Կանգնել ասել՝ մենք ինչ խոստացել ենք, 100 տոկոսով իրականություն ենք դարձրել, դա պարզ սուտ է

Կանգնել ասել՝ մենք ինչ խոստացել ենք, 100 տոկոսով իրականություն ենք դարձրել, դա պարզ սուտ է

«Հրապարակի» զրուցակիցը «Քաղաքացու որոշում» սոցիալ- դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանն է։


- Ընդդիմադիր դաշտը, կարծես թե, փորձում է կոնսոլիդանալ, եւ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցն են բարձրացնում։ Որտե՞ղ է «Քաղաքացու որոշում» կուսակցությունն այս գործընթացներում, ի՞նչ օրակարգ ունի։

- «Քաղաքացու որոշում» կուսակցությունն աշխատում է իր ներկուսակցական զարգացման վրա, սեպտեմբերի 27-ին մենք ունենալու ենք արտահերթ համագումար, որի ընթացքում ներկուսակցական նոր ընտրություններ են տեղի ունենալու, մենք պատրաստվում ենք կուսակցության շարքերի համալրմանը, պատրաստվում ենք հաջորդ տարվա ՏԻՄ ընտրություններին, մենք պատրաստվում ենք մեր քաղաքական գաղափարների վերաբերյալ պահանջները հնչեցնելու եւ դրանք օրակարգ դարձնելու գործընթացին, որը կհանգեցնի որեւէ կետում այդ գաղափարների իրագործմանը, կամ մեր մասնակցությամբ եւ գործողություններով կիրականանան դրանք։ Այսինքն՝ մենք կստանձնենք լծակներ ու կանենք դա, կամ դրանք կդառնան ընդհանուր քաղաքական օրակարգի մաս, եւ բոլորը պատրաստակամ կլինեն՝ նույն բանն անել։ Մենք պատրաստվում ենք նաեւ ցանկացած ֆորսմաժորային զարգացման։ Ձեր նշած քաղաքական ուժերի կոնսոլիդացիայի մեջ «Քաղաքացու որոշումը» չկա եւ չի լինելու՝ ոչ այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ամեն ինչ ճիշտ է անում, այլ որովհետեւ մեզ համար որեւէ միավորում պիտի հիմնված լինի գաղափարների եւ փոխադարձ վստահության վրա։ Մենք այդ ուժերի հետ ո՛չ գաղափարական նույնություն ունենք, ո՛չ էլ փոխադարձ վստահություն։

- Բայց այդ ուժերը կոնկրետ օրակարգ են առաջ քաշում՝ կոնկրետ պահանջներով, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Դուք ի՞նչ մոտեցում ունեք այդ պահանջների վերաբերյալ։ Դուք հեղափոխության ակտիվ մասնակիցներից էիք, հիմա, այս 2 տարիների ընթացքում ձեր ակնկալիքները բավարարվե՞լ են։

