Թրամփն Ասանժին, Սնոուդենին, Ուլբրիխտին ներում չի շնորհել

Թրամփն Ասանժին, Սնոուդենին, Ուլբրիխտին ներում չի շնորհել

ԱՄՆ հեռացած նախագահ Դոնալդ Թրամփը ներում չի շնորհել «Վիքիլիքս» (Wikileaks) կայքի հիմնադիր, մեդիափորձագետ, լրագրող Ջուլիան Ասանժին, ԱՄՆ Ազգային անվտանգության վարչության (NSA)  և Կենտրոնական հետախուզական վարչության (CIA) նախկին պայմանագրային, համակարգչային անվտանգության խորհրդատու, տեխնիկական մասնագետ Էդվարդ Սնոուդենին, ֆիզիկոս, ինժիներ «Մետաքսի ճանապարհ» ("Silk Road") անանուն առևտրային հարթակի սեփականատեր Ռոս Ուլբրիխտին։ 

Ներման արժանացածների ցուցակը հրապարակված է Սպիտակի տան պաշտոնական կայքում։ Ասանժի, Սնոուդենի, Ուլբրիխտի անունները բացակայում են։

Սնոուդենը միջազգային խոշոր սկանդալի պատճառ էր դարձել 2013 թվականի հունիսին՝ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետախուզական ծառայությունների՝ ինտերնետային հսկողության ծրագրերի վերաբերյալ մի շարք գաղտնի նյութեր փոխանցելով ամերիկյան «Վաշինգթոն Փոսթ» և բրիտանական «Գարդյան» թերթերին։ Այժմ նա Ռուսաստանի Դաշնությունում է բնակվում, որտեղ նրան քաղաքական ապաստան է տրամադրվել։

Ասանժը հայտնի դարձավ իր հիմնադրած «Վիքիլիքս» կայքում ԱՄՆ դիվանագիտական փաստաթղթեր հրապարակելու, ԱՄՆ ռազմական հանցագործությունների, մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ հրապարակումներ կատարելու համար։ Այժմ նա կալանքի տակ է Լոնդոնի բանտում։ ԱՄՆ իշխանությունները լրագրողին մեղադրում են լրտեսության մեջ ու Մեծ Բրիտանիային են դիմել լրագրողին արտահանձնելու համար։ «Վիքիլիքսի» հիմնադրին քաղաքական ապաստան տրամադրելու պատրաստակամություն էր հայտնել Մեքսիկայի Միացյալ Նահանգների նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հունվարի 4-ի մամուլի ասուլիսի ժամանակ։ Ֆրանսիացի պատգամավոր Սերեն Մոբորնը դիմել է Ֆրանսիայի Արդարադատության նախարար Էրիկ Դյուպոն-Մորետիին, թե ինչ է մտածում նրան քաղաքական ապաստան տրամադրելու հեռանկարի մասին: Ֆրանսիայի Արդադարադատության  նախարարը ժամանակին եղել է Ասանժի փաստաբանը։

Ռոս Ուլբրիխտը Մետաքսի ճանապարհ ("Silk Road") անանուն առևտրային հարթակի սեփականատերն է: 2013 թվականի հոկտեմբերի 2-ին նա ձերբակալվել է Սան Ֆրանցիսկոյում՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության, հաքերային հարձակումների և փողեր լվանալ կազմակերպելու մեղադրանքով։ 2015-ի մայիսի 29-ից ցմահ ազատազրկում է կրում Արիզոնայի բարձր անվտանգության կարգով բանտում։
 
Ընդհանուր առմամբ, Թրամփը ներում է շնորհել 73 հոգու և եւս 70 հոգու համար պատիժը մեղմացրել։