Ի՞նչ տարբերություն`մեր սեփական աղբյուրի՞ց ենք օգտվում, թե՞ տելեգրամյան ալիքից

Ի՞նչ տարբերություն`մեր սեփական աղբյուրի՞ց ենք օգտվում, թե՞ տելեգրամյան ալիքից

Երեկ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց ՔՊ-ական մի շարք պատգամավորների հեղինակած «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: Նախագծով, ի թիվս այլ փոփոխությունների, որոնցով լրատվամիջոցներին պարտադրում են ֆինանսական թափանցիկություն եւ նույնականացվող տվյալներ ապահովել, նաեւ սահմանել են «չնույնականացվող աղբյուր» հասկացությունը։ Բայց մինչ քննարկմանն անցնելը, պարզվեց՝ ԱԺ կայքում զետեղված նախագծի տարբերակը փոփոխության է ենթարկվել, ինչի մասին նիստից առաջ չեն տեղեկացրել պատգամավորներին։ Եվ դա հարուցեց ընդդիմադիր պատգամավորների դժգոհությունը, թե պարտավոր էին նիստից առաջ փոփոխված տարբերակը ներկայացնել իրենց, որ ծանոթ լինեին քննարկվող նյութին։

Նախնական տարբերակում այսպես էր սահմանված «չնույնականացվող աղբյուր» հասկացությունը․ «Չնույնականացվող աղբյուր՝ համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայք կամ համացանցային կայքի կամ հավելվածի օգտահաշիվ, կամ ալիք, կամ էջ, որը տնօրինողի նույնականացման տվյալները թաքցված են ընթերցողից»։

Նոր տարբերակում ընդլայնել են հասկացության նկարագրությունը, բացի այդ՝ «թաքցված են ընթերցողից» բառերը փոխարինել են «բացակայում են կամ ակնհայտ կեղծ են, կամ թերի են, եթե այդ թերությունը թույլ չի տալիս նույնականացնել աղբյուրը տնօրինողին» բառերով, նաեւ ավելացրել են որոշ նկարագրական մաս եւս, թե ինչ ասել է տնօրինողի նույնականացման տվյալ։

Արդյունքում ստացվել է հետեւյալ սահմանումը․ «Չնույնականացվող աղբյուր՝ համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայք կամ համացանցային կայքի, կամ հավելվածի օգտահաշիվ, կամ ալիք, կամ էջ, որի տվյալները բացակայում են կամ ակնհայտ կեղծ են, կամ թերի են, եթե այդ թերությունը թույլ չի տալիս նույնականացնել աղբյուրը տնօրինողին։ Տնօրինողի նույնականացման տվյալներն են աղբյուրը տնօրինող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության կամ հաշվառման վայրը, եթե նա լրատվական գործունեությունն իրականացնում է որպես անհատ ձեռնարկատեր, ապա նաեւ պետական հաշվառման վայրը, իսկ եթե աղբյուրը տնօրինվում է իրավաբանական անձի կողմից, իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձեւը, գրանցման համարը»։

Նախագծի հիմնական նպատակը, ինչպես չթաքցրին հեղինակները, այն է, որ գրանցված եւ հայտնի լրատվամիջոցները զերծ մնան անհայտ ծագում ունեցող, չնույնականացվող աղբյուրներին հղում անելով նյութեր հրապարակելուց, ավելի պարզ ասած՝ տելեգրամյան ալիքներին, ֆեյսբուքյան կեղծ կամ չնույնականացվող օգտատերերին հղում չանեն։

Ընդդիմադիր պատգամավորներ Լիլիթ Գալստյանն ու Էլինար Վարդանյանը, սակայն, մտահոգություն հայտնեցին, որ սա կարող է լրատվամիջոցների, խոսքի ազատության սահմանափակման հերթական քայլը լինել իշխանությունների կողմից, քանի որ «չնույնականացվող աղբյուր» հասկացության այսօրինակ սահմանման տակ կարող են մտցնել նաեւ «անանուն աղբյուր» հասկացությունը եւ դրանով ճնշեն լրատվամիջոցներին՝ իրենց աղբյուրներին հղում անելով նյութեր հրապարակել։ Նրանք նաեւ հիշեցրին, որ Սահմանադրական դատարանի որոշում կա, որով լրատվամիջոցներին հնարավորություն է տրվում չբացահայտել իրենց աղբյուրը։

Իշխանական պատգամավորները, այդ թվում՝ նիստը վարող հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, փորձեցին համոզել, որ սրանով անանուն աղբյուրներին հղում անելով հոդված գրելը չի սահմանափակվում։ Գաբրիելյանը նիստից հետո մեզ հետ զրույցում էլ ասաց, որ եթե քաղաքացին ցանկանա դատի տալ լրատվամիջոցին՝ իր անանուն աղբյուրին հղում անելով իր հասցեին ենթադրյալ զրպարտանք կամ վիրավորանք տարածելու համար, նա այս հոդվածին հղում անելով չէ, որ պետք է դիմի դատարան, այլ դրա համար կա Քաղաքացիական օրենսգիրք, որի 1087.1 հոդվածով էլ սահմանվում են նման կարգավորումները։ Նրա խոսքով՝ լրատվամիջոցը, թեկուզեւ չբացահայտի իր աղբյուրը, միեւնույն է, իր գրածի համար, եթե դա զրպարտություն կամ վիրավորանք է, կարող է ենթարկվել պատասխանատվության։ Այս նախագիծը, ըստ իշխանական պատգամավորի, անհայտ ծագման լրատվամիջոցներին հղում տալով նյութեր հրապարակելն արգելելն է։ Պարզ չէ, թե ինչու պետք է տարբերություն դրվի՝ լրատվամիջոցի աղբյուրը «սեփական աղբյուրնե՞րն» են, թե՞ ֆեյսբուքյան ինչ-որ օգտատեր:

«Հայաստան» խմբակցությունից Լիլիթ Գալստյանը, ի դեպ, առաջարկում էր հետաձգել նախագծի՝ առաջիկա լիագումար նիստերի օրակարգում ընդգրկելու մտադրությունը, քանի որ ինքը հինգշաբթի օրն այս թեմայով մամուլի ներկայացուցիչների հետ քննարկում է կազմակերպել, բայց ՔՊ-ականները մերժեցին ընդդիմադիր պատգամավորի առաջարկը։ Նախագիծը քննարկվեց, բոլոր ՔՊ-ականները կողմ քվեարկեցին, եւ այն հանձնաժողովի դրական եզրակացությամբ մտավ լիագումար նիստերի օրակարգ ու կքննարկվի եկող շաբաթ մեկնարկող ԱԺ հերթական նստաշրջանի ընթացքում։