«Հրապարակ». Էրդողանի եթիմներն ու Սորոսի ճտերն ամեն ինչ անում են ի վնաս հայության
«Միասին» հասարակական-քաղաքական նախաձեռնությունն օգոստոսի 12-ին պահանջագիր փոխանցեց ՀՀ կառավարությանը՝ Ադրբեջանից բռնի տեղահանված հայերի իրավունքների պաշտպանությունն ապահովելու մասին։ Պահանջագիրն ուղղված է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, ՀՀ-ում հավատարմագրված միջազգային կառույցներին։ Գրող, հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը, ով մասնակցում էր շարժման կազմակերպած բողոքի ակցիային, «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց՝ այս անգամ իշխանության անգործության համար ենք հավաքվել, Փաշինյանը, բերանը ջուր առած, լսում է Ալիեւի հոխորտանքները՝ ադրբեջանցի, այսպես կոչված, փախստականների վերադարձի վերաբերյալ։
«Տեւական ժամանակ է՝ Ալիեւի հոխորտանքներն ենք լսում, որ պետք է ադրբեջանցիներին վերաբնակեցնի այստեղ՝ Հայաստանում։ Նույն Ալիեւը գիտի, թե ոնց են Սումգայիթում հարձակվել հայկական բնակավայրերի վրա, մի կերպ զսպեցին Բաքվի կոտորածը։ Նրանք թույլ չէին տալիս, որ մեր հայրենակիցները խաղաղ լքեն իրենց բնակավայրերը, որտեղ տարիներ շարունակ արարել էին։ Բաքվում այս պատմական իրողությունները մոռացել են ու հիմա որոշել են, որ պիտի ադրբեջանցիները Հայաստան վերադառնան։ Սրանք բերանները ջուր առած՝ լսում են Ալիեւի հոխորտանքները։ Հերթական անգամ համոզվեցինք, որ սրանք թուրքական իշխանությունների սպասավորներն են, Էրդողանի եթիմներն ու Սորոսի ճտերը, որ ամեն ինչ անում են ի վնաս հայության։ Տարիներով մշակված ծրագիր է՝ Հայաստանն առանց հայության թողնելու, ամեն ինչ անում են՝ Հայաստանից հայերին դուրս հանելու եւ այս տարածքները որպես պլատֆորմ, ռազմաբազա դարձնելու համար»,- ասաց Մանուկյանը։
Հայաստանի իշխանությունների, իր խոսքով՝ կործանարար քաղաքականության դեմն առնելու միակ ճանապարհն ազգի միավորումն է, համախմբումը մեկ գաղափարի շուրջ։ «Եթե մենք չմիավորվենք, սրանք իրենց ծրագրերը կյանքի կկոչեն։ Հույս ունեմ, որ, ի վերջո, կկարողանանք դուրս շպրտել բոլոր այն դավաճաններին, ովքեր եկել են օտարի շահը սպասարկելու»,-նկատեց նա։ Իշխանությունը պատրաստվում է Ադրբեջանի հետ ստորագրել, այսպես կոչված, խաղաղության մի պայմանագիր, որի բովանդակությանը հասարակությունը ծանոթանալ չի կարողանում, գաղտնի է պահվում։ Արդյո՞ք դրանում ամրագրված կլինի ադրբեջանցի փախստականների վերաբնակեցումը Հայաստանում, պարզ չէ։ Խաչիկ Մանուկյանի խոսքով՝ Ալիեւը բազմիցս ասել է, որ ուժով կլուծի իր խնդիրները, եւ այդպես էլ անում է։
«Սրանք ելել՝ խաղաղության օրակարգից են խոսում․ փոթորկված օվկիանոսի վրա նետած տաշեղը կարո՞ղ է խաղաղություն բերել։ Իհարկե` ոչ։ Սրանք՝ այս տաշեղները, խոսում են խաղաղության մասին։ Դուք ո՞վ եք, որ խոսեք, այ թույլիկներ, այլ ողորմելի գոյանքներ, դուք օտարի շահը սպասարկողներն եք, բացահայտված լրտեսներ, որոնք իրենց արժանի պատիժը կստանան»,- հավելեց նա։
Հիշեցնենք, որ պաշտոնական Բաքվից պահանջներ են ներկայացվում Հայաստանի իշխանություններին՝ 90-ականներին Հայաստանից հեռացած ադրբեջանցիների վերադարձի վերաբերյալ։ ՔՊ-ականները չեն պատասխանում ուղիղ հարցին՝ արդյո՞ք փախստականների վերադարձի հարցն ամրագրվելու է, այսպես կոչված, խաղաղության պայմանագրում, թե ոչ։
Ալիեւն «Արեւմտյան Ադրբեջան» վերադառնալու մասին սկսել է խոսել 2022-ի դեկտեմբերին՝ Բաքվում «Արեւմտյան Ադրբեջանից» տեղահանված համայնքի համար կազմակերպված ինչ-որ միջոցառման ժամանակ՝ կեղծ քարտեզների ու հորինված պատմական փաստաթղթերի ցուցադրությամբ։ Պնդել էր, թե ներկայիս Հայաստանի հարյուրավոր բնակավայրերում ժամանակին ադրբեջանցիներ են ապրել, մոտ 90 գյուղում էլ եղել են մեծամասնություն, ուստի պետք է վերադառնան խաղաղ ճանապարհով` ավտոմեքենաներով։
Մանրամասն՝ տեսանյութում
Կարծիքներ