«Հրապարակ»․ Ինչով են զբաղված պաշտոնաթող դատավորները

«Հրապարակ»․ Ինչով են զբաղված պաշտոնաթող դատավորները

Ինչո՞վ են զբաղված վերջին տարիներին լիազորություններից զրկված դատավորները, ո՞ր ոլորտում են ներդնում արդարադատություն իրականացնողի, փաստացի՝ արդարության պատասխանատուի թանկարժեք փորձը եւ իրենց գիտելիքները։ Փոքր ուսումնասիրություն կատարելով եւ որոշ դատավորների հետ զրուցելով պարզեցինք, որ մեծ մասն այսօր զբաղված է փաստաբանական գործունեությամբ։ 
Խոսքը նախկին դատավորներ Զարուհի Նախշքարյանի, Աննա Փիլոսյանի, Դավիթ Հարությունյանի, Արշակ Վարդանյանի, Կարեն Մարդանյանի, Սերգեյ Մարաբյանի եւ այլոց մասին է։ Ոմանք, ինչպես, օրինակ, Վճռաբեկ դատարանի նախկին դատավորներ Տիգրան Պետրոսյանը, Սուրեն Անտոնյանը, փաստաբանություն չեն անում եւ որոշակի զբաղմունք չունեն, բայց, ըստ որոշ աղբյուրների, նրանք երբեմն մասնավոր խորհրդատվություն են տրամադրում իրավական հարցերով փաստաբաններին, իրավաբաններին, բայց լիցենզավորված գործունեություն, մշտական կայուն զբաղմունք չունեն։ Սուրեն Անտոնյանին, ով դեռ կենսաթոշակի տարիքի չէ, հարցրինք, թե ինչով է զբաղված։ «Համարյա ոչնչով»։ Միայն Ձեր շնիկո՞վ եք ապրում։ «Այո»։ 

Նախկին դատավորները, ովքեր փաստաբանություն են անում, դժգոհ չեն փաստաբանի աշխատանքից։ Ոմանք վստահեցնում են, որ փաստաբանի աշխատանքը երբեմն ֆինանսապես նույնիսկ ավելի շահավետ է, քան դատավորինը։ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, 13 տարվա ստաժ ունեցող Արշակ Վարդանյանը, ով նաեւ ԲԴԽ անդամ էր, ասում է․ «Ֆինանսապես ավելի լավ է, քան դատավոր աշխատելը»: Նրան շատերն են դիմում՝ հաշվի առնելով ոչ միայն քրեական գործերով դատավորի, այլ նաեւ նախկին քննիչի, դատախազի նրա փորձը։ «Նաեւ դատարաններում է հեշտ, նախկին կոլեգաների վերաբերմունքից էլ շատ գոհ ենք։ «Նախկին» բառը պայմանական եմ օգտագործում, որովհետեւ ես ինձ նախկին չեմ համարում` դատական իշխանության տեսանկյունից։ Նույնիսկ քննչականում է բավականին դրական վերաբերմունքը»,- վստահեցնում է Արշակ Վարդանյանը, ով որպես դատավոր էլ բավականին բարձր վարկանիշ ուներ։ Մի խոսքով, փոփոխությունը ձեր կյանքում դրակա՞ն եք համարում։ «Շատ կայունությունն էլ մի բան չէ։ Փոփոխություն պետք է լիներ։ Մի քիչ ԲԴԽ-ի մասով եմ ափսոսում, բայց, բոլոր դեպքերում, ինձ վատ չեմ զգում։ Նույն դաշտում ենք, ուղղակի պրոֆիլն է փոխվել, այստեղ եւս կայունանալու խնդիր կա, բայց նոր մարտահրավեր է, որը փորձում ենք հաղթահարել։ Մինչեւ տարեվերջ, կարծում եմ, կստացվի»։ Իսկ ի՞նչն եք ափսոսում ԲԴԽ-ի մասով։ «ԲԴԽ-ի մասով միակ կաշկանդող պահը հետեւյալն է, որ 170 անձ էր ինձ ընտրել, որը մեծ թվաքանակ է, եւ իմ գնալով այս միսիան կիսատ մնաց։ Սրա համար մի քիչ նեղված եմ, ճիշտն ասած։ Այլ բան չկա։ Ու այնպես չէ, որ ԲԴԽ-ով կամ կարգապահականներով անցած դատավորներն ինձնից ինչ-որ դժգոհություն ունեն»,- պատասխանեց Արշակ Վարդանյանը։ Նա վստահեցնում է՝ դեռ 2018 թվականից էր որոշել դուրս գալ, բայց գնաց վերաքննիչ, կոլեկտիվը շատ լավն էր, մերվեց։ «Աշխատանքն էլ ավելի սրտամոտ էր, քան առաջին ատյանում, երեւի նաեւ թեթեւ էր։ Սա մի քիչ էլի երկարաձգեց իմ դուրս գալը»։ Արշակ Վարդանյանի պաշտոնանկության վերաբերյալ հակասական լուրեր էին տարածվում։ Ասում էին, թե նա փակ չաթում հայհոյել է Փաշինյանի կնոջը, ըստ այլ խոսակցությունների էլ՝ հրաժարական է տվել, որովհետեւ հետեւում էին։ Փետրվարին թողնելով դատավորի ու ԲԴԽ անդամի պաշտոնը՝ Արշակ Վարդանյանը չմեկնաբանեց այս խոսակցությունները։ Գուցե հիմա մի բան ասեք այդ լուրերի մասին։ «Եկեք չպատասխանեմ, յուրաքանչյուրի առաջ բերում է թե՛ լավը, թե՛ վատը։ Աստված առաջ՝ ժամանակը ցույց կտա՝ ինչ է, ոնց է»,- ասաց նախկին դատավորը՝ ծիծաղելով։ 

