում: Պատահական չէ, որ Ռուսաստանի դեսպանն այստեղ հայտարարեց, որ Ռուսաստանը Կովկասից ու Հարավային Կովկասից որևէ ցանկություն չունի: Սա ևս հստակ է, սակայն թե ինչ ձևով, հստակ չէ: Սա կախված է նրանից, թե հայ ազգն իրեն ինչպես կդրսևորի: Եկեք մենք ինքներս մտածենք մեր համազգային խնդիրների մասին, փորձենք համապատասխան մեխանիզմներ ձևավորել դրանց հասնելու համար, նոր միայն գործընկերներ փնտրենք ու խոսենք նրանց ուժեղ կամ թույլ լինելու մասին:

- ՀԱՊԿ զորավարժությունները Հայաստանում չեղարկվեցին: Ձեր կարծիքով` իրավիճակն ինչպիսի՞ն կլիներ, եթե այդ զորավարժությունները Հայաստանում կայանային: Ի՞նչ կտար այն մեզ, գուցե որոշակի ազդեցություն ունենա՞ր: Գուցե ՀԱՊԿ-ի կողմից Հայաստան տեղափոխված զենքն ու զինամթերքը մնար հայկական կողմի՞ն:

- Ես դա կարող եմ համոզված ասել: Պարզապես համոզված եմ, որ ՀԱՊԿ զորավարժությունները նպատակ ունեին այստեղ անհամեմատ ավելի մեծ կայունություն հաստատել, բացելով նաև Լաչինի միջանցքը: Ես սա հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ: Զորավաժությունների շրջանակում լինելու էր նաև դեպի Արցախ ճանապարհ: Դա ռուսական կողմի պատասխանատվության գոտին էր լինելու հետագայում: Սա ամենակարևոր գործոնն է, որի մասին պետք է հրապարակավ խոսել: Հայաստանի իշխանություններն այդ ծրագրից հրաժարվեցին, նշելով, որ այն կարող է վտանգ առաջացնել: Հավանաբար այս իշխանությունները վտանգ ասելով նկատի ունեին իրենց անձնական վտանգների մասին: ՀԱՊԿ-ի զորավարժությունները զենք ու զրահ, սպառազինություն կբերեին Հայաստանին, ամրապնդելով նաև սահմանային իրավիճակը, իսկ ամենագլխավորն՝ Արցախը կազատեին շրջափակումից, սակայն օրվա իշխանությունը հրաժարվել է այդ հնարավորությունից: