«Հրապարակ». Ընդդիմությունը «հրատապ-կառուցողական» նիստ էր հրավիրել

«Հրապարակ». Ընդդիմությունը «հրատապ-կառուցողական» նիստ էր հրավիրել

Երեկ ընդդիմությունը հրատապ նիստ էր հրավիրել՝ քննարկելու բանակում, ՀՀ զինված ուժերում ստեղծված իրավիճակը։ Նիստը դռնփակ էր, քանի որ դրանում պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ կարող էին հրապարակվել, բայց այդ նիստին ընդդիմադիր պատգամավորների մի մասը, այդ թվում՝ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, չէին մասնակցում։ Բանն այն է, որ որոշ պատգամավորների գաղտնի տեղեկություններին հասանելիության թույլտվություն չի տրվել, եւ նրանք չեն կարող նման նիստերին մասնակցել կամ գաղտնի գրիֆով փաստաթղթերի հետ ծանոթանալ։

Ընդդիմությունը նիստին հրավիրել էր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, որ նա պատասխանի իրենց հարցերին։ Նիստը տեւել է մեկուկես ժամ, որի կեսից ավելին եղել են հիմնական զեկուցող Գեղամ Մանուկյանի ելույթն ու նրան ուղղված հարցերը։ Մինչդեռ ընդդիմադիրների նպատակն այն էր, որ ավելի շատ իրենք հարցեր ուղղեին հարակից զեկուցող Սուրեն Պապիկյանին։ Բայց ՔՊ-ականները հատուկ մեծ քանակով էին հերթագրվել՝ տասից ավելի պատգամավոր, որ Գեղամ Մանուկյանին անիմաստ հարցեր ուղղեն ու ժամանակ ձգեն՝ Պապիկյանին հարց տալու ժամանակ շատ չմնա։ Պապիկյանին 6-7 պատգամավոր է հարց ուղղել՝ հիմնականում զորքերի, դիրքերի կահավորման հետ կապված խնդիրներին առնչվող, Պապիկյանն իր պատասխաններով արձանագրել է, որ մեծ թվով դիրքերի կորուստներ են ունեցել հենց պատերազմից հետո։ Նա նաեւ շուստրիություն է արել՝ իրեն հասանելիք ժամանակի մեծ մասն օգտագործելով վիճակագրական տվյալներ ներկայացնելու վրա՝ իրենց կատարած աշխատանքների, առաջնահերթ լուծումների եւ գործողությունների վերաբերյալ։

Հարց է հնչել նաեւ վերջին աղմկահարույց միջադեպի՝15 զինվորի մահվան դեպքի մասին․ նախարարն ասել է, որ քննությունը կպարզի մեղավորներին։ Նիստից հետո, սակայն, ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանն այնպես ներկայացրեց, ասես ընդդիմությունը Սուրեն Պապիկյանից բացառիկ տեղեկություններ է ստացել, բավարարվել է դրանցով, եւ քննարկումն էլ անցել է կառուցողական մթնոլորտում, ոչ ոք Սուրեն Պապիկյանի հրաժարականը չի պահանջել, ավելին՝ ընդդիմությունն ընդունել է, որ զորամասերում կան խնդիրներ, ու այդ խնդիրները միասնաբար պետք է լուծեն։