«Հրապարակ». Զզվելի ու էժան բեմադրություն է

«Հրապարակ». Զզվելի ու էժան բեմադրություն է

Վարչապետի որդու` Աշոտ Փաշինյանի հետ տեղի ունեցած միջադեպը մեծ աղմուկ եւ բուռն քննարկումներ է առաջացրել: Իշխանամետ զանգվածը քննադատում է զոհված զինծառայողների ծնողներին, անգամ հայհոյում ու վատաբանում, իսկ ընդդիմադիր զանգվածը կարծում է, որ այդ պահվածքը բնական է եւ բխում է այն էմոցիոնալ վիճակից, որում հայտնվել են այդ ծնողները։ Նրանց զավակներն անիմաստ՝ «հանուն ոչնչի» զոհվեցին, այս իշխանությունը ե՛ւ հողերը հանձնեց, ե՛ւ 5 հազարի չափ ջահել-ջիվանների զոհեց։ Ոչ մի մեղավոր կատարվածի համար պատասխան չտվեց, իսկ երկիրը պարտության տարած իշխանությունը վերարտադրվեց եւ հիմա նորից հողեր է հանձնում, երկիրը տանում անհայտ ուղղությամբ։ Հետն էլ պարբերաբար դասեր է տալիս վերքերը չլավացած ծնողներին, նրանց նկատմամբ բռնություն կիրառում, մեղադրում, որ պայքարում են։ Անգամ Եռաբլուրը, որտեղ հանգչում են նրանց զավակները, դարձրել են փիառի եւ ինքնահաստատվելու վայր․ այցելում են՝ հաղթահարելով ծնողների դիմադրությունը։ Սրան զուգահեռ՝ ընդդիմությունն էլ իր բարձունքին չէ՝ չի կարողանում քաղաքական պայքար մղել, եւ իշխանությունների դեմ պայքարում որդեկորույս ծնողները մնացել են մենմենակ։
Մենք զրուցել ենք հերոսաբար զոհված Հայկ Մելիքյանի մոր` Նաիրա Մելիքյանի հետ, ով իր մինուճար որդուն է կորցրել 44-օրյա պատերազմում:

- Մայիսի 17-ին ունեցած դեպքին ի՞նչ գնահատական կտաք: Տարբեր կարծիքներ են այս առումով հնչում, ընդ որում՝ խիստ բեւեռացված: Ի վերջո` ի՞նչ է տեղի ունեցել երեկ:

- Ըստ իս` երեկ հերթական բեմադրությունը տեղի ունեցավ: Ինչո՞ւ, որովհետեւ մի բանով պետք է մարդկանց շեղել: Հերթական անգամ հայտարարվեց, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ու հիմա մարդկանց զբաղեցնելու լավ առիթ է: Այդ տղան այնտեղ պատահական չի հայտնվել: Ամբողջ միջադեպը կազմակերպված է՝ հասարակությունը նորից պառակտելու եւ մարդկանց ուշադրությունը կարեւոր հարցերից շեղելու համար:

- Կարծում եք՝ Փաշինյա՞նն էր որդուն հատուկ ուղարկել ծնողների մոտ:

- Ինձ թվում է՝ այո, որովհետեւ ամեն ինչ տարօրինակ է: Նախ համաձայնել է նստել ավտոմեքենան, հետո իրեն դուրս է նետել մեքենայից, ինչից հետո իբր թե վրաերթի են ենթարկել իրեն: Ես ուզում եմ հասկանալ, թե ինչ ցուցմունք է դա տվել, սակայն ցուցմունքը չի հրապարակվում: Անհասկանալի մի բեմադրություն է տեղի ունեցել երեկ, որին, ցավոք, ներքաշել են նաեւ զոհվածների ծնողներին: Անձամբ ես կարծում եմ, որ Աշոտ Փաշինյանի նման վիժվածքը չպետք է Եռաբլուր գնա եւ իր ներկայությամբ պղծի մեր տղերքի գերեզմանները: Ծնողները նրան էմոցիոնալ ֆոնի վրա են առաջարկել Եռաբլուր տանել՝ առանց հասկանալու, որ բեմադրություն է նախատեսված:

- Ծնողներին որոշները մեղադրում են, ասելով` ի՞նչ մեղավոր է Աշոտ Փաշինյանը, երեխան ծնողի գործած մեղքերի համար պատասխանատու չէ…

- Նախ՝ նա երեխա չէ, չափահաս մարդ է, ես գտնում եմ, որ սերունդները պատասխանատու են ծնողների արարքների համար: Ես պնդել եմ ու պնդում եմ, որ Փաշինյանները պետք է սերունդներով պատժվեն: Չեմ աջակցում այն տեսակետները, թե Աշոտ Փաշինյանն անմեղ է: Մենք` ծնողներս, դժոխքի մեջ ենք ապրում, իսկ ո՞վ է հիշում մեր սերունդներին: Զոհվածի ծնողներին քննադատողները պատկերացնո՞ւմ են այդ մարդկանց ապրումներն ու հոգեվիճակը, երբ պատերազմից երեք տարի անց որեւէ մեկն այդ սպանդի համար չի պատժվել, պատասխանատվության չի ենթարկվել: Սերունդները պետք է պիտակը կրեն իրենց վրա, որպեսզի նույն այդ հանցանքը տարիներ հետո չկրկնվի: Աշոտ Փաշինյանը երեք տարեկան անմեղ երեխա չէ, նա չափահաս տղամարդ է:

- Տիկին Գայանեն ընդո՞ւնակ է տղամարդ առեւանգել:

- Ոչ: Այդ տղայի հայտնվելը զուտ բեմադրություն է, զզվելի ու էժան մի բեմադրություն: Մեքենայում եղել են Գայանեն ու այդ տղան: Չգիտեմ, չեմ հասկանում, թե կինն ինչպես կարող է տղամարդ առեւանգել: Ի վերջո` Աշոտը տղամարդ է, եթե որոշել է մեքենա նստել, շատ անհասկանալի են իր հետագա քայլերը: Սպասում եմ, թե երբ է հրապարակվելու նրա ցուցմունքը, ինչից պարզ կդառնա, թե իրականում ինչ է տեղի ունեցել:

- Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք: Ակցիաներ նախատեսե՞լ եք:

- Հիմա մտածում ենք անել այնպիսի բաներ, որ մեր առանց այդ էլ սպառված էներգիան անիմաստ չվատնենք: Մտածում ենք լուրջ բաների մասին… Կոռնիձորում ակցիա է լինելու, կոչ են արել բոլորիս՝ գնալ, կարծում եմ` դա համախմբման հնարավորություն է, չնայած որ մեր գլխավոր թշնամին վեր է ընկած Երեւանում: Պետք է ինչ-որ ձեւով մարդկանց ոգեւորել, ուղերձներ հղել: