Որ երկրներն է ԱՄՆ-ն համարում իրեն ոչ-բարյացակամ

Որ երկրներն է ԱՄՆ-ն համարում իրեն ոչ-բարյացակամ

ԱՄՆ Պետդեպարտամենտի քաղաքական պլանավորման բաժնի ղեկավար Կիրոն Սթիները հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հստակեցրել է, թե որ երկրներն է համարում իրեն ոչ-բարյացակամ։ Այլ կերպ ասած, հստակեցվել են այն երկրները, որոնք կարող են վնասել Միացյալ Նահանգներին։ Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնում ունեցած ելույթում Սքիները կոչ է արել ուշադրությամբ խորհել, թե ինչպիսի աշխարհաքաղաքական փոփոխությունների է ենթարկվել աշխարհը անցյալ դարի վերջին։ Նա մանրամասնել է, որ մինչ այդ Ամերիկան միայն երկու երկրի դեպքում ուներ մտավախություն, որ կարող են իրեն վնասել, իսկ հիմա այդ շրջանակն անհամեմատ ընդարձակվել է։ «Չինաստանն անշուշտ ուներ միջուկային զենք, սակայն մրցակից չէր, քանի որ փորձում էր հաղթահարել Սառը պատերազմը, դրանից հեռու մնալով։ Մենք այն ժամանակ միայն ԽՍՀՄ հետ մրցակցությամբ էինք զբաղված»,- ասել է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը։ Նա մանրամասնել է, որ խոսքը ոչ միայն միջուկային հարված հասցնելուն է վերաբերում, այլ նաեւ կիբերպատերազմի միջոցով հասցնելիք վնասների հավանականությանը, տնտեսական պատերազմի կամ ինֆորմացիոն առճակատմամբ հասցվելիք հնարավոր վնասներին։ Այս ամենով հանդերձ, հիմնական մրցակիցները մնում են Չինաստանն ու Ռուսաստանը։