Հա՛մ սիրում է, հա՛մ ստուգում, հա՛մ նստեցնում

Հա՛մ սիրում է, հա՛մ ստուգում, հա՛մ նստեցնում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ մի ակնարկ էր արել՝ ուղղված երբեմնի ընդդիմադիր ակտիվիստներին՝ նշելով, թե թվում է՝ իրենց գործունեության ոլորտը Ֆեյսբուքն է, եւ պետք է գործեն այնպես, ինչպես նախկինում՝ Ֆեյսբուքի էջում սուր ստատուսներ գրեն եւ գնան ստուգելու որեւէ կազմակերպություն՝ «առանց մտածելու, որ այդ ստատուսը կարող է այդ ստուգումների արդյունքների դատական բողոքարկման շատ կոնկրետ հիմք դառնալ։ Ասեն՝ փաստորեն, դուք մինչեւ ստուգելն արդեն որոշել եք»։ Պարզ էր, որ խոսքի հասցեատերը Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն է՝ նախկին ակտիվիստը, ով ի պաշտոնե ստուգող մարմնի ղեկավարն է եւ հաճախ է Ֆեյսբուքում ստատուսներ գրում, որոնք պարտադիր եզրափակում է սիրառատ հեշթեքով․ «Սիրում եմ բոլորիդ»։ Թերեւս Երեւանի պետական համալսարանի մասին էր նաեւ խոսքը, երբ ստուգումները չավարտած՝ Սանասարյանը հայտարարեց, որ 800 միլիոն դրամի չարաշահում են հայտնաբերել։

Երեկ Դավիթ Սանասարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ վարչապետի այդ ակնարկը բոլորովին էլ իրեն չէր ուղղված եւ ում որ ուղղված էր, այդ պաշտոնյան արդեն հասկացել է դա։ «Իմ մասին չէր խոսքը։ Ասեմ հետեւյալը․ կոնկրետ էս պարագայում վարչապետի գործելաոճն իմանալով՝ կարող ենք ասել, որ վարչապետը մինչեւ դրա մասին հայտարարելը տվյալ պաշտոնյային հրավիրել է, ասել է, որ էսպես չի, աշխատաոճը էդպիսին չպիտի լինի եւ այլն, եւ այլն։ Վարչապետի հետ հանդիպումների մեր օրակարգում որեւիցե մի օր նման հարց չի եղել»։

- Այսինքն՝ Ձեզ հետ չի՞ եղել նման քննարկում։

- Չէ, տեսեք, վարչապետի ասածը մեզ չի կարող վերաբերել էն առումով, որ մենք ստուգումներ անելուց առաջ չենք հրապարակում էդ մասին։

- Իսկ Դուք գիտե՞ք, թե ում մասին է խոսքը։

- Չէ, ես վստահ եմ, որ հենց էդ պաշտոնյան տեղյակ է, որ վարչապետը կոնկրետ իրեն է նկատի ունեցել։ Վարչապետի ասածը հետեւյալն է, որ ստուգումից առաջ հրապարակում են Ֆեյսբուքում։ Մենք ստուգման վերջում ենք ասում։

- Դուք միշտ Ձեր գրառումների վերջում գրում եք՝ սիրում եմ բոլորիդ։ Դուք նրա՞նց էլ եք սիրում, որոնց հիմնարկներում ստուգումներ եք իրականացնում։

- Մարդուն եմ սիրում ես, առհասարակ։ Խոսքը պաշտոնյաներին սիրելու մասին չի, խոսքը մարդու մասին է։

- Պաշտոնյաներն էլ են մարդ։

- Այո։

- Օրինակ՝ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին սիրո՞ւմ եք։

- Կա Արամ Սիմոնյան պաշտոնյա եւ կա մարդ Արամ Սիմոնյան։

- Մարդ Արամ Սիմոնյանին սիրո՞ւմ եք։

- Ես ասացի, որ սիրում եմ բոլոր մարդկանց, առհասարակ՝ աշխարհի բոլոր մարդկանց սիրում եմ։

- Բայց Ձեր այդ սերը շատ դաժան ձեւով է դրսեւորվում, մարդկանց ստուգում եք, արդյունքում նրանց դեմ քրեական գործեր են հարուցվում։

- Սերը փափկություն չի նշանակում։

- Սերը կո՞շտ բան է, կոշտ դրսեւորումնե՞ր է ենթադրում։

- Ուրիշ խոսակցություն է արդեն էստեղ։ Ես կոնկրետ որ ասում եմ՝ սիրում եմ բոլորիդ, սիրում եմ ողջ մարդկությանն առհասարակ։ Դա նկատի ունեմ։

- Հիմա Արամ Սիմոնյանն ու այն մյուս պաշտոնյաները, որոնց հիմնարկներում ստուգումներ եք անում, եւ քրեական գործեր են հարուցվում, նրանք ինչպե՞ս են զգում Ձեր սերն իրենց հանդեպ։

- Էսպես ասեմ, հա՞, ես որեւիցե մեկին չեմ ատում, առհասարակ։

- Բայց կարող եք Դուք Ձեր սիրով մարդկանց մեջ Ձեր հանդեպ ատելություն սերմանել։

- Ոչ, ես սիրում եմ, որ իրենք էլ սիրեն։

- Գնան բանտում նստեն ու Ձեզ սիրե՞ն։

- Այո, բանտում․․․  (այստեղ չկարողացավ զսպել ծիծաղը)։

- Ուզում եմ հասկանալ՝ ի վերջո այս սիրո դիլեման ինչպե՞ս է լուծվում Ձեզ մոտ։

- Ես սիրում եմ, առհասարակ, մարդկությանը, էդտեղ դիլեմա գոյություն չունի, ես չեմ ատում որեւիցե մեկին ու ես սեր եմ քարոզում, իմ ամենօրյա գործունեությամբ ես սեր եմ քարոզում։

- Ստուգումներո՞վ։

- Ստուգումներով սեր է դա, որ պետք է սիրել պետությանը։ Դա է։