Եթե ավելի վաղ կանխեինք պատերազմը, Նիկոլ Փաշինյանն ազգային հերո՞ս էր դառնալու

Եթե ավելի վաղ կանխեինք պատերազմը, Նիկոլ Փաշինյանն ազգային հերո՞ս էր դառնալու

Հարցազրույց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սեդրակ Թեւոնյանի հետ

- Իշխող ուժի նախընտրական կարգախոսն է՝ «Ապագա կա»․ մարդիկ մի քանի օր է՝ քննարկում են այդ կարգախոսը, ասում են, որ ձեր իշխանության ներկան արդեն զարհուրելի է, դուք մի քանի անգամ մեծացրել եք Եռաբլուրի չափերը, հայրենիք եք հանձնել, ձեր խոստացած ապագան ի՞նչ պետք է լինի։ Ի՞նչ ապագա եք խոստանում ՀՀ քաղաքացիներին՝ կարո՞ղ եք ներկայացնել։

- Այսինքն, ի՞նչ եք առաջարկում, վերջին իրադարձություններից հետո ձուլվենք, ձեռքերներս լվանանք, ասենք՝ վերջ, մեռա՞նք որպես ժողովուրդ։ Այդպես ենք հարգելու մեր զոհված տղերքին, ապագան իրենք են, մեր նահատակները, ապագան իրենց թափած արյունն է։

- Դուք այդ տղաներին դրեցիք հողի տակ, ո՞նց է ապագան իրենցը լինելու։

- Ապագան իրենց ընտանիքներինն է, իրենց քույրերինն ու եղբայրներինը, մերն է, իմ երեխունը, քոնը, ամեն մեկիցս կախված է մեր ապագան, եթե ես առողջ եմ մտածում, հարգում եմ դիմացինին, հենց դա է մեր ապագան։

- Դուք 5 հազարից ավելի տղաների ապագան կասեցրել եք, իրենց ընտանիքներին անասելի ցավ պատճառել, հիմա ասում եք՝ ապագան իրենց ընտանիքների՞նն է, ի՞նչ եք պատկերացնում դրա տակ։ Եվ հետո․ չենք ասում՝ մեռնենք որպես ժողովուրդ, ասում ենք, որ այդ ժողովուրդը ձեզ հետ ապագա չի կարող ունենալ։

- Ասելով չի, քննադատելով երկիր չեն կառուցում, երկիր չեն սիրում։ Նախկինում եղել է այդպես, բայց հիմա այդպես չէ։

- Չե՞ք հոգնել նախկինների երգն անվերջ կրկնելուց, նախկիննե՞րն են այս զոհերի, այս ամենի մեղավորը։

- Մենք բոլորս ենք մեղավոր, բոլորիս պատճառով եղավ այս ամենը։

- Բայց դուք եք իշխանությունը։

- Ոչ, ոչ, ոչ։

- Պատերազմի ժամանակ դուք իշխանություն չե՞ք եղել։

- Ես մնում եմ իմ համոզմունքին, որ ե՛ւ երկիրը պետք է սիրել, ե՛ւ ժողովրդին, մենք թերացել ենք այդ հարցում, թե՛ իշխանությունը, թե՛ մարդը իր արժեքն էր կորցրել անցյալում։ Իսկ մենք սիրում ենք քաղաքացուն, գնահատում ենք իրեն։

 - Սիրելով՝ 5 հազար երիտասարդի զոհաբերեց Նիկոլ Փաշինյանը, միայն նրա համար, որ իրեն դավաճան չասեին։ Հիշում եք, չէ՞, նրա հայտարարությունը։

- Այսինքն, եթե ավելի վաղ կանխում էինք պատերազմը, տալիս էինք այն, ինչ որ պետք է տայինք, ի՞նչ էր ստացվում՝ Նիկոլ Փաշինյանն ազգային հերո՞ս էր դառնալու։

- Պարզապես զոհերի թիվն անհամեմատ պակաս կլիներ։

- Մենք ժողովուրդ ենք, մենք չպայքարելու իրավունք չունեինք։

- Բայց Նիկոլ Փաշինյանն ասում էր, չէ՞, որ ի սկզբանե պարզ էր, որ Ալիեւը 7+ է ուզում, որ մենք 80-ականների զենքով էինք կռվում, որ բանակը չի կռվել եւ այլն։ 

- Նիկոլ Փաշինյանն իր բոլոր հայտարարություններում շատ պարզ ասում է, թե ինչ է եղել՝ 2018 թվականից հետո ինչ արվել է բանակի եւ մեր անվտանգության համար, կարծում եմ՝ բոլորիս է պարզ։

- Ի՞նչն է պարզ, որ առանց հրթիռների Սու-ե՞ր եք առել։

- Ես այդ մասնագիտական բաների մեջ չեմ ուզում մտնել, բայց մեր անվտանգությունը դրանից հետո ենք ուժեղացրել։

- Ելակով ու մայկա-տրուսիկո՞վ։

- Այդտեղից է խնդիրը գալիս, որ մենք զինվորին ասում էինք՝ դու պիտի ձավար ուտես, մայկա-տրուսիկ չհագնես։

- Ո՞նց՝ նախկինների ժամանակ զինվորները մայկա-տրուսիկ չե՞ն հագել։

- Չէ, ծնողներն են առել ու ուղարկել։

- Հիմա էլ են շատերն առնում-ուղարկում։

- Այդպես չէ։

- Ձեր գնած զենքերն էլ տեսանք՝ առանց հրթիռների։

- Եկեք շատ չծավալվենք, ես ասում եմ, որ մեր երկիրն իր մեջքն ուղղելու է, եւ նորից եմ ասում՝ հանուն այն տղաների, որոնք զոհվել են, իմ երկու եղբայրները՝ հորեղբոր թոռներն էլ են զոհվել, եւ հանուն իրենց, մեր ժողովուրդը պետք է խելքի գա։ Երբ տեսնենք՝ ժողովուրդն անտարբեր չէ ոչ մի բանին, կտեսնենք, որ ապագան մերն է լինելու։

- Դուք երեք տարվա ընթացքում ի՞նչ եք արել, որ քաղաքացին ձեզ նորից վստահության քվե տա։

- Հավասարությունը շատ հարցերի պատասխանը տալիս է, մարդկանց հավասարության մասին է խոսքը։ Ո՛չ ես եմ սովորական մարդկանցից լավը, ո՛չ էլ իմ երեխեն՝ մյուսների երեխաներից։ Նախկիններն ըտե՞նց էին։

- Դուք սեւի ու սպիտակի եք բաժանել հասարակությանը, անգամ մեզ՝ լրագրողներիս, ի՞նչ հավասարության մասին է խոսքը։

- Ես չեմ ուզում շատ խորանալ, բայց միգուցե դուք հարցեր եք տալիս, որ շատերին դուր չի գալիս, դրա համար էլ չեն ուզում ձեզ պատասխանել։ Ոչ մեկին հենց այնպես բռնել չենք տալիս, փակել չենք տալիս, ես Արարատի մարզից ընտրված պատգամավոր եմ, գնացեք եւ հարցրեք։

- Գուցե Դուք անձամբ չեք անում, բայց ձեր իշխանությունն է անում։ Ռոբերտ Քոչարյանին երկու տարի նստեցրին, հետո պարզվեց, որ այն հոդվածով, որով նստեցրել էին, հակասահմանադրական է։

- Իրենց մասով ես ոչ մի բան չեմ ուզում ասել, ժողովուրդն ասել է եւ մեկ անգամ էլ կասի։ Մենք ապրել ենք իրենց ժամանակաշրջանը, եւ ես ինքս տեսել եմ։ Ես՝ ինքս, սահմանին եմ եղել, չեմ ուզում մտնել այդ դաշտ, բայց 88 թվականից իմ հայրս է եղել սահմանին, 2004-ից՝ ես, մենք շատ լավ ենք տեսել ամեն ինչ։

- Ի՞նչ եք տեսել, Ռոբերտ Քոչարյանը գոնե Արցախ չի հանձնել, 5 հազար զոհ չի տվել։

- Չեմ ուզում մտնել այդ դաշտ, ժամանակը կգա՝ մեր ժողովուրդն ամեն ինչ կտեսնի, եւ պարզ կլինի, թե ինչու է այսպես եղել։