- 2018 թվականի իրադարձություններին ես մասնակ- ցություն եմ ունեցել, եւ իմ ներկայիս կուսակցական ընկերներն այն ժամանակ, իհարկե` ոչ կուսակցական ֆորմատով ներգրավված են եղել այդ գործընթացում։ Եվ այն ժամանակ, երբ քննարկվում էր «ինչ անել» հարցը, մեր հարցադրումը կազմակերպված տարբեր խմբերին, այդ թվում՝ ՔՊ-ին, «Մերժիր Սերժին» նախաձեռնությանը, եղել է մեկը․ Սերժը գնաց, ի՞նչ է փոխվելու դրանից հետո, եւ մեզ անընդհատ պատասխանել են, որ բոլոր խնդիրների պատճառը Սերժն է, ինքը գնա, մնացածը լավ կլինի՝ կոռուպցիան կվերանա, ընտրությունները չեն կեղծվի, լավ կլինի։ Հիմա եղել է, բայց տեսնում ենք, որ լավ չէ, հետեւաբար, գուցե խնդիրը համակա՞րգն էր եւ համակարգային փոփոխություննե՞րն էին, գուցե պրոբլեմը քաղաքական համակարգի առողջացո՞ւմն էր, գուցե պրոբլեմը կուսակցական ռեֆորմնե՞րն էին՝ «Կուսակցությունների մասին» օրենքը, Ընտրական օրենսգրքի ռեֆորմնե՞րն էին։ Այս հարցերը մենք բարձրացնում էինք, որը տեղի չունեցավ։ Այդ նույն օրակարգը, որ եղել է Հայաստանում 30 տարի, որ Լեւոնը գնա, լավ է լինելու, որ Սերժն է պրոբլեմը եւ այլն, հիմա 4-րդ էտապն է՝ Նիկոլը գնա, սաղ լավ ա լինելու։ Ես ասում եմ՝ լավ չի լինելու այնքան ժամանակ, քանի դեռ մենք չգիտենք, թե ինչն է լավը, եւ դրան ինչպես հասնենք։ Ես չեմ հավատացել եւ չեմ հավատում որեւէ պրոցեսի, որն օրակարգից զուրկ է, անձի գնալով է պայմանավորված, եւ 2018 թվականի իրադարձություններին իմ ներգրավվածությունը պայմանավորված է եղել մի շատ կարեւոր բանով, որ այնտեղ հնչել է Սահմանադրության, «Կուսակցությունների մասին» օրենքի, Ընտրական օրենսգրքի, դատական համակարգի, ուղիղ ժողովրդավարության եւ ապօրինի կուտակված սեփականության հարցը խաղաղ ճանապարհով լուծելու օրակարգը։ Այ, սա ռեֆորմ է, այ, սա փոփոխություն է, սա նպատակ է, որին Սերժ Սարգսյանը կխանգարեր, պետք է ինքը գնար, որ այդ նպատակը կյանքի կոչվեր։ Ո՞րն է այն նոր նպատակը, որի համար Նիկոլ Փաշինյանը պետք է գնա։ Ի դեպ, սա ասելով՝ ես նկատի չունեմ, որ Նիկոլ Փաշինյանը պետք է մնա, ես էլ եմ ասում՝ պետք է գնա, բայց ես ունեմ իմ օրակարգը։

- Դուք ասում եք՝ անձերով չէ պայմանավորված, այլ՝ համակարգով, հիմա ի՞նչն էր խանգարում Նիկոլ Փաշինյանին նոր, ավելի լավ համակարգ ստեղծել, չէ՞ որ անձերն են ստեղծում համակարգ։

-  Պետք է ոչ թե սրա-նրա գաղափարները ծաղկաքաղ անելով կիսառեֆորմների ճանապարհով գնալ, այլ ունենալ այդ բարձր գաղափարները ու գնալ դրանք իրագործելու ճանապարհով։ Ամեն կետ, որը մենք հնչեցնում ենք, մենք դրա իրագործման ճանապարհը գիտենք, մենք մեր մասով պատասխանատու ենք, որ մեր ասածներն իրականություն են դառնալու։ Այս կառավարող ուժը հնչեցնում է բաներ, որոնց իրականություն դառնալը մենք դեռ չենք տեսնում։ Մենք մեր ասածներին 100 տոկոսով պատասխանատու ենք, որ իրականություն կդառնա, իրենք ինչո՞ւ չեն անում՝ այդ հարցն իրենց պիտի տրվի, մենք այդ հարցը տալիս ենք, եւ երբ մեզ հետ այդ հարցը կտա քաղաքացիների մեծամասնությունը, այդ հարցը կստանա շատ պրակտիկ պատասխան, որ իրենք չեն կարող դա անել եւ պետք է գնան, ու գա նա, ով կարող է դա անել։

- Փաշինյանն ասում է՝ 100 տոկոսով իրականացրել ենք մեր խոստումները։

- Ինքը ճիշտ չի ասում։  Ես ցավ եմ ապրում, որ մեդիայի եւ համացանցի դարում մարդը համարձակություն է ունենում ասել մի բան, որն իրականությանը չի համապատասխանում, օրինակ՝ ասուլիսում հայտարարի, որ իրենք չեն խոստացել, թե ինչ տեսակ Ընտրական օրենսգրքով ենք գնալու՝ հի՞ն, թե՞ նոր։ Դա 300 հազար մարդու ներկայությամբ հրապարակային խոստում է եղել, եւ կանգնել ասել՝ մենք ինչ խոստացել ենք, 100 տոկոսով իրականություն ենք դարձրել, դա պարզ սուտ է։