10 տարվա քրեական գործերով դատավոր, վերջին 2 տարին Հակակոռուպցիոն վերաքննիչ, ապա՝ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի պաշտոնները զբաղեցրած, նաեւ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հանձնաժողովի նախկին նախագահ Սերգեյ Մարաբյանն իրեն նվիրել է գիտությանը։ Նա դասախոսություններ է կարդում Արդարադատության ակադեմիայում, Փաստաբանական պալատում, Փաստաբանական ակադեմիայում, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դոցենտ է, այնտեղ եւս դասավանդում է։ Փաստաբան աշխատելը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է Մարաբյանի համար։ «Հաշվի առնելով, որ դասախոսական աշխատանքը հիմա շատ ինտենսիվ չէ, որոշակի գործեր կան, որոնցում ներգրավված եմ որպես փաստաբան»,- ասաց Սերգեյ Մարաբյանը։ Նա հստակ չասաց՝ դատավորի աշխատա՞նքն էր իր համար հոգեհարազատ, թե՞ դասախոս լինելը, բաց նշեց, որ 2005 թվականից գիտությամբ է զբաղվել, երբ որ առաջին անգամ հրապարակել են իր հոդվածը։ «Դատավոր աշխատելու տարիներին ակտիվորեն ներգրավված եմ եղել գիտական գործունեությանը։ Ավելին՝ բազմաթիվ դատական ակտեր օգտագործվում են մեր հայրենական դատավարագետների կողմից՝ իրենց դասագրքերում, հղումներ են բերվում։ Ես եւ դատախազությունում եմ ինձ բավարարված զգացել, երբ աշխատել եմ այնտեղ: Ի վերջո, մասնագիտական գործունեությունն է կարեւոր, ոչ կարգավիճակը․ դատավոր, դատախազ կամ փաստաբան՝ ինձ համար սկզբունքային տարբերություն չկա»,- ասում է դոցենտ Մարաբյանը։ Այսօր բազմաթիվ դատավորներ գանգատվում են, թե կաշկանդված են, որ իրենց վրա ճնշումներ կան, ինչպե՞ս եք վերաբերվում դրան։

