Ահա 53 տոկոսանոց քվեի հետեւանքները՝ վայելեք

Ահա 53 տոկոսանոց քվեի հետեւանքները՝ վայելեք

Ինչպես եւ սպասվում էր, Քաղպայմանագրի վերընտրվելու պայմաններում բոլոր օղակները սեղմվելու են ընդդիմության կոկորդին, ընդվզումի բոլոր նշանները խեղդվելու են օրորոցում, դատական համակարգը դառնալու է իշխանությունների հլու կամակատարը, Գագիկ Ջհանգիրյանն իրեն ԲԴԽ նախագահ է զգալու, Վահե Գրիգորյանը՝ ՍԴ նախագահ, Սասուն Խաչատրյանը՝ իրավաբանության գիգանտ, Արթուր Դավթյանը՝ օրինականության մարմնացում։ Նաեւ թուրքն ու ադրբեջանցին է ցնծության մեջ ընկնելու՝ այլեւս Սեւ լճից ու Գեղարքունիքից նահանջելու անհրաժեշտությունը կվերանա, իսկ Տավուշում տարածքներ նվաճելը կդառնա լրիվ իրատեսական։ Թուրքիա-Ադրբեջան միջանցքի կառուցման հարցը կարագանա եւ այլն, եւ այլն։

Բայց ամենացավալին դատական համակարգի արձագանքն էր ընտրությունների արդյունքներին։ Եթե նախորդ ամիսներին դատավորները դիմադրում էին եւ քննիչների տգետ ու ապօրինի միջնորդությունները չէին բավարարում՝ մերժում էին ընդդիմության նկատմամբ ձերբակալության, կալանքի միջնորդությունները եւ քաղաքական հայացքների համար հետապնդվողները դատարանների օգնությամբ ազատ էին արձակվում, պաշտպանված էին, ապա հունիսի 20-ից սկսած այլեւս նոր իրավիճակ է երկրում՝ Նիկոլ Փաշինյանը հասավ իր ուզածին՝ հնազանդեցրեց դատավորներին եւ իր հակառակորդների հետ ինչ ուզենա այլեւս կանի։ 

Դրա ակնառու վկայությունն է այսօրվա դատական որոշումը՝ Իզմիրլյանի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, հարգված բժիշկ Արմեն Չարչյանի կալանքը չփոխելը։ Նման անհեթեթ մեղադրանքով մարդուն կալանքի տակ պահելու համար քեզ առնվազն պետք է ստալին պատկերացնես, իսկ դատարանը՝ 37 թվի եռյակ դատարան, որն առանց դատ ու դատաստանի դատավճիռներ էր արձակում։

Այնպես որ պատրաստվեք առաջիկա զարգացումներին։ Շուտով նորից ԱԱԾ-ն կսկսի սատանաներ որսալ, իսկ ԱԱԾ տնօրենին կհանձնարարի, ասենք, Սեյրան Օհանյանին կամ Արշակ Սրբազանին տանել «կագեբեի պադվալ ու հարցաքննել», ոստիկանությանը կհանձնարարի կամերաները ձեռքներին շրջել փողոցներում եւ ոմանց «պառկցնել» ասֆալտին ու նկարահանել։ Մարզպետներին կհանձնարարի ազատել բոլոր այն գյուղապետերին, որոնք իր հասցեին դիֆերամբներ չեն հնչեցնում։ Սյունիքի համայնքապետերի դեմ անթաքույց տեռորը դրա վկայությունն է։

Քննչականներին կհանձնարարի գործեր հարուցել բոլոր իրեն քննադատողների նկատմամբ, անհիմն խուզարկություններ անել ու բերման ենթարկել, ինչպես այսօր Քաջարանի քաղաքապետին արեցին։
Նախարարների վրա կգոռգոռա մի քանի ծանրաձող սպորտսմեններին չտրամադրելու համար եւ կանջատի խոսափողը՝ զրկելով խոսքի իրավունքից, իսկ հաջորդ օրը կպարզվի, որ այդ գործընթացն ուշացել է ֆինանսներն ուշ փոխանցելու պատճառով, ինչպես կատարվեց նախորդ կառավարության նիստում ԿԳՄՍ նախարարի նկատմամբ։

Հարկային արտոնություններ կտա իր սիրելի օլիգարխներին, ինչպես արեց վերջերս՝ Լֆիկին հերթական արտոնությունը տալով։ Եւ հակառակը՝ իր թրի տակով չանցնող բիզնեսմենները չեն կարողանա ազատ տնօրինել իրենց սեփականությունը։ Իրեն տարիներ առաջ մի թթու խոսք ասած պաշտոնյային կունեզրկի, իսկ իսկական թալանչիներին՝ բարձր պաշտոնների կնշանակի, ինչպես անում են ապօրինի գույքի բռնագանձման անվան տակ Վովա Գասպարյանի ունեցվածքի հետ։
Եւ ամենակարեւորը՝ Պուտինն ու Մակրոնը, Լին Թրեյսին ու ԱՄՆ Պետդեպը կխրախուսեն՝ եկել է ցավոտ, բարդ որոշումներ կայացնելու ժամանակը, չէ որ Դուք այլեւս ունեք ձեր հասարակության վստահությունը եւ մարդիկ Ձեզ մանդատ են տվել դա անելու համար, անցեք գործի՝ իզո՞ւր ենք աչք փակել Ձեր անօրինականությունների վրա, Ձեզ աջակցել, ամեն ինչ արել, որ գրանտներով, մեզ ենթակա ՀԿ-ներով, մեզ ենթարկվող լրատվամիջոցներով օգնենք՝ ստանաք այդ 53 տոկոսը։ 
Մի խոսքով՝ սա 53 տոկոսանոց քվեի հետեւանքն է՝ վայելեք։