Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացվեց

Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ այսօր տեղի ունեցավ ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով դատական նիստը։ 

Նիստին Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց Բաբլոյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։ Վերջինս նշեց, որ քրեական հետապնդումը տեղի է ունեցել ակնհայտ խախտումներով։

«Ինչո՞ւմն է մեղարդանքը կառուցված, որ Արա Բաբլոյանը եղել է ԱԺ նախագահ և չի եղել խիստ իրավաբան։ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով Արա Բաբլոյանի նկատմամբ չի կարող իրականացվել քրեական հետապնդում։ Հենց առաջին իսկ հարցաքննության ժամանակ ես ներկայացրել եմ իրավական վերլուծություն, որն առկա է քրեական գործի նյութերում։ Այդ համառությունը, որը ՀՔԾ-ն շարունակում էր, շարունակվեց մինչեւ 2020 թվականի փետրվարի 24-ը։ Հաճախ չի այն իրավիճակը, երբ Դատախազությունը, չհաստատելով մեղադրական եզրակացությունը, վերադարձնելով 308-րդ հոդվածի հետ կապված խնդիրը, սակայն ՀՔԾ-ն այն նորից ներկայացնում է»,-նշեց Վարդեւանյանը։

Մեղադրողն  առարկեց միջնորդության դեմ, ասելով, որ քանի դեռ դատարանում ապացույցները հետազոտված չեն, մեղադրանքների փոփոխությանը դատարանը գնահատականներ տալ չի կարող։ 

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, որոշումը կհրապարակվի այսօր։

Հիշեցնենք, որ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2018 թ․ հանդիսանալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը, մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք։ 

Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018 թ․ մարտի 5-ին, համատեղության կարգով հանդիսանալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատարը, օժանդակել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին և այլ պաշտոնատար անձանց՝ իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետրևանքներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք