Զինվորն անուն ունի, հրապարակեք․․․

Զինվորն անուն ունի, հրապարակեք․․․

Երբ Նիկոլ Փաշինյանին ասում են, որ դու մեր ազգին հովիվ չեղար, ու հոտդ հանձնեցիր թշնամուն, նա պետք է լռի։ Չպետք է Աստվածաշնչից երբեմն  մեջբերումներ անելով, փորձի մոլորեցնել մարդկանց, որ ինքը հովի՜վ է, վարչապե՜տ է, գերագու՜յն է։ Առ այսօր 44-օրյա պատերազմի զոհերի, գերիների, անհետ կորածների անուն- ազգանունները չկան։ Նոր արհավիրքի ժամանակ նույնպես չեն հրապարակվում զոհերի, գերիների, անհետ կորածների  անուն- ազգանունները։ Եթե զինվորը նրա համար անուն չունի, ուրեմն նա հրամանատար, ղեկավար կոչվելու իրավունք չունի։ Եթե զինվորը անուն ազգանուն, հայրանունով չի ներկայացվում իր ժողովրդին, որ նա զոհվել է հանուն իր երկրի պաշտպանության, ուրեմն այդ ժողովուրդն ապրելու, գոյատևելու իրավունք չունի։ Ինպե՞ս կարող է այդ ժողովուրդը շարունակություն ունենալ, երբ չի պահանջում, որ անուն առ անուն հրապարակվի իր սպանված ձագերի անունները։ Աստվածաշնչից մի փոքրիկ մեջբերում․   

«Մի բարի հովիվ ուներ 100 ոչխար: Նրանցից մեկը կորել էր:
Հովիվը թողեց 99 ոչխարին և գնաց փնտրելու կորածին: Երբ նա գտավ, շատ ուրախացավ:
Հովիվը ոչխարներին տարավ տուն: Նա կանչեց իր բոլոր ընկերներին և հարևաններին, որ գան և ուրախանան իր հետ: Նա գտել էր կորած ոչխարին»:
Ղուկաս ԺԵ.4

Ու՞ր են մեր կորածները, Նիկոլ։ Ովքե՞ր են զոհվել։ Վերջին արյան ծովի զոհերն ովքե՞ր են։ Անուն չունե՞ն։ 

Զինվորն անուն ունի․ հրապարակեք։