Եթե Փաշինյանը խաղար կինոյում, անկասկած, «Օսկար» կստանար․ «Կոմերսանտ»

Եթե Փաշինյանը խաղար կինոյում, անկասկած, «Օսկար» կստանար․ «Կոմերսանտ»

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտիմեկյան հանրահավաքին անդրադարձել է ռուսական «Կոմերսանտ» պարբերականը իր վերլուծականում։ Ըստ հոդվածի, Փաշինյանը մարտի մեկի ցույցում հաղթեց փողոցային դիմակայությունը, որն ուներ ընդդիմության հետ։ Նա ըստ էության գնաց հակագրոհի եւ ցույց տվեց երեկոյան հանրահավաքով եւ գիշերային երթով, որ կարող է միաժամանակ լինել եւ իշխանություն եւ հեղափոխական պայքար մղել իր ընդդիմադիրների հետ։ Հոդվածում նշվում է, որ Փաշինյանը փորձում է քաղաքականության մեջ անել անհնարինը եւ ունենալով ամբողջական իշխանություն, երբ հարկավոր է, արագ կերպարանափոխվում եւ մտնում է հեղափոխականի դերի մեջ։ Այդ կախարդանքը դեռեւս գործում է, եւ ապացույցը հազարավոր մարդկանց Հանրապետության հրապարակում հավաքել կարողանալն էր։

Այդ օրը այդ մարդիկ պետք էին Փաշինյանին հրապարակում։ Գրեթե նույն ժամանակ էլ ընդդիմադիրններն էին հանրահավաք անում, որ միավորվել են «Հայրենիքի փրկության շարժման» դրոշի ներքո։ Փաշինյանի համար կարեւոր էր ցույց տալ, թե ով ունի աջակցություն։ Դա նրան հաջողվեց Հանրապետության հրապարակում մասովկա ապահովելով, որը բավական ներշնչող տեսք ուներ։ Փաշինյանը ցույցի դուրս եկավ ուղիղ կառավարության շենքից, այն ապահով միջանցքով, որը նրա համար բացել էին ոստիկանները։ Մեկ ժամ շարունակ, հարթակում կանգնած, նա դիրիժորություն էր անում հավաքված բազմությանը, ստիպելով նրան մեկ հավանություն տվող բացականչություններ արձակել, մեկ վրդովվել, մեկ էլ հնազանդորեն լռել։ Դա նման էր հիպնոսի եւ նման էր «թավշյա հեղափոխության» ժամանակվա հանրահավաքներին, որ եղան 2018-ին։ «Եթե Նիկոլ Փաշինյանը կինոյում հանդես գար, ապա հաստատ «Օսկար» կստանար»,- ասված է հոդվածում։

Հրապարակման մեջ նշվում է, որ եթե մարդ չիմանար, որ հարթակին խոսողը արդեն երեք տարի ղեկավարում է երկիրը, կարելի է կարծել, որ նա վառ հռետոր է, ընդդիմության առաջնորդ, ով ժողովրդին է հանում ռեժիմի դեմ պայքարելու համար։ Իսկ այն, որ ինքը իշխանություն է, միայն մեկ անգամ զգացվեց, երբ ներողություն խնդրեց վերջին տասն ամիսներին իր կառավարության գործած սխալների համար Հայաստանի եւ Արցախի ժողովրդից եւ Սփյուռքից, եւ խնդրեց միացնել հեռախոսների լապտերիկները ի հիշատակ Ղարաբաղյան վերջին պատերազմում զոհվածների եւ հրապարակում հավաքվածները անմիջապես հեռախոսների լապտերիկները միացրեցին։ Մնացած ելույթը արդեն ոչ թե Փաշինյան-վարչապետն էր, այլ Փաշինյան-հեղափոխականը։ Պարբերականի ուշադրությունն էր գրավել այն, որ Փաշինյանի համար նախասիրած հնարանքն է դարձել իրեն նույնացնել ժողովրդի հետ եւ հանդես գալ ժողովրդի անունից։

Հոդվածում անդրադարձ է կատարվում նաեւ այն հիմնական թեզիսներին, որոնք Փաշինյանն առաջ է քաշել երեկվա հանրահավաքում, ինչպես օրինակ այն, որ կիսանախագահական կառավարման անցումը կարող է լինել լավագույն տարբերակներից մեկը, կամ, որ արտահերթ ընտրություններ են տեղի ունենալու։ «Կոմերսանտի» աղբյուրը «Իմ քայլում», ով պատգամավոր է, անանունության պահպանմամբ հայտնել է, որ արտահերթ ընտրությունների գործընթացի հարցը կսկսվի հենց որ Գլխավոր շտաբի հետ կապված խնդիրը լուծվի։ Նույն աղբյուրը նաեւ հայտնել էր, որ նախագահ Արմեն Սարգսյանը պատրաստ է ԳՇ պետին պաշտոնից ազատման երկրորդ միջնորդությունը ստորագրել եւ հենց որ ստորագրի, ապա իշխանությունը կսկսի արտահերթ ընտրություններով զբաղվել։