Հակարիի անցակետը ոչ թե թուրքն է փակել, այլ ռուսը

Հակարիի անցակետը ոչ թե թուրքն է փակել, այլ ռուսը

Հակարիի անդրբեջանական անցակետի վերաբերյալ հակասական տեղեկություններ են մեզ հասնում։ Պաշտոնական Բաքուն պնդում է, որ արցախցիներն ազատ անցնում են այս անցակետով։ Համացանցում բազմաթիվ տեսանյութեր են պտտվում, իսկ Արցախի իշխանությունները հերքում են՝ ասելով, որ մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը խախտվում է։ «Անգամ այն հանգամանքը, որ մարդիկ տեղաշարժվում են խաղաղապահների և Կարմիր խաչի ուղեկցությամբ, արդեն իսկ խոսում է, որ խոչընդոտված է ազատ տեղաշարժի իրավունքը», - այսօր ասել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ Ըստ նրա, «անցակետ կոչվածն Արցախի ժողովրդի համար անընդունելի է»։

Մենք որոշեցինք խոսել Արցախի բնակիչների հետ, հասկանալու համար, թե որ պաշտոնական ճշմարտությունն է սուտ։ Մեր զրուցակիցները պնդում էին, որ Հակարիի անցակետը բաց է, որ ադրբեջանցիները թույլ են տալիս այնտեղով անցնել բոլոր նրանց, ովքեր ցանկանում են, սակայն Արցախի իշխանություններն են փակել ճանապարհը, որ Արցախը չհայաթափվի։

«Մերոնք են փակել։ Ռուսն ա փակած պահում։ Миротворчесские силы, ոչ թե թուրքը, այլ մերոնք։ Չեն թողնում ոչ մեկը անց կենան, իհարկե, մեր ղեկավարների հրամանով։ Մարդ էլ կա, փող ա աշխատում։ 100 հազար տալիս են, անցնում են։ Բայց եթե թողնեն, մոտենանք անցակետին, թուրքերը կթողնեն, որ անցնենք։ Միայն անցնողներին նկարում են, չգիտես, ինչու, բայց անցուդարձին չեն խանգարում», - ասաց մեր զրուցակիցը՝ 100 անգամ խնդրելով, որ իր անունը չգրվի։