Երկրի ապագայով թող մտահոգվեն ընդդիմադիրները

Երկրի ապագայով թող մտահոգվեն ընդդիմադիրները

Հայաստանում շատ գրագետ մարդիկ կան, սակայն ոչ մեկս չենք հասկանում, թե ինչի արդյունքում պարտվեցինք պատերազմում: Ո՞րն էր պատճառը՝ պետական դավաճանությո՞ւնը, թե՞ կառավարողների բացարձակ ապաշնորհությունը: Զարմանալին այն է, որ հավասարապես հնարավոր է հիմնավորել թե՛ առաջին եւ թե՛ երկրորդ տարբերակները: Հնարավոր է նույնիսկ երկուսն էլ միաժամանակ ընդունել ի գիտություն: Իշխանափոխությունից հետո, բնականաբար, այդ թնջուկը կլուծվի եւ կլուծվի շատ կարճ ժամանակահատվածում: Սակայն իշխանափոխությունն ուշանում է, իսկ այդ հարցը հանգիստ չի տալիս մեզ: Ի դեպ, եթե հնարավոր լիներ այն պարզել նախքան իշխանափոխությունը, ապա այն կնպաստեր այդ գործընթացի արագացմանը: Որովհետեւ մարդը կիմանար, թե, ի վերջո, ինչպիսի անձնավորություն է կանգնած իր դեմ, եւ նրա դեմ պայքարը կտաներ ավելի թիրախային տարբերակով:

Բայց քանի որ իշխանափոխությունն ուշանում է, իսկ այդ հարցն էլ լուծում չի գտնում, մենք գտնվում ենք կարծես երկու մասի բաժանվող ճանապարհի սկզբում: Կանգնել ենք շվարած, քանի որ չգիտենք, թե որ մեկը որ հանգրվանի է հասցնելու ճամփորդին: Շվարածությունն էլ արգելակում է գործողությունների զարգացումը, քանի որ ի սկզբանե բացառվել էր «խաղաղ, բաց ձեռքերով» բռնությունը, այն, ինչ կատարվեց 2018 թվականի գարնանը: Որ դա բռնություն էր, կասկածի ենթակա չէ. հենց այնպես չէր, որ հանրապետական մեծամասնություն ունեցող խորհրդարանը վարչապետ կարգեց ոչ թե տնտեսության իրական առաջընթաց ապահովող հանրապետական Կարեն Կարապետյանին, այլ փողոց փակող զանգվածի առաջնորդ Փաշինյան Նիկոլին: 

Եթե մենք ցանկանում ենք կառուցել հզոր եւ բարեկեցիկ Հայաստան, ստիպված ենք փոխել իշխանությունը եւ վերափոխվել ինքներս (կամ հակառակ հերթականությամբ), որպեսզի դնենք մեր ձգտումների երկրի ամուր հիմքերը: Իսկ անելիք շատ կա, չափազանց շատ: Որպեսզի պարզ լինի, թե ինչ ծավալի է այդ «շատը», մեջբերեմ պետական լրատվական գործակալության տարեսկզբի հոդվածներից մեկից մի հատված. «Այո, մեզանում այս պահին չափազանց լուրջ ու զգայուն խնդիրներ կան՝ մարդկայինից մինչեւ պետական, անձնականից մինչեւ ազգային, պատերազմի մեծաթիվ զոհերի հիշատակները վառ պահելուց մինչեւ անհայտ կորածների ճակատագրի հստակեցում, վիրավորների ապաքինումից ու ինտեգրումից մինչեւ գերիների վերադարձ, սահմանային բարդագույն խնդիրներից մինչեւ տարածքային հարցեր, տնտեսությունից մինչեւ քաղաքական դաշտ, սոցիալականից մինչեւ հոգեբանական խնդիրներ, դատական համակարգից մինչեւ ընդհանրապես պետական կառավարում եւ այլն, եւ այլն: Եվ այս ամենը՝ Արցախի հետագա ճակատագրի հստակեցման ֆոնին» (հեղինակ՝ Մարիամ Ավագյան): 

Այս մեջբերումը վկայում է, որ եթե Հայաստանի Հանրապետության ղեկավարը լիներ ոչ թե պարտության խորհրդանիշ եւ կախարդական չեղած փայտիկի տեր Փաշինյան Նիկոլը, այլ աշխարհի լավագույն պետական գործիչներից մեկը, որն իր երկիրը զրոյից բարձրացրել է մեզ համար այս պահին անհասանելի բարձունքի, ապա նույնիսկ նա կկասկածեր, թե կարո՞ղ է, արդյոք, կրել նման ծանր բեռ: Ի տարբերություն մեր հասարակության գրագետ հատվածի եւ վերը նշված գործչի՝ հանրապետության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլը նման մտատանջությունների մեջ չի ընկնում: Ինքը սովոր է առանց երկար-բարակ մտածելու կատարել իր քայլը:

Եվ եթե այն կրկին իրեն տանի դեպի անհաջողություն, մեղքը կբարդի այլոց վրա՝ ինքն իրեն արդարացնելով «սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ» կեղծ եւ երկրի համար վտանգավոր թեզով: Եթե դա էլ չօգնի, հերթական անգամ կդիմի «սիրելի ժողովրդին»՝ խոնարհվելով (ֆիզիկապես եւ մտովի) նրա առջեւ: Եվ կստանա հերթական մանդատը՝ երեւի արհեստական ալմաստից պատրաստված: Իսկ որ երկիրը կշարունակի իր ընթացքը դեպի կործանում՝ դրա մասին թող մտահոգվեն ընդդիմադիրները՝ նրանք սովոր են մտահոգվելու երկրի ապագայով: