Ի պատասխան Վահան Տերյանի հայանպաստ գործունեությունը նսեմացնել փորձող Վահրամ Աթանեսյանին

Ի պատասխան Վահան Տերյանի հայանպաստ գործունեությունը նսեմացնել փորձող Վահրամ Աթանեսյանին

Ի պատասխան ապրիլի 28-ին «Հրապարակ» օրաթերթում տպագրված իմ՝ «Անաստաս Միկոյանը՝ ընդդեմ Վահան Տերյանի»  հոդվածի ,

Վահրամ Աթանեսյանը նույն օրը թերթի ինտերնետային տարբերակում գրել է «Սեմինարիզմը» և իրականությունը» ռեպլիկը , որով փորձել է  նսեմացնել Տերյանի՝ Հայոց ցեղասպանության հատուցմանն ուղղված գործունեությունը։ Այն է, Թուրքահայաստանի ստեղծմանն ուղղված նրա ջանքերը։ Աթանեսյանը գրում է․ «Գրիգոր Էմին-Տերյանը մի հոդված է հեղինակել, որի հիմնական ասելիքն այն է, որ Վահան Տերյանի հեղինակած եւ բոլշեւիկյան կառավարության կողմից ընդունված «Թուրքահայաստանի մասին» դեկրետը կյանքի չի կոչվել, քանի որ դեմ է արտահայտվել Անաստաս Միկոյանը»։ 

-Մինչդեռ իմ հիմնական ասելիքը պարփակված է  հոդվածիս ենթավերնագրում․ «ՄԻԿՈՅԱՆՆ Է ԱՌԱՋԱՐԿԵԼ ԼԵՆԻՆԻՆ ՀՐԱԺԱՐՎԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒՑՄԱՆ՝ ԹՈՒՐՔԱՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ  ՊԱՀԱՆՋԻՑ»։    

Աթանեսյանը գրել է․  «Հոդվածում տեղ գտած մի շարք փաստական աղավաղումներին գիտակցաբար չենք անդրադառնում»։ 

-Խնդրում եմ անպայման անդրադարձեք։ Եթե իրոք դրանք կան, կօգնեք ինձ և հանրությանը։
Աթանեսյանը գրել է․ «Հանրահայտ իրողություն է, որ Բրեստ Լիտովսկի պայմանագրով բոլշեւիկյան Ռուսաստանը ճանաչել է Օսմանյան Թուրքիայի բացարձակ իրավազորությունն այն տարածքների նկատմամբ, որը Թուրքահայաստանն էր կազմում և պարտավորվել անհապաղ զորքերը դուրս բերել նաեւ Կարսի մարզից»: 

-Այդ նույն պայմանագրով Ռուսաստանը հրաժարվել էր Բելոռուսիայից, Ուկրաինայի մի մասից, Մերձբալթիկայից և  պարտավորվել անհապաղ զորքերը դուրս բերել այդ տարածքներից։ Եվ ի՞նչ, մի՞թե Ստալինը հետագայում չվերադարձրեց բոլոր այդ տարածքները և զենքի ուժի կիրառմամբ չփորձեց վերադարձնել Ֆինլանդիան, որին Լենինի կողմից անկախություն էր շնորհվել։ Միայն Թուրքահայաստանի պարագայում նա այդպես չվարվեց անգամ այն դեպքում, երբ Երկրորդ աշխարհամարտից հետո Թուրքիան ինքը առաջարկեց վերադարձնել Կարսի պայմանագրով իրեն փոխանցված տարածքները։ Նախ, իսկույն հայտնվեցին վրաց ակադեմիկոսներ, որոնք պնդեցին, թե դա ոչ թե հայկական, այլ վրացական տարածքներ են,  հետո՝ Ստալինն ինքը, այդ տարածքների փոխարեն պահանջել է սևծովյան նեղուցները, ինչին դեմ է եղել Արևմուտքը, որը չի ցանկացել սովետմիության նման հզորացումը։։

Աթանեսյանը գրել է․  «Այդ եւ այլ հարցերով Տերյանը վեճ ունեցե՞լ է բոլշեւիկյան իշխանությունների հետ՝ ենթադրությունների ոլորտից է, հաստատող կամ հերքող փաստեր, գոնե այս պահի դրությամբ, հրապարակված չեն»:  

-Իսկ ի՞նչ փաստաթղթեր կարող էին լինել։ Արդյո՞ք Աթանեսյանն ակնկալում էր, որ այդ վեճերի կապակցությամբ պետք է լինեին վարչական կամ ընկերական դատարանների որոշումներ։ Որոշումներ կամ այլ պաշտոնական փաստաթղթեր չկան, բայց կան հուշեր, այդ թվում նաև ընտանեկան, որոնք տպագրված են եղել։  Ինչ վերաբերում է կոնկրետ Բրեստ-Լիտովսկի բանակցությունների ընթացքում Տերյանի և Տրոցկու վեճին, կա դրա իսկությունն ապացուցող  անուղղակի ապացույց․ Տրոցկու վարքագծից  հանկարծակիի եկած Տերյանը Կոմիսարիատի իր աշխատակիցներից հեռագրով շտապ պահանջում է փաստաթղթեր  և վիճակագրական տվյալներ, որոնք կօգնեին իրեն ապացուցել, որ մինչ Առաջին աշխարհամարտը հայերը կազմել են Թուրքահայաստանի բնակչության մեծամասնությունը։ Նա, նույնիսկ, անձամբ է մեկնել Մոսկվա և այդ փաստաթղթերով շտապ վերադարձել Բրեստ։  

Աթանեսյանը գրել է․  «Նամակը, որտեղ Անաստաս Միկոյանը Լենինին հորդորում է չսատարել միացյալ Հայաստանի «իմպերիալիստական» ծրագրին, գրվել է 1919թ. դեկտեմբերի վերջին՝ «Թուրքահայաստանի մասին» դեկրետն ընդունելուց ուղիղ երկու տարի անց, երբ Բրեստ Լիտովսկի պայմանագրով այդ հարցն առարկայորեն փակված, բոլշեւիկյան կառավարության օրակարգից հանված էր»: 

-Եթե «այդ հարցն առարկայորեն փակված, բոլշեւիկյան կառավարության օրակարգից հանված» լիներ, Միկոյանի   պաշտոնական զեկուցագրի  /այլ ոչ թե  նամակի, ինչպես Աթանեսյանն է գրում/ կարիքը չէր լինի։ Տվյալ դեպքում անհրաժեշտ էր, որ հայ կոմունիստների անունից ներկայացված Տերյանի՝ «Թուրքահայաստանի մասին»  զեկուցագիրը բողոքարկվեր հայ կոմունիստների անունից ներկայացված Միկոյանի զեկուցագրով։ Դրանով իսկ հնարավորություն ընձեռնվեր մոռացության մատնել  իրավական ակտ հանդիսացող «Թուրքահայաստանի մասին»  դեկրետը։ 

Աթանեսյանը գրել է․  «Ի՞նչ կարիք կա հանրային ատելություն հրահրել Անաստաս Միկոյանի դեմ»: 
-Այդպիսի նպատակ չեմ ունեցել։ Գրել եմ տերյանագիտական հոդված՝ հանրությանը  հիշեցնելով, թե որպես պետական-քաղաքական գործիչ ի՜նչ կարևոր  հայանպաստ փաստաթուղթ է կյանքի կոչել բանաստեղծը։ Եվ, առաջին անգամը լինելով, բացատրել եմ այդ փաստաթղթի իմաստը․Ռուսաստանի կառավարությունն առաջին և վերջին անգամ, թեկուզև կարճ ժամանակով, ճանաչել է հայ ժողովրդի՝ Հայոց ցեղասպանության հատուցման իրավունքը։ Ճանաչել է,  մինչև որ կարողացել է գտնել մեկ այլ հայ կոմունիստի, որը բողոքել է դրա դեմ։  

Ի դեպ, Ռուսաստանի և ոչ մի կառավարությունից հետագայում հնարավոր չի եղել այս հարցով կորզել որևիցե հայանպաստ փաստաթուղթ։ Ավելին, հայրս՝ Գևորգ Էմինն ասում էր, թե Նիկիտա Խրուշչովը, որը Ստալինի հրամանով աքսորված ԽՍՀՄ ժողովուրդներին վերադարձրել էր նրանցից խլված հայրենիքները՝ ինքնավարությունները, ցանկացել է Լեռնային Ղարաբաղ կոչվող հայկական ինքնավար մարզը միացնել Հայաստանին։ Բայց այդ ժամանակ ԽՍՀՄ երկրորդ դեմք հանդիսացող Միկոյանը համոզել է նրան չանել նման բան, քանի որ ԽՍՀՄ-ում կային տասնյակից ավելի սխալ գծված՝ ժողովուրդներին բաժանող սահմաններ։  

Աթանեսյանը գրել է․ «Ի՞նչ են տալիս մեր ժողովրդին «սեմինարիստական» մակարդակի այդ մտավարժանքները: Բառացիորեն՝ ոչինչ: Միայն կտրում են իրականությունից, զրկում նրան անցյալը սթափ գնահատելու կարողությունից, դատապարտում հավերժական տվայտանքների եւ նրա գիտակցության մեջ սերմանում վտանգավոր մտայնություն, որ «մեր դժբախտությունների պատճառը դավաճաններն են, ներքին թուրքը»:

-Այ սա արդեն կոնցեպտուալ հարց է։ Շատ կարևոր հարց։ 

Ակնհայտ է, որ անցյալի փաստերին տեղյակ լինելը չի կարող ժողովրդին «զրկել անցյալի փաստերը սթափ գնահատելու կարողությունից»։ Դա կարող է լինել հակառակ դեպքում, եթե նա տեղյակ չէ, կամ էլ նրան սուտ ինֆորմացիա են հրամցրել։ Եվ այդ չիմացությունն է «հավերժական տվայտանքների» և իրականությունից կտրվելու պատճառ դառնում։ 

Հիմա անդրադառնամ հայատյած օտարազգիներին հայակործան ծառայություններ մատուցած հայերին։ Մեր ժողովուրդը սիրում է հպարտանալ անցյալում բարձր պաշտոններ զբաղեցրած հայերով անկախ նրանից, թե նրանց գործունեությունը օգնե՞լ, թե՞ վնասել է հայերին։ Ավելին, կան մարդիկ, որոնք հարցնում են․ի՞նչ կարիք կա հիշեցնել այդ գործիչների հայակործան գործունեության մասին, ինչը կարող է հանրային ատելություն հրահրել վերջինների դեմ։ Եվ, մեր ժողովուրդը, մնալով անտեղյակ,  այդպես էլ չի կարողանում հասկանալ, թե ի՞նչն էր պատճառը, ու՞մ մեղքով է ինքը զրկվել ապագայից, հայտնվել  անելանելի վիճակում, կրել զրկանքներ ու տառապանքներ, արժանացել այլ ժողովուրդների ատելությանը։ Իսկ հայակործան քայլեր կատարողներն էլ իմանալով, որ միշտ կգտնվեն հայեր, որոնք ինչ-ինչ անձնական նկատառումներից ելնելով կքարոզեն անմեղսունակության աստիճանի բարեհոգություն, հանգիստ կործանում են մեր ներկան ու ապագան՝ վստահ լինելով, որ չեն դատապարտվելու։ Որպեսզի հայատյած այլազգի գործիչներին՝ վերջինների հայակործան գործունեության ընթացքում ծառայություններ մատուցող հայեր քիչ լինեն, անհրաժեշտ է «ջրի երես հանել» անցյալի նման գործիչների հանցավոր արարքները։ Գոնե չգովերգել նրանց՝ նմանվելով անմեղսունակների։

Գրիգոր Էմին-Տերյան