Մեզ հավատացողները հավատում են

Մեզ հավատացողները հավատում են

Արարատ Միրզոյանի՝ Թուրքիայի եւ Հայաստանի հատուկ ծառայությունների գործակալ լինելու մասին տեղեկությունն իմքայլականներին կարծես չի հուզում։ Նրանք շարունակում են անվրդով շփվել Միրզոյանի հետ, ում, ըստ այդ  փաստաթղթի, դեռ 2007-ին ՀՀ ԱԱԾ-ն «հավաքագրել» է, որ ինֆորմացիա հաղորդի տարբեր անձանց, չի բացառվում՝ նաեւ իր ընկերների մասին։ Ձեզ համար նորմա՞լ է, որ ԱԺ ղեկավարին մեղադրում են կրկնակի գործակալ լինելու մեջ՝ հարցրինք իմքայլական պատգամավոր, գյումրեցի Կարեն Սարուխանյանին։

«Պարոն Միրզոյանն անդրադարձել է այդ մասով եւ ցնդաբանություն է որակել։ Ես նույնպես կերկրորդեմ եւ կորակեմ այդ հրապարակումը որպես ցնդաբանություն»,- ասաց նա։

- Ցանկացած որակում, իհարկե, կարելի է տալ, բայց դրանից հարցի էությունը չի փոխվում։

- Ցանկացած բան կարելի է ուղղակի սարքել․․․

- Վստա՞հ եք, որ Միրզոյանի ձեռագրով գրված այդ թուղթը սարքված է։

- Բա Պարոն Միրզոյանի ասածը, որ իրականությանը դա չի համապատասխանում, դրա արդյունքում ի՞նչ պետք է մեկնաբանել։

- Կարծում եք՝ գործակալը պետք է ասի՝ այո, իրականությանը համապատասխանո՞ւմ է, ես գործակա՞լ եմ։

- Ես վստահ եմ, որ իրականությանը չի համապատասխանում։

- Ինչո՞վ եք վստահ։

- Իմանալով փեսա Միշիկի՝ մինչեւ այս հրապարակումներն ու իր կարգավիճակը, որ Հայաստանից փախել է, ու մինչեւ էս նրա մի քանի հրապարակումներն արդեն տեսնելով՝ տարբեր մեղադրանքներ տարբեր մարդկանց հասցեին, որոնք որեւէ հիմք չունեն եւ իրականությանը չեն համապատասխանում, վստահ եմ, որ նաեւ դա սարքած կլինի։

- Ձեզ համար էակա՞ն է, թե ով է ասում, թե՞ էական է՝ ինչ են ասում։

- Տեսեք, էստեղ շատ կարեւոր հարց կա, թե նաեւ ով է ասում, որովհետեւ ասելուց բացի ինքը թուղթ է հրապարակում, չկա էդ մարդը, չգիտենք՝ սեղանների տակ է, խոհանոցներում, թե չգիտեմ որտեղ պահ է մտած, հիմա ինքն ասում է մի բան․․․

- Բայց տեսնում ենք, որ պահ մտած չէ, ուղիղ եթերում խոսում է՝ առանց թաքնվելու։

- Բայց Հայաստանում չէ, համենայնդեպս, քրեական գործեր կան, եւ խուսափում է, չէ՞, քրեական պատասխանատվությունից։ Հիմա ինքը պահ մտած՝ ինչ-որ թղթեր է հրապարակում, վիդեոներ է սարքում էնտեղ, չգիտեմ ինչ է անում, որոնք մինչեւ էս հրապարակումներն էլ իրականությանը չեն համապատասխանել։ Ես, համենայնդեպս, վստահ եմ, որ հիմա հերթական հրապարակումը չի համապատասխանում իրականությանը։

- Բայց չի հերքվել, մամուլում գրվեց, որ արտահոսքի հետ կապված՝ ԱԱԾ-ում ծառայողական քննություն է սկսվել։

- Մամուլում շատ բան է գրվում այսօր, բայց ԱԱԾ-ն մեկնաբանել է, չէ՞։

- Կարծում եք, որ ԱԱԾ-ն իր գործակալներին պիտի բացահայտեր ու ասեր՝ այո, Արարատ Միրզոյանը մեր գործակա՞լն է եղել։

- Հիմա եկեք մենք բամբասանքի մակարդակից դուրս գանք, ես պաշտոնյա եմ եւ պաշտոնականն եմ ասում՝ ԱԱԾ-ն հերքել է այդ ամենը։

- Ինչո՞ւ ԱԱԾ-ն ձեռագրաբանական փորձաքննություն չի անում։

- Ես խնդրում եմ ԱԱԾ-ին հարցում ուղարկեք, կպատասխանեն՝ ամենայն հավանականությամբ։

- Պարզապես, նույն Միքայել Մինասյանը, երբ Վորոնեժի սիգարետների թեմայով բացահայտում արեց, ՊԵԿ-ում ծառայողական քննություն սկսվեց ոչ թե նրա ասածի, այլ արտահոսքի վերաբերյալ։

- Չէ, Դուք աղավաղում եք, իրականությունն այդպես չի եղել, ես վստահ եմ, որ ՊԵԿ-ում հենց էդ հրապարակումների հիման վրա ոչ թե արտահոսքի, այլ հենց էդ թեմայի հիման վրա ինչ-որ պրոցեսներ եղել են, եւ ես էլի եմ ասում՝ Միքայել Մինասյանն ինչ ասում է գործող իշխանությունների հասցեին, դա, շատ ճիշտ է ասել Միրզոյանը, ցնդաբանություն է։

- Որովհետեւ Միքայել Մինասյա՞նն է դա ասում, իսկ եթե ուրիշն ասի, ձեր թիմից որեւէ մեկը, դա ավելի՞ արժանահավատ կլինի։

- Բազմաթիվ անգամներ ապացուցվել է, որ իր ասածներն իրականությանը չեն համապատասխանում։

- 2.5 տարի է՝ բազմիցս ապացուցվել է, որ ձեր ասածներն իրականությանը չեն համապատասխանում, սուտ են, սխալ են, այդ թվում՝ այն, որ հաղթելու ենք։

- Չի եղել նման բան։

- Հաղթե՞լ ենք։

- Հիմա Դուք տարբեր հարցեր եք տալիս, ես խոսում եմ Միքայել Մինասյանից, Դուք արագ անցնում եք պատերազմին եւ հաղթելուն կամ պարտվելուն, էդ սխալ է, էլի։

- Մինչ պատերազմն էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր՝ ներդրումներ կգան, այս գործարանը կբացվի եւ այլն, ու տեսանք, որ մեկ տարի անց լրիվ հակառակն է՝ ոչ մի խոստում չի իրականացել։

- Համենայնդեպս, արվել է այդ ուղղությամբ աշխատանք։

- Ինչո՞ւ պիտի ձեզ հավատանք, իսկ, օրինակ, Միքայել Մինասյանին չհավատանք։

- Մեզ հավատացողները հավատում են, Դուք կարող եք չհավատալ, դա Ձեր իրավունքն է, եղբայր, կարող եք նաեւ կասկածել։

- Լավ, Ձեզ մոտ որեւէ էմոցիա չի՞ առաջացրել այն, որ լինի Ձեր կողմից սիրված կամ չսիրված Միքայել Մինասյանը, թե ուրիշ մեկը, մեղադրում է Արարատ Միրզոյանին գործակալ լինելու մեջ։ Ի վերջո, Դուք այդ մարդու հետ սեղան եք նստում, շփվում եք, բա որ իսկապես ագենտ լինի ու ձեր զրույցները փոխանցի ԱԱԾ-ին։

- Համապատասխան մարմիններն այդ մասով պաշտոնական տեղեկատվություն արդեն տվել են, ես չեմ ուզում մի հատ էլ ԱԱԾ-ի մամլո խոսնակի դեր կատարեմ։ Ես լիարժեք, 100 տոկոս վստահում եմ պարոն Միրզոյանին…

- Եթե ընդդիմությունից որեւէ մեկի մասին նման փաստաթուղթ հրապարակվեր, ու դա Միքայել Մինասյանն աներ, կհավատայի՞ք։

- Եթե ընդդիմությունից տվյալ մարդը հերքեր այդ մասով, ու նաեւ ԱԱԾ-ից հերքում լիներ, իհարկե՝ կհավատայի։ Ես չհավատալու բան չունեմ, իսկ Միքայել Մինասյանին, որը ոչնչով հայտնի չէ, բացի Սերժ Սարգսյանի փեսա լինելուց, հաստատ չեմ հավատում։

- Ինչո՞ւ՝ նա Վատիկանում ՀՀ դեսպանն է եղել, Հռոմի պապին ինքն է բերել Հայաստան։

- Հա, էդ գիտենք, ինքը չի բերել, էդ էլ ասեք։

- Լավ, այդ դեպքում որտեղի՞ց Արարատ Միրզոյանի ձեռագրով թուղթը Մինասյանին։

- Սարքում են, ֆոտոշոփ կա, հազար հատ ձեւեր կան, կեղծ ստորագրություններ կան, ինչ ասես՝ չկա, դա կարող են անել։