«Ես չգիտեմ, դատավորները եթե հայտարարում են, որ ճնշվում են, թող չճնշվեն։ Ես չեմ կարող ասել՝ ով է ճնշվում, ում կողմից եւ ոնց։ Ինձ համար կարող եմ պնդել եւ հաստատել` չկա մի դեպք, որ ես ճնշված լինեմ, չկա մի որոշում, որը ես կայացրել եմ ճնշման ազդեցության ներքո, բոլոր իմ ակտերը կայացրել եմ իմ ներքին համոզմամբ։ Եթե դատավորներին ճնշում են, թող միջոցներ ձեռնարկեն՝ դրա դեմն առնելու համար»։ Բայց դատավորները, ինչպես գիտեք, նախընտրում են լուռ հեռանալ, եւ Ձեր հեռանալու ժամանակ էլ մութ բաներ մնացին։ «Ես չեմ ուզում դրան անդրադառնալ, բայց այն ժամանակ էլ նշել եմ, որ իմ հրաժարականի պատճառն այն է, որ ես ակտիվ գիտական ու ստեղծագործական աշխատանքով եմ զբաղվում»,- պնդեց Սերգեյ Մարաբյանը: Մեծ էր ցանկությունը՝ նրան հավատալու, մինչեւ որ չլսեցինք Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Ալեքսեյ Սուքոյանին, ում պաշտոնից ազատեցին՝ չսպասելով, որ 2 ամսից թոշակի գնա, եւ նա այժմ թոշակի է անցել, բայց դատավորին հասանելիք բարձր թոշակ չի ստանում։ 

Նա կապ չի պահում իր կոլեգաների հետ, ասում է, որ ամենաազատ մարդն է՝ կարդում է, զբոսնում է, շինարարություն է նախաձեռնում, չէր պատկերացնում, որ աշխատանքից դուրս այդքան հետաքրքիր զբաղմունք կա։ «Իմ կոլեգաների համար, որոնք ավելի երիտասարդ տարիքում գնացին, սա իրոք խնդիր է»։ Ինչո՞ւ չեք ուզում դասավանդել, ափսոս չե՞ն դատավորի փորձը, գիտելիքները։ «Ուզում եմ հանգստանալ։ 23 տարեկանից մինչեւ 65-ն աշխատել եմ ոլորտում, դասավանդել եմ ե՛ւ փաստաբանական դպրոցում, ե՛ւ ակադեմիայում, ե՛ւ դատական դպրոցում ու եթե ցանկանայի, հիմա էլ կգնայի մի որեւէ համալսարան։ Բայց սա կամավոր է, յուրաքանչյուրը յուրովի է ընկալում»,- ասաց բազմամյա դատավորը։

Նրանց հարցրինք, թե արդյոք այսօր դատական ոլորտում տիրող մթնոլորտը չի՞ նպաստում, որ մարդիկ թողնեն հեռանան։ «Ես շատ լավ տարիներ եմ անցկացրել դատական համակարգում՝ 1993-2023 թիվը, եւ հասկացել եմ այդ մասնագիտության ե՛ւ լրջությունը, ե՛ւ պատասխանատվությունը, ե՛ւ անկախությունը։ Ես չեմ պատկերացնում, որ մեր ժամանակ դատավորի հետեւում այդքան կարգապահական հանձնաժողովներ ձեւավորվեին, որոնք միայն խանգարում են, որ դատավորը լինի անկաշկանդ ու ոչ վախկոտ։ Մեկ, երկու, երեք հանձնաժողովներ կան ձեւավորված, հիմա կարդում եմ, որ մի հատ էլ է ձեւավորվելու` գնահատման համար, 25 հոգանոց։ Իմ խորին համոզմամբ, սա միայն խանգարում է դատավորի գործին, որովհետեւ այդ դեպքում դատավորը մտածում է ոչ թե արդարադատություն իրականացնելու եւ արդար դատական ակտ հրապարակելու մասին, այլ՝ չսխալվելու»,- պատասխանեց Սուքոյանը եւ օրինակ բերեց Հին Եգիպտոսի պատմությունից։

«Հին Եգիպտոսում, երբ որ կառուցում էին բուրգերը, այնտեղ ստրուկներ էին աշխատում՝ սարսափելի վատ պայմաններում։ Եվ գործատուները, փոխանակ պայմանները բարելավեին, ճիպոտների քանակն էին ավելացնում։ Հիմա մերն է՝ դատավորը պետք է 9-ին գա, 6-ին գնա, եթե կես ժամով դուրս եկավ, պետք է բացատրություն գրի դատարանի նախագահին։ Նման բան մենք չենք լսել։ Եվ սրան նպաստեց 18 թվականին ստեղծված ԲԴԽ-ն` դատավորների գլխին։ Սրանով սկսվեց մեր դատական համակարգի այլափոխումը»։ Ըստ Սուքոյանի՝ ԲԴԽ-ն, որն աֆիլացված է արդարադատության նախարարության հետ, դատական համակարգի, արդարադատության բնականոն զարգացումը շեղել է այլ ուղղությամբ։