«Իմ քայլը» դաշինքի պատգամավորը վերացնում է փաստաբանի դեմ կիրառվող տուգանքը

«Իմ քայլը» դաշինքի պատգամավորը վերացնում է փաստաբանի դեմ կիրառվող տուգանքը

 2019 թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտել փաստաբանների նկատմամբ 100 հազար դրամի  տուգանք կիրառելու նորմը, որն առկա է 2018 -ի փետրվարի 9-ին նախորդ Ազգային ժողովը ընդունած  ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում։ 

«Իմ քայլը» դաշինքի պատգամավոր, նախկին փաստաբան  Արթուր Դավթյանը շրջանառության մեջ է դրել այս դրույթը վերացնելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություն։ 

Հիշեցնենք, որ նախորդ իշխանությունները փաստաբաններին զսպելու՝ նրանց գրպանին խփելու քայլին գնացին, «Սասնա ծռերի« դատավարության ժամանակ, երբ ծռերի փաստաբանները գործադուլներ, երբեմն՝ նաև դեբոշներ էին անում դատավարություններին։ Մինչ նորմը այս տարվա փետրվարի  կմտներ ուժի մեջ գործադուլները շարունակվում էին։

Hraparak.am-ի հետ զրույցում Արթուր Դավթյանն ասաց, որ փաստաբանին տուգանելու դրույթը վերացնելու համար առաջարկել է  փոփոխություններ ու լրացումներ կատարել  ՀՀ Վարչական, Քրեական դատավարության և Քաղաքացիական դատավարության օրենսգրքերում։

  «Ներկայացված հիմնավորումները մի քանիսն են․առաջինը՝ բացակայում է փաստաբանի նկատմամբ դատական տուգանքի սահմանման՝ նախ՝ անհրաժեշտությունը, հետո դրանով կվտանգենք փաստաբանի անկախությունը, բազում այլ հանգամանքները»,-մեզ հետ զրույցում ասաց Արթուր Դավթյանը։ Հիշեցնենք, որ հիմնական փաստարկն այն է, որ , դատական տուգանքը կարող է վտանգել փաստաբանի անկախություն, ինչի մասին փաստաբանները օրենքի ընդումից առաջ և հետո մշտապես խոսել են։ 

Ըստ Արթուր Դավթյանի՝ նման սանկցիա կիրառելու մասին օրենքներ ընդունելուց առաջ  առնվազն  պետք է  ուսումնասիրվեր Փաստաբանների պալատի խորհրդի կողմից քննված կարգապահական գործերի վիճակագրությունը եւ կայացված որոշումների որակը, ինչպես նաեւ դատական համակարգի վերլուծությունն այն մասին, թե գործող իրավակարգավորումը բավարար չէ՞, արդյոք հավասարակշռված դատավարություն իրականացնելու համար: Նման իրավակարգավորման ընդունման չհիմնավորածության մասին  վկայում է վիճակագրությունը։

Այսպես․ 2016թ. ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններում քննված 125.500 քաղաքացիական գործերով, դատարանները փաստաբանների պալատ դիմելու դատական սանկցիա են կիրառել միայն 4 փաստաբանի նկատմամբ, իսկ 2017թ. ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննված 137.399 քաղաքացիական գործերով, դատարանները փաստաբանների պալատ դիմելու դատական սանկցիա են կիրառել միայն 2 փաստաբանի նկատմամբ:

Օրենքի հեղինակն ասում է, որ նախորդ իշխանությունների կողմից ընդունված նորմը հակասում է  Սահմանադրության 64-րդ հոդվածին, ըստ որի՝  իրավաբանական օգնություն ապահովելու նպատակով երաշխավորվում է անկախության, ինքնակառավարման եւ փաստաբանների իրավահավասարության վրա հիմնված փաստաբանության գործունեությունը,   ԵԽ Նախարարների կոմիտեի՝ «Փաստաբանի մասնագիտական գործունեության ազատության մասին» հանձնարականին,  որ   փաստաբանները չպետք է տուժեն հետեւանքներից կամ ենթարկվեն ցանկացած պատժամիջոցների կամ ճնշումների վտանգի, երբ գործում են իրենց մասնագիտական չափանիշներին համապատասխան: Ինչպես նաև՝   ՄԱԿ-ի կոնգրեսի կողմից ընդունված «Փաստաբանների դերին վերաբերող հիմնարար սկզբունքներ»-ին։