Իրողությունը ոչինչ չի՞ հուշում

Իրողությունը ոչինչ չի՞ հուշում

Քաղաքագետ Արմեն Այվազյանը  արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին, թե ինչու՞ Արցախի հարցում փաստարկել  է ինքնորոշման սկզբունքով եւ շեշտում, որ, այո, դա տարածքային վեճ է, մենք ունենք հայրենիք ազատագրելու իրավունք: Նա կարծում է, որ մենք նոր պատերազմ չենք սկսի, բայց քանի որ այսքան տարի գրգռվել է Բաքվի ախորժակը, այն մի օր պայթելու է: «Ու մեր բանակը, եթե թիկունքից խփող ղեկավարություն չունենա, նորից հրաշք է գործելու թե Նախիջեւանի, թե Գանձակի ուղղությամբ: Այդ ժամանակ ի՞նչ ենք ասելու, որ ինքնորոշմամբ ենք արդարացնելու հարեւան պետության տարածքի հավելյալ օկուպացիա»,- հարցնում է նա:

Ուշադրություն դարձրեք «հարեւան երկրի տարածքի հավելյալ օկուպացիա» ձեւակերպմանը: Քաղաքագետն այդպիսով չի՞ ընդունում, որ Լեռնային Ղարաբաղն, այո, հարեւան երկրի տարածք էր, որն, այո, օկուպացվել է: Ընդ որում՝ Հայաստանի կողմից, որովհետեւ, ինչպես Այվազյանն է հիմնավորում՝ «հայրենիքն իր բնական սահմաններով հենց այն է, ինչն էական ու հարատեւ անվտանգություն է ապահովում ողջ ազգի համար»:

Չկա միջազգային հանրություն, չկան ՄԱԿ, ԵԱՀԿ: Կա հայրենիք՝ իր բնական սահմաններով, որ պետք է վերականգնվեն: Եւ դիվանագիտական այլասացության կարիք մենք ամենեւն չունենք: Պետք է պարզուշիտակ հայտարարենք, որ, այո, հարեւան երկրի տարածք ենք օկուպացրել, իսկ եթե նա իրողությունը չընդունի, չհամակերպվի, ապա կհետեւի հավելյալ օկուպացիան՝ Նախիջեւանի եւ Գանձակի ուղղությամբ: Իսկ հետո՞, դրանով Հայաստանի անվտանգությունը հարատեւ երաշխավորվա՞ծ կլինի: Թե հավելյալ օկուպացիան հարկ կլինի դարձնել պերմանենտ՝ մինչեւ կհասնենք Կասպից ծովի՞ն:

Սա լուրջ քաղաքագետի՞ հայացք է: Չէ՞ որ հայրենիքի բնական սահմաններ ասվածը մի առաձգական բան է: Սահման քաջաց՝ զենն յուրյանց: Բայց դա վաղնջական ժամանակների համար էր: 21-րդ դարում նույնիսկ հզորագույն երկրներն են իրենց էքսպանսիան նրբաքողարկում ինքնորոշման իրավունքով՝ ինչպես Կոսովոյի կամ Ղրիմի դեպքում կամ էլ «ժողովրդավարության հաստատման անհրաժեշտությամբ»՝ որպես հղացվեց «արաբական գարունը» կամ կիեւյան «մայդանը»: Ով կարծում է՝ Սիրիայում Թուրքերի նպատակն «անվտանգության գոտու ստեղծումն» էր, սխալվում է: Թուրքիան «հայրենիքի բնական սահմանների վերականգնման» հարց էր ուզում լուծել, նրա հիմնական թիրախն «օսմանյան» Հալեպն էր:

Չհաջողվեց, թուրքական ներխուժումը կասեցրին ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը: Թուրքիային հասկացրին, որ իր բնական սահմաններն այն են, ինչ հաստատված են Լոզանի պայմանագրով: 80 միլիոնանոց Թուրքիայի մասին է խոսքը, երկիր, որի բանակը ՆԱՏՕ-ում թվակազմով երկրորդն է, բայց Սիրիայից տարածք օկուպացնելու նրա ախորժակին միջազգային հանրությունը թունդ քացախ մատուցեց: Այս իրողությունը ոչինչ չի՞ հուշում: