Հասկացանք՝ տնից դուրս չգալ, բա ոնց ապրի քաղաքացին

Հասկացանք՝ տնից դուրս չգալ, բա ոնց ապրի քաղաքացին

Արտակարգ դրության պայմաններում մեկ շաբաթ մարդկանց տեղաշարժի խստացումները բազմաթիվ հարցեր են առաջացրել, որոնց պատասխանները իշխանությունները չեն տվել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա հարցնում է՝ ինչպես են այս ժամանակահատվածում ապրելու օրավարձով վարձատրվող անձինք։
«Աշխարհի որևէ երկրում չկա այնպիսի վիճակ, որ մարդկանց ասեն՝ նստեք տանը, և նրանց հացի խնդիրը չլուծեն։ Դրան գումարած՝ կոմունալների վարձերը ուզում են, ցանցերից ասել են, թե չեն անջատի, գազից և ջրից դեռ տեղեկություն չկա, բայց պիտի համալիր լուծումներ տրվեն»:

Սոցիալական կարևոր հարցերի վերաբերյալ Մարուքյանի խոսքով՝  կառավարությունն այսօր պատասխան չի տալիս քաղաքացիներին։ «Մենակ ասում են՝ վազեք, Բաբելոնին հաղթել ենք։ Բայց օրավարձով ապրող մարդուն ի՞նչ է տալու Բաբելոնին հաղթելը, ես չգիտեմ»:

Կենտրոնական բանկում հարկատուներն իրենց վճարած հարկերով ունեն 377 մլրդ դրամ, Մարուքյանը հորդորում է՝ ժողովրդի փողն է և թիրախային խմբերին պիտի ուղղվի։

«Հիմա գոնե այն թիրախային խմբին, որոնք օրավարձով էին ապրում և հիմա ապրելու միջոց չունի, պետք ա աջակցի, թե ոչ, որևէ խոսք չկա դրա մասին։ Պատգամավորները, պաշտոնյաները լայվ են մտնում, պատմում են՝ ոնց կարելի ա տնից դուրս չգալ, հասկացանք, բա ո՞նց ապրեն։ Տատիկ, պապիկներին ասվել է 10-12-ը գնան խանութներ, որ մենք չգնանք նրանց չվարակենք, բայց ինչ-որ մեկը հարցրել է՝ տատիկ, պապիկները փո՞ղ ունեն, որ գնան», - նշեց նա։

Հիշեցնենք, որ ՀՀ-ում մեկ շաբաթով սահմանափակվել է քաղաքացիների ազատ տեղաշարժը: